Արդարութեան համար պայքարները երբեք չեն դադարելու

Հոկտեմբերի 12-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հիւրն էր մամուլի գործիչ, հրապարակախօս Վաչէ Բրուտեանը: Նա անդրադարձել է տասնամեակներ ձգւող արաբա-իսրայէլական հակամարտութեան պատմութեանն ու առանձնայատկութիւններին, ինչպէս նաեւ վերջին օրերին բռնկած պաղեստինա-իսրայէլական զինւած բախումներին: Այս հակամարտութիւնը երբեք չի լուծւի, քանի դեռ չլուծւած կը մնան իրենց անկախութեան ու ազատութեան համար պայքարող պաղեստինցիների արդարացի պահանջները՝ նշել է Վաչէ Բրուտեանը: Նրա կարծիքով՝ բոլոր ազգերի միջազգային իրաւունքները պաշտպանող առանձին գերտէրութիւններ տասնամեակներ շարունակ երկակի ստանդարտներ են կիրառել այս խնդրի կարգաւորման գործընթացում: Նոյնը կատարւում է նաեւ այս օրերին՝ ասել է Վաչէ Բրուտեանը: Նա զուգահեռներ է անցկացրել նաեւ Արցախի եւ Պաղեստինի նկատմամբ համապատասխանաբար՝ Ադրբեջանի եւ Իսրայէլի վարած քաղաքականութիւնների միջեւ՝ նշելով, որ Արցախի հարցում նոյնպէս մենք ականատես եղանք միջազգային հանրութեան երկակի մօտեցումներին:
Մամուլի գործիչն անդրադարձել է նաեւ խնդրի արծարծման գործում հայկական լրատւութեան միջոցների դերակատարութեանը: Նրա կարծիքով՝ հայկական լրատւամիջոցները յաճախ կրկնում եւ այդկերպ տիրաժաւորում են ժողովուրդների ազատ կամքի վրայ բռնացող տէրութիւնների քարոզչութիւնն ու բառապաշարը, իրականութիւնը ներկայացնում բուն կոնտեքստից կտրւած, մինչդեռ նման դէպքերում պէտք է հանդէս բերել Հայաստանի շահերից բխող մօտեցումներ: