«ԱԼԻՔ» – Իսլամական յեղափոխութեան Գերագոյն առաջնորդը երէկ՝ դեկտեմբերի 22-ին, երկրի կրօնական-քարոզչական խմբերի ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Իսլամական Հանրապետութեանը պրոքսի ուժեր պէտք չեն տարածաշրջանում որեւէ գործողութեան համար: Եմէնի, «Հեզբօլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի եւ առհասարակ «Ջիհադ»-ի պայքարը հիմնւած է հաւատքի ու հաւատամքի վրայ»:
Այաթ. Խամենէին նաեւ նշել է, որ Սիոնիստական ռեժիմի նպատակներից ոչ մէկը՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին եւ «Հեզբօլլահ»-ին, չի իրականացւել, եւ յայտարարել, որ խանգարող մի խումբ կար, որն օտար կառավարութիւնների օգնութեամբ ու ծրագրով օգտւեց Սիրիայի ներքին թոյլ կողմերից եւ այս երկիրը ներքաշեց քաոսի մէջ:
Յիշեցնելով որոշ ժամանակ առաջ իր խօսքերը կապւած տարածաշրջանի երկրների համար ԱՄՆ-ի երկերեսանի կեցւածքին, այն է՝ աւտորիտար անհատականկառավարութեան հետ լեզու գտնել, որը պատրաստ կը լինի փոխզիջման գնալ գերիշխանութեան հետ, հակառակ դէպքում այդ երկրում իրարանցում եւ քաոս ստեղծել, Գերագոյն առաջնորդը յաւելեց. «Սիրիայում նրանց ծրագիրը հանգեցրեց խառնաշփոթի ու քաոսի, իսկ այժմ ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմը եւ նրանց ուղեկիցները, յաղթանակի զգացումով, չար ուղեկիցների նման անհեթեթութիւն են խօսում ու տարածում»:
Այաթ. Խամենէին անդրադարձել է նաեւ ոմն ամերիկացի պաշտօնեայի խօսքերին, ով նշել էր, որ ԱՄՆ-ն աջակցելու է Իրանում իրարանցում ու խառնակութիւն ստեղծելու նպատակով ցանկացած անհատի կամ խմբի ծրագրին, եւ այն պրոպագանդայի օրինակ համարելով նշել է, որ Իրանը կանգ չի առնի ցանկացած վարձկան դարձողի ու երկիրը վաճառողի դիմաց ու յստակ քայլերով ոտքի տակ է գցելու դաւաճաններին:
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ մէկ այլ տեսակէտ արտայայտելով՝ Գերագոյն առաջնորդն անդրադաձել է յաղթանակի մասին բարձրաձայնող սիոնիստների պրոպագանդային, եւ նշել. «Թշւառներ, այդ ո՞ր յաղթանակի մասին էք խօսում: Յաղթանակ է, որ ռումբերով սպանեցիք 40000 կին ու երեխայի, բայց չկարողացաք հասնել ձեր հռչակած նպատակներին: Ոչնչացրե՞լ էք «ՀԱՄԱՍ»-ը եւ ազատե՞լ ձեր պատանդներին Գազայում: Կարողացա՞ք ոչնչացնել Լիբանանի «Հեզբօլլահ»-ը, չնայած Սէյէդ Հասան Նասրօլլահի նման մեծ անձնաւորութեան նահատակութեանը»:
Յեղափոխութեան առաջնորդը «Դիմադրութեան առանցքը», այդ թւում՝ «Հեզբօլլահ»-ը, ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական Ջիհադ»-ը կենդանի եւ ծաղկող օրգան անւանելով նշել է, որ Սիրիայում առանց դիմադրութեան հանդիպելու սիոնիստների առաջխաղացումն ու այդ երկրի տարածքների զաւթումը դառնալու է սիոնիստների առաջ ծառացող բարդ խնդիրներից մէկը, եւ նշել. «Սա ոչմիայն յաղթանակ չէ, այլեւ կը տեսնէք, որ սիրիացի նախանձախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ ինչպէս են դուրս քշում այնտեղից»:
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ Այաթ. Խամենէիի յաջորդ անդրադարձը վերաբերում էր Իրանի դէմ հոգեբանական եւ քարոզչական պատերազմին` իբր Իրանը կորցրել է տարածաշրջանում իր պրոքսին (վստահւած ուժերը):
Ընդգծելով, որ Իսլամական Հանրապետութիւնը չունի այդօրինակ ուժեր, նա յաւելել է. «Եմէնը, «Հեզբօլլահ»-ը, ՀԱՄԱՍ-ը եւ «Իսլամական Ջիհադ»-ը կռւում են, որովհետեւ հաւատ ունեն, եւ հաւատքի ուժն ու կամքն է նրանց բերել «դիմադրութեան» դաշտ, ոչ թէ վստահւած անձ կամ ուժ լինելու կարգավիճակը:
Ընդգծելով, որ Իսլամական Հանրապետութիւնը խնդիր լուծելու համար «վստահւած ուժեր»-ի կարիքը չունի, յաւելել է. «Եմէնի, Պաղեստինի, Լիբանանի եւ տայ Աստւած, շուտով Սիրիայի արժանապատիւ ժողովուրդները պայքարում են յանցագործ Սիոնիստական ռեժիմի դէմ: Իսլամական Հանրապետութիւնը նոյնպէս կռւում է, եւ տայ Աստւած, որ այս ռեժիմին հեռացնենք տարածաշրջանից»։
Նա այս խօսքերն անւանեց ոչ թէ քաղաքական յայտարարութիւն, այլ յստակ փաստերով հիմնաւորում ունեցող իրավիճակ:
Գերագոյն առաջնորդն անդրադառնալով 60-ականներին Լիբանանում տեղի ունեցած քաոսից ու քաղաքացիական պատերազմներից «Հեզբօլլահ»-ի ուժեղ, պողպատի ամրութեամբ եւ պատւաբեր խմբի վերելքին, յաւելեց. «Լիբանանը «Հեզբօլլահ»-ով ստացաւ կայունութեան նոր հնարաւորութիւն: Իսկ Սէյէդ Աբբաս Մուսաւիի նման մեծերի նահատակութիւնը ոչ միայն չթուլացրեց այն, այլեւ աւելի պայքարունակ դարձաւ, եւ «Դիմադրութեան» այսօրն ու վաղը նոյնպէս լինելու է հզօր»:
Այաթ. Խամենէին սպառնալիքներից հնարաւորութիւնների ստեղծումը համարելով զգօնութեան եւ պատասխանատւութեան զգացում, ընդգծել է. «Տարածաշրջանի վաղւայ օրն աւելի լաւն է լինելու, քան այսօր: Սիրիայի համար նոյնպէս: Քանի որ այսօր սիրիացի երիտասարդները կորցնելու ոչինչ չունեն, իսկ նրանց դպրոցը, համալսարանը, տունն ու փողոցը անապահով են, ուստի կամքի ուժով կանգնելու են այդ անապահով վիճակը բերողների դէմ եւ յաղթանակած դուրս կը գան»։