«Գարդման-Շիրւան-Նախիջեւան»-ը յայտարարութիւն է տարածել ԼՂ անկախութեան հռչակագրի ընդունման 32-ամեակի կապակցութեամբ
«Գարդման-Շիրւան-Նախիջեւան» Համահայկական միութիւնը յայտարարութիւն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակագրի ընդունման 32-ամեակի կապակցութեամբ։
Յայտարարութիւնում ասւում է. «32 տարի առաջ, յունւարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախութեան Հռչակագիրը։ Մինչ անկախութեան Հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրաւական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցաւ պատգամաւորների մարզային եւ Շահումեանի Շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունւեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին»։ Նոյն թւականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ հանրաքւէ, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։ ԼՂՀ բնակչութեան 80%-ը մասնակցեց հանրաքւէին, որոնց 99%-ից աւելին քւէարկեց յօգուտ անկախութեան։ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի պատգամաւորների ընտրութիւններին։ Ձեւաւորւեց հանրապետութեան բարձրագոյն օրէնսդիր մարմինը՝ Գերագոյն խորհուրդը։
Այսպիսի օրինական գործընթացներով ձեռք բերւած անկախութիւնը յենւած էր մի քանի ամուր պատմաքաղաքական հիմքերի վրայ։ Նախ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել էր իր անկախութիւնը՝ հռչակելով «1918-1920 թթ. պետական անկախութեան վերականգնման» մասին, որի կազմում չէր եղել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Նախիջեւանը։
Միւս կողմից՝ Ադրբեջանում տարւում էր ապարտէիդի եւ խտրականութեան քաղաքականութիւն հայ ժողովրդի նկատմամբ, ինչը արդէն իսկ յանգեցրել էր զինւած բախումների, խաղաղ հայկական գիւղերի բնակիչների զանգւածային բռնատեղահանման։ Սա անհնար էր դարձնում տւեալ պահին երկու ժողովուրդների համատեղ գոյակցութիւնը։ ԽՍՀՄ-ում գործող Սահմանադրութիւնն ու օրէնքները թոյլ էին տալիս ինքնավար կազմաւորումներին եւ հաւաքական բնակւող ազգային խմբերին միութենական հանրապետութեան դուրս գալու դէպքում ինքնուրոյն որոշելու իրենց պետական-իրաւական կարգավիճակի հարցը։
Ահա, այսպիսի օբիեկտիւ հիմքերն էին, որ իրաւունք եւ հնարաւորութիւն տւեցին Լեռնային Ղարաբաղի հայութեանը, իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման իրենց իրաւունքը, հռչակել իր անկախութիւնը՝ ստեղծելով ամուր եւ զարգացող ժողովրդավարութեամբ պետականութիւն։ Ցաւօք սրտի, այս ճանապարհին բազմաթիւ են եղել մարդու իրաւունքների համակարգային խախտումները, հայութեան նկատմամբ բռնութիւններն ու տեղահանութիւնները, որոնց դիմեց Ադրբեջանը՝ յուսահատօրէն ձգտելով կասեցնել Լեռնային Ղարաբաղի անկախացման անշրջելի գործընթացը։ Հէնց այս համատեքստում է դիտարկելի աւելի քան կէս միլիոն գարդմանահայութեան, շիրւանահայութեան, նախիջեւանահայութեան տեղահանումը, Սումգայիթի, Բաքւի եւ Մարաղայի ջարդերն ու կոտորածները, վախի ու անհանդուրժողականութեան անընդհատ գերակայումը։
Կատարւած յանցանքների համար անպատժելիութեան գիտակցումը կրկին հանրաւորութիւն տւեց Ադրբեջանին եւս մէկ էթնիկ զտում իրականացնել, այս անգամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ շուրջ 10 ամիս միտումնաւոր կերպով յարուցւել էր հումանիտար ճգնաժամ՝ սովամահութեան եւ մանկասպանութեան դժնի դիպւածների ուղեկցութեամբ։ Սա եւս մէկ անգամ ցոյց է տալիս 32 տարի առաջ անկախութեան այլընտրանքայնութեան բացառումը։
«Գարդման-Շիրւան-Նախիջեւան» Համահայկական միութիւնը շնորհաւորում է Լեռնային Ղարաբաղի հայութեանը 32 տարի առաջ անկախութեան Հռչակագրի ընդունման կապակցութեամբ եւ յոյս յայտնում, որ մօտ ապագայում հնարաւոր կը լինի համատեղ ուժերով հասնել ինչպէս Լեռնային Ղարաբաղի հայութեան, այնպէս էլ գարդմանահայութեան, շիրւանահայութեան, նախիջեւանահայութեան ոտնահարւած իրաւունքների ամբողջական վերականգնմանը»։
Yerkir.am