Իսրայէլական օդուժը հարւածներ է հասցրել Եմէնի Հոդէյդա նաւահանգստին. կան զոհեր եւ վիրաւորներ
«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 20-ին իսրայէլական օդուժը հարւածներ է հասցրել Եմէնի Հոդէյդա նաւահանգստին: Յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Աւիահարւածների թիրախ են դարձել էլեկտրակայանն ու վառելիքի պահուստները, ինչի արդիւնքում Հոդէյդա նահանգի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։
Աւիահարւածների հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ: Վերջին տւեալներով՝ զոհւել է 17 մարդ, վիրաւորւել՝ երկու տասնեակից աւելին:
Հարւածները հետեւել են նախօրէին ԱԹՍ-ների միջոցով Թէլ Աւիւի վրայ յարձակմանը, որի պատասխանատւութիւնը ստանձնել է Եմէնը:
Իսրայէլի բանակի պաշտօնական ներկայացուցիչ Դանիէլ Հագարին յայտնել է, որ իսրայէլական կործանիչներն ի պատասխան վերջին ամիսներին Իսրայէլի դէմ հարիւրաւոր յարձակումների, Հոդէյդա նաւահանգստի մատոյցներում հարւածել են «Հութի ահաբեկչական ռեժիմի ռազմական թիրախներին»։
Աւելի ուշ Եմէնի տեղեկատւութեան նախարարի տեղակալ ֆահմի ալ Եուսուֆին անդրադառնալով իսրայէլական օդուժի աւիահարւածներին յայտարարել է, որ նման գործողութիւնները չեն կարող ստիպել պաշտօնական Սանային հրաժարւել աջակցել Գազային եւ պաղեստինեան ժողովրդին, եւ որ Իսրայէլին եւ ԱՄՆ-ին ուղղւած պատասխան հարւածները «չափազանց ցաւոտ եւ կոշտ են լինելու»:
Իրանը դատապարտել է իսրայէլական օդուժի գործողութիւնը
ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին խստօրէն դատապարտել է Հոդէյդա նաւահանգստի ուղղութեամբ իսրայէլական օդուժուի իրականացրած աւիահարւածները:
Նա նշել է, որ Եմէնի ժողովուրդը վճարում է Գազայի անմեղ քաղաքացիներին, կանանց ու երեխաներին ցուցաբերած «իրենց պատւաբեր աջակցութեան համար»:
Քանանին սիոնիստական ռեժիմին ու նրա աջակիցներին, այդ թւում՝ ԱՄՆ-ին, ուղղակիօրէն պատասխանատու է համարել Գազայում շարունակւող յանցագործութիւնների, ինչպէս նաեւ Եմէնի վրայ արկածախնդիր յարձակումների վտանգաւոր եւ անկանխատեսելի հետեւանքների համար։