ՄիջազգայինՔաղաքական

Եւրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լաւ նորութիւն է Ռուսաստանի համար

«ԱԼԻՔ» – Արեւմտեան երկրները նայում են Ադրբեջանի կողմը, որպէսզի Բաքւի օգնութեամբ դադարեցնեն իրենց կախւածութիւնը Մոսկւայի հանածոյ վառելիքից. արդիւնքում նրանք բնական գազի վերաբերեալ մի շարք համաձայնագրեր են կնքում Բաքւում կլիմայի փոփոխութեան վերաբերեալ COP29 համաժողովի ընթացքում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Politico-ն՝ «Եւրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լաւ նորութիւն է Ռուսաստանի համար» խորագրով յօդւածում:

Աղբիւրը նկատում է, որ Բաքու-Բրիւսէլ համագործակցութիւնը կարող է օգուտ բերել Ռուսաստանին:

«Ադրբեջանը շատ ուրախ է օգնել այս հարցում: 2022 թւականին Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լէյէնը փոխըմբռնման յուշագիր է ստորագրել հարաւկովկասեան երկրի հետ՝ գազի արտահանումն ընդլայնելու համար։

Այժմ, որպէս COP29 գագաթնաժողովի հիւրընկալող, աւտորիտար նաւթային պետութիւնը անամօթաբար գովազդում է բնական գազի իր պաշարները եւ նոր առեւտրային պայմանաւորւածութիւններ ձեռք բերում մի քանի եւրոպական երկրների հետ: Նախագահ Իլհամ Ալիեւը նոյնիսկ հիւրընկալել է նման գործարքի ստորագրման արարողութիւնը համաժողովի շրջանակում:

Այնուամենայնիւ, Եւրոպա արտահանումն աւելացնելու համար Ադրբեջանը կտրուկ մեծացրել է հանածոյ վառելիքի սեփական ներմուծումը Ռուսաստանից: Որոշ հետազօտողներ կասկածում են, որ երկիրը կարող է պարզապէս վերաուղղել ներկրւող ռուսական վառելիքի մի մասը Եւրոպա, թէեւ Ադրբեջանը պնդում է, որ մատակարարումները միայն ներքին օգտագործման համար են: Ինչեւէ, Մոսկւան այս ամենից շահում է:

«Եւրոպացիները Ադրբեջանը դիտարկում են որպէս այլընտրանք Ռուսաստանին, բայց Ադրբեջանից վառելիք գնելը նշանակում է վառելիք գնել Ռուսաստանից»,- ասել է ադրբեջանցի այլախոհ Ժալա Բայրամովան, որն այս շաբաթ ստացել է հեղինակաւոր «Մագնիտսկու մարդու իրաւունքների մրցանակ» իր ակտիւութեան համար:

Անցեալ շաբաթ Ադրբեջանի էներգետիկայի նախարարութիւնը յայտնել է, որ երկիրը 8,6 տոկոսով աւելացրել է բնական գազի վաճառքը դէպի Եւրոպա, ինչը կազմում է գրեթէ մէկ միլիարդ խորանարդ մետր վառելիք:

Դա միայն սկիզբն է: Ադրբեջանի պետական էներգետիկ SOCAR ընկերութիւնը նախատեսում է մինչեւ 2033 թւականը գազի տարեկան արդիւնահանումը մօտ 37 միլիարդ խորանարդ մետրից աւելացնել մինչեւ 49 միլիարդ խորանարդ մետր՝ հակասելով գլոբալ կլիմայական նպատակներին. այն է՝ նւազեցնել հանածոյ վառելիքի արտադրութիւնը:

Սակայն Ադրբեջանի արդիւնահանման ակնկալւող աճը դեռեւս շատ ցածր է այն մակարդակից, որն անհրաժեշտ է Եւրոպային մատակարարող հիմնական խաղացողներից մէկը դառնալու համար:

Փոխարէնը, Ադրբեջանը սկսել է բնական գազ ներկրել ռուսական պետական «Գազպրոմ» էներգետիկ ընկերութիւնից՝ նախնական պայմանագրով ապահովելով առնւազն 1 միլիարդ խորանարդ մետր:

Բաքուն նաեւ բանակցութիւններ է վարում ռուսական գազը ձեռք բերելու եւ այն Ուկրաինայի տարածքով դէպի Կենտրոնական Եւրոպա արտահանելու համար:

Սակայն այս կրէատիւ լուծումը ոչ յուսալի քողարկում է անյարմար ճշմարտութեան համար. Ադրբեջանը, ըստ էութեան, ռուսական գազը «կլւա» Եւրոպայի համար:

«Մարդիկ հասկանում են, որ դա, իհարկէ, ադրբեջանական գազ չի լինի: Դա կը լինի ռուսականը, պարզապէս կը փոխւի դրա պիտակը»,- ասել է ICIS գազի շուկայի մասնագէտ Աուրա Սաբադուսը:

Բացի այդ, Ադրբեջանը մեծացնում է ռուսական հում նաւթի գնման ծաւալը: 2024 թւականին երկիրը ամէն ամիս գնել է մօտ 40 միլիոն դոլարի ռուսական հում նաւթ, ըստ Էներգետիկայի եւ մաքուր օդի հետազօտութիւնների կենտրոնի վերլուծութեան: Դա 23 միլիոն դոլարի ամսական հարկային եկամուտ է Կրեմլի համար», – նշել է Politico-ն:

Related Articles

Back to top button