Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի դիմումը՝ Իրանի Ոստիկանութեան գլխաւոր հրամանատարին. Հայ ուսանողների ուխտագնացութեան համար՝ իսլամադաւան հայրենակիցների չափով երաշխիքի գանձում

Իսլ. խորհրդարանի հայազգի պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Գեղարդ Մանսուրեանը դիմել են Իրանի Ոստիկանութեան գլխաւոր հրամանատար, գեներալ Ահմադռեզա Ռադանին՝ հայկական հոգեւոր կենտրոններ ուխտագնացութեան մեկնող ուսանողների եւ աշակերտների ելքն ու վերադարձը դիւրացնելու խնդրանքով։
Սեպտեմբերի 23-ի գրութեամբ պատգամաւորները նշում են, որ իրանահայ համայնքում եւս կազմակերպւում են ուխտագնացութիւններ դէպի Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայրեր։ Նրանք առաջարկում են, որ ուսանողները նման ուղեւորութիւնների դէպքում երկրից դուրս գալու համար ներկայացնեն նոյն չափի երաշխիք, որը սահմանւած է մահմեդականների ուխտագնացութիւնների դէպքում։
Գրութիւնում որպէս ուխտագնացութեան հիմնական ուղղութիւններ նշւած են Էջմիածնի Մայր Աթոռը՝ Հայաստանում, որպէս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հոգեւոր կենտրոնը Լիբանանում։
Պատգամաւորները նշել են նաեւ, որ նման քայլը կը նպաստի երկրի պաշտօնական կրօնների իրաւունքների եւ յատկապէս կրօնական ուխտագնացութիւնների ոլորտում հաւասար հնարաւորութիւնների ապահովմանը։



