ՄիջազգայինՔաղաքական

Պանամայի նախագահը կարող է դիմել ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդ՝ Թրամփի սպառնալիքների հետ կապւած

«ԱԼԻՔ» – Այս շաբաթ Պանամայի նախագահ Խոսէ Մուլինոն մասնաւոր կարգով ասել է, որ եթէ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի սպառնալ իր երկրին, ապա նա կարող է հարցը տեղափոխել ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդ, ըստ Պանամայի նախկին նախագահ Էռնեստո Բալիադարէսի խօսքերի,- գրել է Politico-ն։

Մուլինոն ասել է, որ սպասում է Թրամփի պաշտօնավարմանը, որպէսզի գնահատի, թէ արդեօք ԱՄՆ նոր նախագահը կանդրադառնայ այդ հարցին, ասել է Բալիադարէսը:

«Նա ասել է, որ լրացուցիչ գործողութիւններ կը ձեռնարկի յունւարի 20-ից յետոյ… եթէ նորընտիր նախագահ Թրամփը պնդի այս հարցում»,- ասել է Պանամայի նախկին նախագահը լրատւամիջոցի հարցազրոյցում։

Բալիադարէսի խօսքով՝ Մուլինոն խօսել է այդ հարցի մասին չորեքշաբթի Պանամայի նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ Լատինական Ամերիկայի առաջնորդները հանդիպել են Վենեզուէլլայի ընդդիմութեան առաջնորդ Էդմունդօ Գոնսալեսի հետ:

Նա նշել է, որ Մուլինոն չի ճշտել, թէ էլի ինչ գործողութիւններ նա կարող է ձեռնարկել։

«Ինչպէս միւս բոլորն այս երկրում, նա էլ է զարմացած»,- ասել է Բալիադարէսը Թրամփի հռետորաբանութեանը իր յաջորդի արձագանգի մասին:

Աւելի վաղ Թրամփը հրաժարւել էր բացառել ռազմական ուժի կիրառումը Պանամայի ջրանցքը վերադարձնելու համար, որը ԱՄՆ-ը Պանամային զիջել է քառորդ դար առաջ։ Հաղորդել է News.am-ը:

Վերջին շաբաթներին Թրամփն առանց ակնյայտ հիմքի պնդում է, որ չինացի զինւորները վերահսկում են ջրանցքը, որը շահագործում է Պանամայի ջրանցքների անկախ վարչութիւնը: Նա նաեւ դժգոհել է ամերիկեան նաւերից գանձւող տարանցիկ վճարներից եւ սպառնացել է վերստանձնել ջրանցքի վերահսկողութիւնը։ Անցած ամիս Մուլինոն հանդէս է եկել հրապարակային քննադատութեամբ՝ ասելով. «Որպէս նախագահ ես ուզում եմ յստակեցնել, որ Պանամայի ջրանցքի եւ նրա շրջակայ տարածքի իւրաքանչիւր քառակուսի մետրը պատկանում է Պանամային եւ այդպէս էլ կը մնայ»:  Պանաման ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ կը լինի 2025 եւ 2026 թթ.։

Related Articles

Back to top button