Բագրատ Սրբազանի ուղերձը՝ հայ ժողովրդին. «Խայտառակութեան եւ ամօթի այս օրը պիտի վերափոխենք»
Նոյեմբերի 9-ի դաւաճանական ստորագրութիւնը նւաստացում դրեց բոլորիս կեանքի վրայ
«ԱԼԻՔ» – Համազգային պարտութեան եւ նւաստացման օրւայ՝ նոյեմբերի 9-ի առիթով, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը «Եռաբլուր» զինւորական պանթէոնից ուղերձ է յղել հայ ժողովրդին:
Բագրատ Սրբազանը նշել է՝ 2020 թւականի նոյեմբերի 9-ը ամօթի եւ խայտառակութեան օր է, երբ խաբւեց ամբողջ ազգը։
«Եւս մէկ անգամ ապրում ենք այն ստորացման ու նւաստացման զգացումը, որը 2020 թ․ նոյեմբերի 9 լոյս 10-ի գիշերը դաւաճանական եւ թշնամական ստորագրութեամբ դրւեց մեր բոլորի կեանքի վրայ։ Մեր ժողովուրդը խաբւեց, գիշերւայ քողի տակ դրւեց այդ չարաբաստիկ կապիտուլեացիոն ստորագրութիւնը՝ յանձնման, ստորացման ու նւաստացման ստորագրութիւնը, որով հպարտանում են այսօրւայ դեռեւս իշխանաւորները, որոնց պատճառով այսօր մենք չունենք Արցախ, հազարաւոր զոհեր ունենք, անյայտութեան մէջ գտնւող եղբայրներ ունենք, ռազմագերիներ ունենք՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, մեր գերեվարւած տղաները, միեւնոյն ժամանակ՝ վտանգւած ու գրաււած տարածքներ ունենք Հայաստանի Հանրապետութիւնից, ունենք գողացւած ուրախութիւն, գողացւած պատիւ»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Նա միեւնոյն ժամանակ պատգամել է, որ ամօթի եւ խայտառակութեան այս օրը պիտի վերափոխենք. «Եռաբլուրի այս բարձունքը մեզ եւս մէկ անգամ կոչում է, որ ամօթի եւ խայտառակութեան այս օրը մենք կարող ենք սրբել մեր ուխտի եւ վրէժի զգացումով. ուխտ, որը կնքւած է երկնքի հետ եւ վրէժի, որ այդ ուխտը կարողանանք իրականացնել»։
Բագրատ Սրբազանը շեշտել է. «Եռաբլուրում տղաների շիրիմների առջեւ գլխիկոր ենք կանգնած, բայց կոչւած ենք նրանց վերադարձնել իրենց յաղթանակն ու հայրենիքը»։