Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Օսկանեան. «Խաղադրոյքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարեւոր ջրբաժանում է»

«ԱԼԻՔ» – 2024-ի աւարտին ակնյայտ է, որ Հայաստանը յայտնւել է ազգային աննախադէպ մարտահրաւէրների եւ անորոշութեան շրջանում։ Այս տարին բնորոշւեց հինգ հիմնական միտումներով, որոնք մէկը միւսից մտահոգիչ են եւ ընդգծում են կառավարման եւ երկրի քաղաքական ուղղութեան փոփոխութեան հրատապ անհրաժեշտութիւնը։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը:

«Հայաստանի կառավարութեան արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականութեան նախորդ տարիների ձախողումների հետեւանքները ոչ միայն չեն յաղթահարւել, այլեւ խորացել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանի մօտեցումը Ադրբեջանի հետ բանակցութիւններում խորհրդանշում է վտանգաւոր եւ կրկնւող սխալը։ Խաղաղութեան մասին նրա հռետորաբանութիւնը, թէեւ տեսականօրէն գովելի է, տարւայ ընթացքում ուղեկցւեց միակողմանի զիջումների շարքով, որը աւելի է ոգեւորել Բաքւին եւ թուլացրել Հայաստանի դիրքերը։ Իւրաքանչիւր նոր զիջում թերեւս խորացնում է Ադրբեջանի պահանջներն ու սպառնալիքները՝ մեզ աւելի հեռացնելով արդար խաղաղութիւնից։ Այս ընթացքը երկիրը թողել է խոցելի, յուսախաբ եւ Փաշինեանի խոստումներից գրեթէ ձեռնունայն։

Աշխարհաքաղաքական ասպարէզում Հայաստանի մեկուսացումը միայն խորացել է՝ երկիրը դուրս չբերելով անողոք շրջապտոյտից, որից, ներկայիս ղեկավարութեան ներքոյ, անհնար է թւում դուրս գալը։ Աւանդական դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը, չեն վստահում Փաշինեանի կառավարութեանը, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են կասկածանքով վերաբերւել նրա խօսքին։ Նոյնիսկ Արեւմուտքը, որը թւում է՝ որոշ աջակցութիւն է ցուցաբերում, դա անում է ոչ թէ վստահութեան պատճառով, այլ «յարմարաւէտ ամուսնութեան» արդիւնքում, քանի որ նպատակներին հասնելու աւելի լաւ այլընտրանքներ չունի։

Փաշինեանի դիւանագիտական եւ ռազմաքաղաքական գիտելիքների պակասը, որին գումարւել են ռազմավարութեան բացակայութիւնն ու իռացիոնալ յաջորդական որոշումները, աւելի է բարդացրել Հայաստանի կացութիւնը։ Նոր դաշինքներ ստեղծելու ուղղութեամբ լուրջ ջանքեր չգործադրելով՝ դիւանագիտական այս իներցիան Հայաստանին թողել է անկառավարելի՝ միջազգային օրըստօրէ բարդացող միջավայրում։

Թէեւ մակրոտնտեսական ցուցանիշները կարող են վկայել տնտեսական դիմակայունութեան մասին, սակայն դա մեծապէս բխում է Ռուսաստանի դէմ արեւմտեան պատժամիջոցների չկանխատեսւած օգուտներից, որոնք տնտեսական որոշ գործունէութիւն վերաուղղորդել են դէպի Հայաստան։ Սակայն հայաստանցիների մեծամասնութիւնը դրա օգուտները չի զգում։ Կեանքի թանկացումը, լճացած աշխատավարձերը, արտաքին պարտքի աճը, օտարերկրեայ ներդրումների պակասը, աշխատատեղերի ստեղծման սահմանափակութիւնը եւ չափազանց բարձր հարկերը սովորական քաղաքացիների դժւարին վիճակը չեն փոխել, ինչը վկայում է մակրոտնտեսական ցուցանիշների եւ առօրեայ իրականութեան միջեւ անջրպետի մասին։

2024-ի թերեւս ամենամտահոգիչ միտումը ժողովրդավարական յետընթացն է։ Հայաստանն այժմ սահում է դէպի աւտորիտար կառավարում։ 2018-ին Փաշինեանի օրօք սկսւած ժողովրդավարական զարթօնքի յոյսի շրջանը վերածւել է մէկ մարդու իշխանութեան։ Չնայած հանրային վստահութեան պատմական ցածր մակարդակին՝ Փաշինեանը պահպանում է իշխանութիւնը խորհրդարանական մեծամասնութեան միջոցով, որը նրան պաշտպանում է հաշւետւողականութիւնից։ Իշխանութեան այս գերկենտրոնացումն արտացոլում է Հայաստանի ժողովրդավարական համակարգի աւելի խոր բացը՝ ղեկավարներին հաշւետու պահելու կամ կենսունակ ընդդիմութիւն ձեւաւորելու անկարողութիւնը։

Ժողովրդավարութեան համար կենսական նշանակութիւն ունեցող ինստիտուտները, ինչպիսիք են դատական անկախ համակարգը, ազատ մամուլը եւ քաղաքացիական ակտիւ հասարակութիւնը, աւելի են թուլացել Փաշինեանի ներքոյ։ Սեղմելով այլախոհութիւնը եւ կենտրոնացնելով իշխանութիւնը՝ նրա կառավարութիւնը անտարբերութիւն եւ յիասթափութիւն է սերմանել ընտրողների շրջանում։ Հայաստանցիներից շատերն այժմ կասկածի տակ են դնում փոփոխութեան գործիքի՝ ընտրութիւնների արդիւնաւէտութիւնը՝ վախենալով, որ ժողովրդավարական ճանապարհով իմաստալից իշխանափոխութիւնը գնալով անհասանելի է դառնում։

Կոռուպցիան՝ Հայաստանի քաղաքական դաշտի երբեմնի պատուհասը, այս տարի ստացել է աւելի նենգ եւ ինստիտուցիոնալ բնոյթ՝ քայքայելով երկրի ժողովրդավարական հիմքերը։ Իշխող վերնախաւի կողմից հարկատուների գումարների չարաշահումը հասել է աննախադէպ մակարդակի՝ հանրային միջոցները ուղղորդելով անթափանց սխեմաների միջոցով եւ անհիմն պարգեւավճարներ ու արտօնութիւններ տրամադրելով հաւատարիմներին։ Այս գործողութիւնները հանրային վստահութեան համակարգային դաւաճանութիւն են, որոնք խորացնում են անհաւասարութիւնը եւ յուսահատութիւնը։ Կոռուպցիայի յարաճուն այս մշակոյթը քայքայում է երկրի հիմքերը՝ մարդկանց թողնելով այն ծանր գիտակցութեան հետ, որ պետութիւնը դարձել է մասնաւոր շահի, այլ ոչ թէ հանրային բարօրութեան գործիք։

Վերջապէս, հայ հասարակութիւնը շարունակում է խորապէս պառակտւած մնալ։ Բեւեռացումն ու անվստահութիւնը, որոնք սնուցւում են քաղաքական մանիպուլիացիաներով եւ սոցիալական լարւածութեամբ, թշնամանքի բաժանարար մթնոլորտ են ստեղծել։ Հասարակութեան այս մասնատւածութիւնը թուլացնում է կոլեկտիւ գործողութիւնները եւ Հայաստանի՝ մարտահրաւէրներին միասնաբար դիմակայելու կարողութիւնը։

2025-ի սկզբին ուշադրութիւնն անխուսափելիօրէն կը սեւեռւի 2026-ի յունիսին նախատեսւած խորհրդարանական ընտրութիւնների վրայ, հնարաւոր է՝ արտահերթ ընտրութիւններ՝ հաշւի առնելով քաղաքական անկայուն միջավայրը։ Մէկ բան յստակ է՝ Հայաստանը չի կարող իրեն թոյլ տալ լճացման եւ վատ կառավարման եւս մէկ տարի։ Կառավարութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը երբեք այսքան ակնյայտ չի եղել։ Առաջիկայ ամիսները երկրի համար պէտք է լինեն ինքնաքննադատութեան եւ հնարաւորի վերաիմաստաւորման ժամանակահատւած։

Խաղադրոյքները երբեք այսքան բարձր չեն եղել։ Պահի հրամայականը աշխարհում Հայաստանի դերի ու անելիքների մասին յստակ տեսլական ունեցող ղեկավարութիւն ձեւաւորելն է, որը առաջնահերթութիւն կը տայ ազգային միասնութեանը, իրական բարեփոխումներին եւ ժողովրդավարական սկզբունքներին նորոգւած հաւատարմութեանը։ Հայաստանը կարեւոր ջրբաժանում է, եւ առաջիկայ կարճ ժամանակահատւածում կայացւած որոշումներն են, որ սահմանելու են յաջորդ տասնամեակներում նրա հետագիծը»,- գրել է նա։

Related Articles

Back to top button