
Հանգուցեալ Այդա Եահինեանը ծնւել է 1933 թւակաին մի բարեկեցիկ եւ աւանդական ընտանիքում: Ծնողներն էին Երան եւ Լեւոն Վարթիններն:
Իր տարրական եւ միջնակարգ կրթութիւնը հայոց դպրոցներում աւարտելուց յետոյ կրթութիւնը շարունակել է Բրիթիշ Քանսլ անգլերէն լեզւի կուրսում եւ արժանացել է համապատասխան դիպլոմային:
Կրթութիւնը աւարտելուց յետոյ երեսուն տարիներ շարունակ աշխատել է անգլիական բանկում ապա հանգստի է կոչւել:
1956 թւականին ամուսնացել է Աւագ Եահինեանի հետ եւ սկսել է երջանիկ ամուսնական կեանք:
1986 թւականին անդամագրւել է Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեանը եւ 40 տարիներ շարունակ նւիրւածութեամբ ու սիրով աշխատել է միութիւնում նաեւ չորս շրջան ընտրւել է վարչութեան կազմի մէջ:
Այդա Եահինեանը բարեխիղճ, սիրւած եւ յարգւած էր բոլորի կողմից, սրտցաւ, ազնիւ եւ համեստ անձնաւորութիւն էր եւ տքնաջան աշխատանք էր տանում իր սիրած եւ ընտրած միութեան վեհ նպատակների իրագործման ուղղութեամբ: Նա ոչ մի ջանք չէր խնայում ծառայելու համայնքի կարիքաւոր խաւին:
Այդա Եահինեանը (Վարթին) իր մահկանացուն կնքեց մարտի 6, 2026 թ.-ին Թեհրանում, 93 տարեկան հասակում խորը վիշտ պատճառելով իր հարազատներին եւ ծանօթներին:
Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւն



