Քրիստինէ Վարդանեանը` Երուսաղէմի դէպքերի մասին. «Աշխարհի միակ պետական սուբիեկտը, որն ունի հայերի իրաւունքները պաշտպանելու պարտականութիւն, ձեռքերը լւացել է այդ գործից»
«ԱԼՒՔ» – ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է վերջին օրերին Երուսաղէմում հայկական բիզնեսների դէմ կազմակերպւած յարձակումներին.
«Ծայրայեղականը պղպեղի հեղուկ է ցողել հայկական պանդոկի մուտքից ներս, տուժել են պանդոկի այցելուները: Մի քանի օր առաջ երկու այլ ծայրայեղականներ ներխուժել էին նոյն պանդոկ, ահաբեկել այցելուներին, վնասել գոյքը:
Երուսաղէմում կրօնական եւ ազգային հողի վրայ հայերի վրայ յարձակումները վերջին տարիներին դարձել են պարբերական, գնալով աւելի հանդուգն ու ագրեսիւ:
Բացի անհատական յարձակումներից, արդէն մի քանի տարի է, ինչ շարունակւում են հայապատկան հողերը եւ բացառիկ նշանակութեան ժառանգութիւնը խլելու նպատակով իրականացւող կազմակերպւած բնոյթի յարձակումները, որոնք մի քանի անգամ վերածւել են ծայրայեղականների ու ժառանգութիւնը պաշտպանող հայերի միջեւ բախումների:
Այս ամէնը հասցրել են դատապարտել անգամ տարբեր պետութիւնների բարձրաստիճան պաշտօնեաները, Իսրայէլի պետութեանը կոչ արել պաշտպանել ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները:
Շուրջ 3 տարի ձգւող այս ճգնաժամի մէջ ամենաանհաղորդ կողմը շարունակում են մնալ հայկական պետութեան ներկայացուցիչները: Այս ողջ ժամանակահատւածում որեւէ դատապարտող յայտարարութիւն, որեւէ պաշտօնական արձագանգ, որը կօգներ զսպել ծայրայեղականներին, պատժել տարիների ընթացքում տասնեակ յանցագործութիւնների հեղինակներին չի եղել: Աշխարհի միակ պետական սուբիեկտը, որն ունի հայերի իրաւունքները պաշտպանելու պարտականութիւն, ոչ միայն ձեռքերը լւացել է այդ գործից, այլ դիրքորոշում է արտայայտում գրեթէ բոլոր ճգնաժամային իրավիճակներում, բացի այն դէպքերի, երբ յանցագործութիւնը ուղղւած է սեփական ազգի ներկայացուցիչների դէմ: Դուք չէք տեսնի ՔՊ-ական պաշտօնեայի յայտարարութիւն, որը «ցնցւում է» աշխարհի տարբեր հատւածներում հայերի դէմ թշնամական յարձակումներից: Մինչդեռ դա տարբեր կառավարութիւններին ուղղւած յստակ ուղերձ կը լինէր առ այն, որ իրենք գործ ունեն մարդկանց հետ, որոնց շահերը պաշտպանող պետութիւն գոյութիւն ունի»,- գրել է նա։