Միխայիլ Գալուզին. «ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցաւոտ կը լինի Հայաստանի բնակչութեան համար»

«ԱԼԻՔ» – ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցաւոտ կը լինի Հայաստանի բնակչութեան համար: Այս մասին «Իզւեստիա»-ին տւած հարցազրոյցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Եթէ Հայաստանը գնայ եւրոպական ընտրութեան ճանապարհով, ապա դա օբիեկտիւօրէն կը յանգեցնի այն հաստատւած տնտեսական յարաբերութիւնների վերանայմանը, որ Երեւանը ներկայումս ունի իր գործընկերների հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Սա, հաւանաբար, բաւականին ցաւոտ գործընթաց կը լինի, այդ թւում, ցաւօք, Հայաստանի բնակչութեան համար»,- ասել է փոխնախարարը։
Ըստ Գալուզինի՝ խօսքն այն մասին չէ, որ Ռուսաստանը կամ մէկ ուրիշը ցանկանում են բացառել Հայաստանին կամ վնաս պատճառել շատ զարգացած տնտեսական համագործակցութեան համատեքստում։
«Անցեալ տարի մեր ապրանքաշրջանառութիւնը կազմել է մօտ 12 մլրդ. դոլար՝ ցոյց տալով զգալի աճ։ Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու պլաններ չունենք եւ չենք կարող ունենալ։ Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, ում հետ մեզ կապում է, ինչպէս Վրաստանի հետ, բազմադարեայ ընդհանուր պատմութիւնը, Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր յաղթանակը, մայիսի 9-ը:
Փաստն այն է, որ օբիեկտիւօրէն միաժամանակ անհնար է անդամակցել ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միութիւններն ունեն տարբեր մաքսային եւ սակագնային կարգաւորումներ: Դրանք, ըստ էութեան, տարբեր տնտեսական բլոկներ են։ Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հաւանաբար, ինչ-որ պահի պէտք է որոշեն, թէ որ ուղղութեամբ են գնում՝ Եւրամիութեանն ինտեգրւելու ուղղութեամբ, թէ ԵԱՏՄ գծով եւրասիական ինտեգրմանը մասնակցութիւնը շարունակելու ուղղութեամբ»,- ասել է Գալուզինը։
Լուրը հաղորդում է alphanews.am–ը: