Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բաբգէն Չոբանեանը եւս հեռացւեց Հանրայինի եթերից

«Եթէ պատճառը քաղաքական է, իշխանութիւնը խօսքի ազատութեան մասին խօսելու իրաւունք չունի»

ՀՀ վաստակաւոր արտիստ, դերասան եւ ասմունքող Բաբգէն Չոբանեանը հաստատել է, որ դադարեցւել է իր համագործակցութիւնը Հանրային հեռուստաընկերութեան հետ։ «Դէպի արմատներ» հաղորդաշարի ընթացքում նա նշել է, որ իր աշխատանքի դադարեցման մասնագիտական պատճառ չի տեսնում եւ, եթէ որոշումը քաղաքական բնոյթ ունի, ապա իշխանութիւնը չի կարող խօսել խօսքի ազատութեան մասին։

Չոբանեանի խօսքով՝ իրեն միայն տեղեկացւել է, որ պայմանագիրը դադարեցւում է, եւ իրեն փոխարինելու է այլ անձ։ Նա նաեւ ընդգծել է, որ այդ հանգամանքը չի սահմանափակի իր հանրային արտայայտւելու ազատութիւնը։

Յիշեցնենք, որ վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերութիւնից հեռանալու մասին յայտարարել էին նաեւ հաղորդավարներ Նազենի Յովհաննիսեանը եւ Լուսինէ Թովմասեանը, ինչպէս նաեւ դերասան եւ հաղորդավար Խորէն Լեւոնեանը։

Նազենի Յովհաննիսեանը նշել էր, որ 2020 թւականից յետոյ գտնւում է Հանրայինի «սեւ ցուցակում» եւ պնդել, որ հասարակական ազդեցութիւն ունեցող անձանց նկատմամբ կիրառւում են սահմանափակումներ։ Լուսինէ Թովմասեանն իր հերթին հեռանալու պատճառ էր նշել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի եւ դիրիժոր Սերգէյ Սմբատեանի հետ իրականացրած հարցազրոյցը, իսկ Խորէն Լեւոնեանը յայտարարել էր, որ աշխատանքից հեռացւել է այն բանից յետոյ, երբ հրաժարւել է ծաղրել գուսաններին։

Վերջին ամիսներին Հանրային հեռուստաընկերութիւնից մի շարք յայտնի դէմքերի հեռանալը հանրային լայն քննարկումների առիթ է դարձել՝ խօսքի ազատութեան եւ խմբագրական անկախութեան շուրջ։

Related Articles

Back to top button