
Տարեցների միջազգային օրւայ առիթով հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» տարեցների խնամքի կենտրոններ։
Պատգամաւորը ծաղիկներ է նւիրել կենտրոնների բնակիչներին եւ աշխատակազմին՝ շնորհաւորելով նրանց տօնի առիթով, ապա ծանօթացել կենտրոնների առօրեային, բնակիչների պայմաններին եւ առկայ խնդիրներին։ «Սօսէ Մայրիկ»-ում բարձրացւած հարցերի կապակցութեամբ նա հեռախօսով կապ է հաստատել համապատասխան պատասխանատուների հետ՝ խնդրելով արագացնել դրանց լուծման գործընթացը։
«Չիլոյեան» կենտրոնում պատգամաւորին դիմաւորել է Կաթողիկէ հայոց առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը։ Հանդիպման ընթացքում առաջնորդը տարեցների օրը կատակով անւանել է «երիտասարդների տօն», որին յաջորդել է օրւայ խորհրդով պատրաստւած տորթի կտրումը։ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը նաեւ շուտափոյթ ապաքինում է մաղթել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին։
Արա Շահվերդեանը բարձր է գնահատել երկու կենտրոնների գործունէութիւնն ու համայնքային նշանակութիւնը՝ կարեւորելով տարեցների խնամքի եւ արժանապատիւ պայմանների ապահովման աշխատանքը։
47 տարի առաջ հիմնադրւած «Սօսէ Մայրիկ» կենտրոնում ներկայումս մշտական խնամքով բնակւում է 12 տարեց կին՝ 70-ից 104 տարեկան։ Կենտրոնի գործունէութիւնն իրականացւում եւ վերահսկւում է Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական ընկերութեան ջանքերով։
Աւելի քան 60 տարի համայնքին ծառայած «Չիլոյեան» կենտրոնում ներկայումս բնակւում է շուրջ 15 տարեց։
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ







