Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների դաւադրութեանը երկու հիմնական վարկածները
Դոկտ. Ահմադէ Քազեմիի յօդւածը Կովկասում սպասւող զարգացումների մասին
«ԱԼԻՔ» – Դոկտ. Ահմադ Քազեմին վերջերս իր յօդւածներից մէկում անդրադարձել էր կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած քննարկումների սրմանը, ինչպէս նաեւ այդ կապակցութեամբ Մոսկւային ու Բաքւին ուղղւած Իրանի նախազգուշացմանը։
Աւագ փորձագէտը, ով միջազգային իրաւունքի ասպարէզում բազմաթիւ յօդւածների հեղինակ է եւ առաջիններից է, ով արցախահայութեան տեղահանութիւնն ու նրանց դէմ բռնութիւնները փաստացի Ցեղասպանութիւն է որակել, նշել է, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւններին միտւած դաւադրութիւնն ունի երկու՝ ազդող ակտիւութեամբ եւ հակաքայլ տարբերակ:
Ստորեւ յօդւածը՝ նոյնութեամբ.
«Առաջին տարբերակը ՆԱՏՕ-ի օրակարգում է, կենտրոնացած Լոնդոնի առանցքի շուրջ, նպատակ ունենալով ստեղծել այսպէս կոչւած «թուրքական աշխարհ» կամ ՆԱՏՕ-ի թուրքական թեւ՝ «ՆԱՏՕ-ի Թուրանի միջանցք»-ով կամ նոյն՝ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ով զսպել Իրան-Ռուսաստան-Չինաստան գործօնը: Սա հիմնական՝ անցում դէպի նոր աշխարհակարգ ծրագրի փուլերից է, եւ հիմնականում 2020 թւականին Ղարաբաղեան երկրորդ պատերազմի նախագիծը եւս ծրագրւել եւ իրականացւել է նոյն նպատակով։ Տարբերակ, որը երեք տասնամեակ առաջ առաջարկել էր ԿՀՎ-ի աշխատակից Գոբէլը, որին հետեւել էին Բիւլենտ Էջեւիթն ու Սուլէյման Դեմիրէլը, «թուրքական աշխարհ»-ի ձեւաւորման նպատակին ուղղւած Աթաթուրքի ընդգծումների հիման վրայ:
Աշխարհաքաղաքական փոփոխութիւնների երկրորդ տարբերակը ռուսների ռէակտիւ (հակաքայլ) տարբերակն է։ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից ցայսօր, երբ ռուսներն իմացան անգլօ-սաքսոնական ճակատի ծրագրերի մասին՝ Ալիեւի մասոնական ընտանիքի հետ ՆԱՏՕ-ի «Թուրանի միջանցքի» ստեղծման հեռանկարով, նրանք փորձեցին «միջանցք» բառը ներառել 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կէտում, ընդգծելով Ռուսաստանի վերահսկողութիւնն այդ ենթադրեալ միջանցքի նկատմամբ, որը ենթադրում էր՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող բացառիկ ռուսական միջանցք։
Իրանում հէնց սկզբից տեղեկութիւններ կային ռուսական այդ «ցանկութեան» մասին, ինչի վերաբերեալ ժամանակին ռուսներին զգուշացրել էր Իրանը: Սակայն ռուսները, յատկապէս ուկրաինական պատերազմից եւ Մոսկւայի դէմ աշխարհաքաղաքական շրջափակումների օղակը սեղմւելուց յետոյ, որն, ինչ որ տեղ ծագել է հէնց Կովկասում Ռուսաստանի սխալների պատճառով, կարծում են, որ վերահսկել կը կարողանան կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի իրենց տարբերակը, չէզոքացնելով ՆԱՏՕ-ի «թուրանականը»:
Միջանցքը, որով ճնշում են գործադրելու Թուրքիայի, ՆԱՏՕ-ի, եւ նոյնիսկ Չինաստանի ու Իրանի վրայ, միեւնոյն ժամանակ վերջ դնելով Ռուսաստանին Կովկասից վտարելու գործընթացին, որն ակտիւացել է վերջին տարիներին Բաքւի ու Անկարայի համաձայնեցմամբ։
Ռուսների սխալն այն է, որ առաջին հերթին կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծմամբ, անգլիական պանթուրանիզմի վրայ հիմնւած՝ հայկական տարածքների խախտմամբ, այսպէս կոչւած, «թուրքական աշխարհ»-ի ձեւաւորմամբ, նրանք ապագայում չեն կարող վերահսկել այդ երթուղին հարկ եղած կերպով: Նոյնիսկ այս պահին ռուսներին չի յաջողւում վերահսկել երկաթուղային երթուղին, որը Լիտւայով Ռուսաստանին կապում է ծայրամասային Կալինինգրադ նահանգին, եւ յուսահատ այլընտրանքային ճանապարհ են փնտրում շարունակ: Ուստի այս սխալ հաշւարկներով ռուսներն իրականում օգնում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի ձեւաւորմանը։
Կարեւոր է նշելը, որ ռուսների շեշտադրումն այս միջանցքի գործարկման վրայ նոյնիսկ այն բանից յետոյ, երբ Բաքւի եւ Երեւանի համաձայնութտեամբ հարցը խաղաղ պայմանագրի նախագծից հանւել է, կամ այն, որ Իրանը սկսել է «Արաքսի տարանցիկ միջանցք»-ի իրականացման գործընթացը, վկայում է այն մասին, որ Ռուսաստանի մօտեցումները Կովկասի խնդիրների վերաբերեալ շարունակում է առաջնորդւել հնացած մոդելի՝ «3+1»-ի տրամաբանութեամբ, եւ բնական է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ այս հարցում։ Ի տարբերութիւն «Արաքսի միջանցք»-ի՝ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ը զուտ տարանցիկ միջանցք չէ: Աւելի յստակ, այն էթնիկ դաւադրութիւններով միջանցք է՝ զարգացման, անվտանգային, պատմական, թուրանիստական եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների նպատակներով, որն ունի հակաիրանական գործառոյթներ։
Ուստի Թեհրանի վճռականութիւնն ու կարմիր գծերն այս առումով պարզ են բոլորին։ Բնական է, որ բազմաթիւ պատճառներով այս միջանցքը չի իրականացւի: Իսկ Մոսկւայի պնդումները կարող է ռուսների համար նոյն վիճակն ստեղծել Իրանի հասարակական կարծիքի մօտ, ինչ ստեղծւել է Հայաստանի հասարակական կարծիքում՝ ռուսների նկատմամբ։
Բացի այդ, Բաքւի իշխանութեան որոշ շերտեր կարծում են, որ Ալիեւների ընտանիքը չպէտք է իր ճակատագիրը կապի «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»-ի կամ կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ, ինքնիշխանութիւնը նւիրաբերելով սիոնիստական ռեժիմին: Սա հէնց այն կէտն է, որի մասին այս օրերին պէտք է աւելի շատ մտածի Բաքուն:
Եւ վերջապէս, այն կէտը, որին յատկապէս պէտք է ուշադրութիւն դարձնեն Իրանի լրատւամիջոցները, «Զանգեզուր» անւանումն է, որը Հայաստանի Սիւնիք նահանգի փոխարէն է շրջանառում Ադրբեջանի Հանրապետութիւնը տարածքային պահանջի նկրտումներով: Ուստի «Դալանէ Զանգեզուր» բառակապակցութեան օգտագործումը սխալ է ինչպէս իրաւական, պատմական, քաղաքական, այնպէս էլ ազգային անվտանգութեան տեսանկիւնից, յատկապէս, դիւանագէտների շրջանակում»։