ԱտրպատականՀամայնք

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի պաշտօնական այցը Չալդրան

Չալդրանում քննարկւել են Ս. Թադէի ուխտագնացութեան եւ վանքի պահպանութեան հարցերը

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը պաշտօնական այցով գտնւել է Չալդրանում, ուր պետական պատասխանատուների հետ քննարկւել են Ս. Թադէոս Առաքեալի վանքի պահպանութեան, վերաշինական աշխատանքների եւ մօտալուտ ուխտագնացութեան կազմակերպչական հարցեր։

Երկրի ներկայ ռազմական իրավիճակի պայմաններում առաջնորդը յատուկ կերպով շեշտել է յուլիսին նախատեսւած եռօրեայ ուխտագնացութեան խաղաղ ու ապահով իրականացման կարեւորութիւնը՝ յոյս յայտնելով, որ Ս. Թադէի վանքը կրկին կը համախմբի ուխտաւորներին Իրանի տարբեր շրջաններից եւ արտերկրից, մասնաորապէս՝ Հայաստանից։

 

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ,  6 յունիսի 2026-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը պաշտօնական այցով եղաւ Չալդրանում, եւ հանդիպում ունեցաւ պետական պատասխանատուների հետ: Սրբազան հօրը ընկերակցում էին Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Գագիկ Ջորջեանը, ատենադպիր Վարդան Կարապետեանը, Իրանի հնադարեայ կառոյցների ընդհ. տնօրէն դոկտ. Շերլի Աւետեանը, եւ նրա առաջին օգնական Ալէն Գրիգորեանը:

Չալդրանի կուսակալութեան կենտրոնի դռան առջեւ առաջնորդ Սրբազան հօրը դիմաւորեց նորանշանակ կուսակալ դոկտ. Աքբարին, ընկերակցութեամբ իր փոխանորդին եւ կառոյցի տնօրէնին: Շուրջ մէկ ժամ հանդիպմանը մասնակցեց նաեւ Ատրպատականի Արեւմտեան նահանգի պետական Հնապահպան կառոյցի ընդհ. տնօրէն՝ դոկտ. Սեֆերի, ընկերակցութեամբ նրա տեղակալ ճարտ. Ֆերազի, որոնք Ուրմիայից յատկապէս էին ժամանել, Սրբազան հօր հետ սոյն տեսութեանը:

Առաջնորդ Սրբազանը շնորհաւորական խօսքով արտայայտւեց եւ երկրի ռազմական իրավիճակի դրութիւնը նկատի ունենալով, յոյս յայտնեց, որ Ս. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութիւնը Աստւած է հովանաւորելու, որպէսզի բոլոր ուխտաւորները երկրի տարբեր շրջաններից, ինչպէս նաեւ Հայաստանից խաղաղ պայմաններում ժամանեն, ու կատարեն իրենց տարեկան ուխտը, յուլիսի 16-ին, 17-ին եւ 18-ին:

Այնուհետեւ Կուսակալն ու Հնապահպանութեան պետական կառոյցի ընդհանուր տնօրէնը արտայայտւեցին, եւ իրենց գնահատանքը յայտնեցին Ատրպատականի հայոց թեմի ընձեռած կարեւոր ծրագրերին, որոնք դոկտ. Շերլիի պատրաստած նախագծերով եւ Ալէն Գրիգորեանի հսկողութեամբ արդիւնքի են հասել Վանքում, եւ դրա շրջապատում: Թեմական խորհրդի անունից իր երախտիքի խօսքը արտասանեց նաեւ ատենապետ Գագիկ Ջորջեանը, անդրադառնալով յատկապէս ուխտագնացութեան օրերի դասաւորման աշխատանքներին, կուսակալութեան աջակցութեամբ:

Արդիւնաշատ հանդիպման աւարտին, Սրբազան հայրը հայակերտ արծաթեայ նւէրներ յանձնեց բարձրաստիճան հիւրերին, իսկ դոկտ. Աւետեանը նորանշանակ Կուսակալին յանձնեց իր հեղինակած տեղագրութիւնը, Իրանի հայկական եկեղեցիների մասին:

Պաշտօնական հանդիպումից անմիջապէս յետոյ, Կուսակալն ու Հնապահպանութեան ընդհ. տնօրէնը հրաւիրեցին Սրբազան հօրը եւ նրա ընկերակիցներին, միասնաբար այցելելու Չալդրանի հնադարեայ մի մզկիթ, որտեղ թաղւել է Չալդրանի պատմական պատերազմի հերոս՝ Շէյխ Սադրէդդինը: Մզկիթի յետեւում սկսւած մի նոր կառոյցի մասին բացատրութիւններ տրւեցին Սրբազան հօրը եւ ներկաներին:

Սոյն վայրից, բոլոր այցելուները միասնաբար ժամանեցին Ս. Թադէոս Առաքեալի վանքը: Տաճարում Սրբազան հայրը աղօթք մատուցեց առ Աստւած, խաղաղութիւն հայցելով աշխարհի, եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան համար:

Վերջին վերաշինական աշխատանքների մասին լայն բացատրութիւններ տւեցին դոկտ. Շերլի Աւետեանը եւ Ալէն Գրիգորեանը, յատկապէս տաճարի ներսում ապահովական երկաթեայ սիւները նորագոյն միջոցներով ամփոփելու աշխատանքը ներկայացնելով, ինչպէս նաեւ պատերում գտնւող ճաքերը երկրաշարժից պաշտպանելու ձեւերի մասին խօսելով:

Հանդիպումը շարունակւեց Վանքի հիւրասենեակում, որտեղ խօսւեց կողքի գիւղի Թեմապատկան հողամասում, այնտեղ գտնւող հինգերորդ մատուռի մօտակայքում հիւրերի յատուկ սենեակների կառուցման մասին, որը Թեմական խորհրդի յատուկ ժողովի նիստում քննարկման է ենթարկւելու մօտ ապագայում:

Նոյն օրը յետմիջօրէին, Սրբազան հայրը եւ նրա ընկերակիցները վերադարձան Թաւրիզ:

Related Articles

Back to top button