Վիկտոր Նադէին-Ռայեւսկի. «Թուրքիայի միջնորդութիւնը հայ-ադրբեջանական բանակցութիւններին Ադրբեջանի ու Թուրքիայի երկարամեայ ցանկութիւնն է եղել»
Փաշինեան-Էրդողան նիւեօրքեան հանդիպումը եւ Էրդողանի գաղտնազերծումը, թէ Փաշինեանը դիմել է Թուրքիային Երեւան-Բաքու միջնորդութեան համար, շարունակում է լայնօրէն քննարկւել հայկական մամուլում։
Ուշագրաւ դիտարկում է այս հանդիպման վերաբերեալ արել Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամաւոր Ահմեդ Էրոզանը՝ նշելով, թէ երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանն անցկացրել է Նիւ Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի առիթով, թերեւս, ամենակարեւորը Փաշինեանի հետ հանդիպումն է եղել։
«Չնայած հանդիպման մասին մանրամասներ չունենք, սակայն փաստը, որ այն տեղի է ունեցել, անչափ կարեւոր է։ Թէեւ «մէկ ազգ, երկու պետութիւն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ յարաբերութիւններն այլ պետութիւնների քաղաքականութիւնից եւ արագ կարգաւորի սեփական յարաբերութիւնները Երեւանի հետ։ Չի կարելի բաց թողնել Թուրքիային ձեռնտու ազդակը՝ ձեռնարկւելիք քայլերի առումով։ Աւելին, Ալիեւը նոյնիսկ իր մէջ համարձակութիւն է գտել պաշտօնապէս մերժել Էրդողանին Ղարաբաղի հարցում»,- գրել է նախկին պատգամաւորը։
Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռայեւսկին 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ Թուրքիայում ամբողջ հասարակութիւնը չէ, որ աջակցում է իշխանութեան քաղաքականութեանը, եւ դա ակնյայտ էր վերջերս անցկացւած ընտրութիւններից։ Ուստի, նրա խօսքով, հասարակութեան ստւար զանգւածը նաեւ Էրդողանի արտաքին քաղաքականութեանը չի աջակցում, յատկապէս, երբ այն տապալել է իր գլխաւոր կարգախօսները։
Ինչ վերաբերում է հարաւկովկասեան ուղղութեամբ թուրքական քաղաքականութեանը, ապա Նադէին-Ռայեւսկին ասել է, որ Թուրքիայից ժամանակ առ ժամանակ հնչել են կարծիքներ, որ Ադրբեջանի հետ օրակարգը պէտք է տարանջատել Հայաստանից եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման բանակցութիւնները վարել Ադրբեջանի ազդեցութիւնից անկախ։
«Այս գիծը, այո, կայ Թուրքիայում, սակայն ոչ իշխանական շրջանակների շարքում, քանի որ նրանք արմատական քաղաքականութիւն են վարում, միտք չունենալով տարանջատել Ադրբեջանի օրակարգը Թուրքիայի օրակարգից։ Սակայն վերջերս նկատւում է մի խնդիր, որ Ադրբեջանն է փորձում դիրքաւորւել Թուրքիայի հետ հաւասարը հաւասարի դաշտում։ Սա դրսեւորւում է, երբ Ադրբեջանը դժգոհում է այն յայտարարութիւնից, որն անում է Էրդողանը Ղարաբաղ մտնելու վերաբերեալ։ Ադրբեջանն այլեւս չի ցանկանում, որպէսզի պատերազմում յաղթանակի օգուտները Թուրքիան համարի մեծապէս իրենը՝ Հարաւային Կովկասում յաւելեալ յաւակնութիւններ դրսեւորելով։
Աւելին՝ Ադրբեջանն աւելի մեծ թափով է փորձում հայ-թուրքական օրակարգը կապել իր շահերին։ Թուրքիան կարող էր Հայաստանի միջոցով որոշ քայլեր անել, սակայն նման միտում չկայ, դեռ ժեստեր անում է միայն հայկական կողմը, իսկ Թուրքիան է՛լ աւելի է մխրճւում հայ-ադրբեջանական բանակցային սեղան, այսինքն՝ զարգացումներն ընթանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի պատկերացումների եւ ոչ ՀՀ պատկերացումների համաձայն»,- նման տեսակէտ է յայտնել վերլուծաբանը՝ շարունակելով, որ Թուրքիան ոչ միայն անկախ քաղաքականութիւն չի վարի, այլեւ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ իր համոզմունքներն ու պատկերացումներն ունի։
«Այսօր այդ պատկերացումները լիովին բաւարարւում են, դրա մասին կարելի է իմանալ՝ կարդալով Էրդողանի յայտարարութիւնները, ում համար գոյութիւն ունի այս փուլում առանցքային կարեւորութեան հարց՝ դա «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն է, քանի որ նրանք մշտապէս համարել են, որ Հայաստանը խոչընդոտ է թուրքական աշխարհի զարգացման եւ միմեանց միացման ճանապարհին, ուստի ՀՀ-ից Թուրքիայի գլխաւոր ակնկալիքը թուրքական կամ թուրանական երազանքի իրագործումն է։ Սա է»,- ասել է թուրքագէտը։
Նա նշել է, որ ՀՀ-Ադրբեջան բանակցութիւններում միջնորդութիւնը Թուրքիայի ցանկութիւններից հերթականն է։
«Դա նաեւ Ադրբեջանի երկարամեայ ցանկութիւնն է եղել, չեմ կարծում, թէ այս հարցում Ադրբեջան-Թուրքիա տարաձայնութիւններ երբեւէ լինեն, ու չեմ կարծում, որ Թուրքիան որեւէ կէտում ՀՀ շահերն առաջ մղի։ Թուրքիան, բնականաբար, միջնորդ չէ. Թուրքիան ռեգիոնալ հակամարտութիւնների մասնակից է»,- յստակեցրել է Ռայեւսկին։