ԻՆՉՈ՞Ւ ԵՍ ԼԱԼԻՍ, Ո՞ՒՄ ԵՍ ՓՆՏՌՈՒՄ

«Մարիա՛մ…» (Յհ 20.16)
Յարութեան գաղափարով ոգեւորւած լինելով հանդերձ, մենք՝ քրիստոնեայ հաւատացեալներս, յուզումնախառն ապրումներով եւ դառնահոս արցունքներով, դեռեւս լացելով թրջում ենք մահացողի անշարժ ու դեղնած դէմքը, եւ համբուրում նրա ցուրտ ձեռքերը: Նոր մահացած մեր հարազատներից կամ բարեկամներից մէկը պիտի՞ անպայման ոտքի կանգնի, դուրս գայ դագաղից, որպէսզի հաւատանք յարութեամբ ընձեռւած հրաշքին…:
Սգաւոր հարազատներին դժւար է համոզել, եւ մանաւանդ յարութեան գաղափարով գօտեպնդել նրանց, երբ նորոգ հանգուցեալ մի անձ հրաժեշտ է տալիս բոլորին: Նման մի պահի, բոլորը մոռանում են, որ երրորդ օրը ի՞նչ պատահեց Սիմոն Կանանացուն պատկանող ժայռափոր գերեզմանում, որտեղ էր թաղւել Յիսուսը, նոյնիսկ Պիղատոսի զօրայինների անքուն հսկողութեան ներքեւ, գիշեր ու ցերեկ պահպանւած վիճակում:
Թաղման երրորդ օրը, առաւօտեան կանուխ ժամերին, Մարիամ Մագդաղենացին գալիս է գերեզմանը, տեղական աւանդութեան համաձայն անուշաբոյր իւղերով օծելու նորաթաղ Յիսուսի մարմինը: Ծանր ժայռադուռը բաց լինելով, Մարիամը ներս է նայում, եւ տեսնում է, որ նրա մարմինը չկայ. սկսում է լացել: Դրսում մի անձ հարցնում է. «Ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»: Նա չի՛ ճանաչում սոյն հարցերը իրեն տւող Յիսուսին, կարծելով, որ հարցնողը շրջակայ այգիներից մէկում պարտիզպան է: Ի վերջոյ Յիսուսը նրա անունը արտասանելով յայտնում է ինք իրեն, որի հետեւանքով մեծապէս ցնցւում է Մարիամը, ու վազում է աշակերտների մօտ, որովհետեւ Յիսուսը պարտականութիւն է տալիս Մագդաղէնացուն, յարութեան սքանչելի աւետիսը անյապաղ փոխանցել նրանց:
Մեծ է թիւը նրանց, ովքեր ամէն օր լաց են լինում, աշխարհի տարբեր անկիւններում տեղի ունեցող, ծանօթ եւ անծանօթ մարդկանց կոտորածի պատճառով: Պատերազմներ, ցեղասպանութիւններ, մարդասպանական ոճիրներ եւ քաղաքական թատերգութիւններ ամենօրեայ բեմահարթակներ են յարդարում, ոճագործ «թատերագիրների» մեծ «հրաշագործութիւն»-ները բեմադրելու, իսկ տեղական թէ միջազգային լրատւամիջոցները արեան մելանն են հոսեցնում, դառնագոյն էջեր կտակելով ապագայ պատմագրին:
Մարիամի լացի աղաղակը օրից օր աւելի է բարձրաձայնւում, մեր հայրենի լեռներից ու ձորերից սկսեալ, հասնելով մինչեւ անապատները, եւ պաղեստինեան փլատակ քաղաքների վայնասուններով յորդուն փողոցները: Մանկանց դիերը ծնողների արմուկների մէջ հանգչած, սաւանակապ պարկով փոխադրւում, եւ ապա տեղադրւում են հաւաքական փոսերում, ակամայ ընդունելով անծանօթ գերեզմանների ճակատագիրը:
Մարիա՛մ, հիմա՞ ում համար ես լալիս. աշխարհի ոճրագործ ղեկավարների ձեռքերում տառապող մարդկութեա՞ն համար…: Նրանք իրենց մարդկային խիղճը ձեւափոխել են անտառի վայրենագոյն գազանի բնազդին, առատ լորձունք հոսեցնելով, մարդկային մարմիններ յօշոտող ու պատառող իրենց դնչից:
Մարիա՛մ, դու որ գունագեղ եւ մերկութեան դժոխային տեսարաններով նկարազարդւած, եւ քո քսան եղունգներով էիր պատկերւած, անբարոյութեան մոլեգոյն ճիրաններից ազատւեցիր, եւ սրբադասւած առաջին երկնայիններից հանդիսացար, ինչո՞ւ ես դեռ լաց լինում…: Քո լացի լացուցիչ ողբը լացացնում է մեզ ամէն րոպէ, որովհետեւ մանուկների լացի սազը անդադար նւագում է մեր ականջներում, մահերգների տխրահնչիւն երաժշտութեամբ:
Նոյնաձայն լացի անորոշ ձայներով խճճւել են հայ ազգի զաւակներից շատերի, ինչպէս նաեւ մեր ժողովրդի հաւաքական կեանքի հոգեկան փողոցները: Նախապէս, մեր հին ու նոր նահատակների համար հաւաքական ցասումնալի վրէժխնդրութեան կոչերն ու վրիժառութեան յառաջադէմ քայլերը, այժմ վերածւել են քաղաքական նսեմացումների եւ անհեռանկար պայմանաւորւածութիւններով սահմանւած ցածրաստիճան կռնկոսկրների: Մի կարգավիճակ, որով զգացւում է մահացած մարմնի ամբողջ ծանրութիւնը: Անապատի աւազներում, կամ նորօրեայ լեռնային անտառներում կորած նահատակների անէծքը մեր ազգի հաւաքականութեա՞նն է լինելու, թէ՞ անհատների:
Մարիամի լացը զարդանախշւել է իւրայատուկ զգացումներով…: Աւետարանի էջերում դրա համար նշւած գոյնը, ամենազօրեղ հաւատքի գոյնն է՝ սպիտակը, որի շողերի մէջ յայտնւեց յարուցեալ Յիսուսը, գերեզմանատան այգում: Մարիամի լացը դադարեց գերեզմանատնում, ուղղակի յարուցեալ Փրկչի երեւումով. բայց այսօր, մենք մեր լացը դադարեցնող եւ յուսալից ապագայ պարգեւող ունե՞նք արդեօք, անհատական եւ ազգային դիրքերում:
Լացի դադարեցման պահը ունի իր ճշգրիտ վայրը, որը շատ հեռու է մնում լացողի մտքից: Դա, գերեզմանատնում է, հոգեմտաւոր ամենանուրբ եւ զգացական ապրումների վայրն է այն, որտեղ անյետադարձ ու անվերադարձ ողջերթ է մաղթւում հանգուցեալին: Ամենադժբախտ վշտակիրի առջեւ կանգնած, եւ յոյսի քաղցրաժպիտ դէմքով, իրավիճակի պաշտպան անձը Յիսուսն է, որ իրեն համար լացող Մարիամին տւած միեւնոյն զոյգ հարցերը տալիս է ցաւակիրին. «Ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտռում»:
Իսկ դու, սոյն պատգամը ընթերցող հայ մարդ, գերեզմանատնում, քո հարազատներից մէկի թաղման ժամանակ հանդիպե՞լ ես Յիսուսին. տեսե՞լ ես ինչքան քաղցրաժպիտ հայեացքով նայում է քեզ, եւ յուսադրում յարութեան յոյսով…: Միւս կողմից, ազգային ու հաւաքական քո կեանքում, դարձեալ, զգացած բազմապիսի տառապանքներիդ համար երբ լալիս ես, մութի մէջ կամ հրապարակաւ, գիտակցո՞ւմ ես որ յարուցեալ Փրկիչ ունես կողքիդ կանգնած, եւ իր հայեացքը ուղղակի քեզ յարած դիրքում…: Նրա հայեացքի զօրութիւնը ո՛չ մի մարդ, նոյնիսկ աշխարհի հզօրագոյն զէնքների տիրակալը, չի՛ կարող քեզ փոխանցել:
Մեր հայ ազգի ներկայ անհրապոյր կացութեան եւ անձնական ու հաւաքական տառապանքների համա՞ր ես լալիս: Յետո՞յ: Քո ցաւը դարմանող, եւ քո վիշտը ամոքող ունե՞ս: Եթէ կարծո՛ւմ ես որ չունես, ուրեմն հեռացել ես քրիստոնէական քո աննկուն հաւատքից եւ յուսալքման մութ ու տխուր անդնդում ես յայտնւել, արեւակէզ երկնքի պայծառ լոյսից զրկւած:
Գերեզմանատնում, Մարիամին դիմաց կանգնած բարեւողը, պարտիզպանը չէր, եթէ դեռեւս անըմբռնելի է քեզ աւետարանական այս հատւածը: Նա Յիսուսն էր, որը անմահութեան իբրեւ պարգեւատու երեւում է մեզ, յատկապէս տխուր առիթներով: Բայց մենք, լալկանների բարձրաձայն աղմկայարոյց աւելորդաբանութիւններին, եւ ցաւակցողների յարգոյ խօսքերին ենք ականջ տալիս, մեր նայւածքը անգիտակցաբար շեղելով այնտեղ կանգնած Յարուցեալից. նոյն պահին ուղղակի քո աչքերի մէջ է սեւեռում Նա իր նայւածքը: Ճանաչո՞ւմ ես Նրան…: Նա յարուցեալ քո Փրկիչն է, մեր անհատապէս եւ ազգովին վերյառնելու յոյսի գլխաւոր, ու անփակելի աղբիւրը: Հաւատա՛:
Քրիստոս Յարեա՜ւ ի Մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի. Ամէն:
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ս. Զատիկ – 20 ապրիլ 2025
Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ