Գրիգոր արք. Չիֆթճեան. «Մեզ միացնող ոյժը, այս երկրի նահատակների սուրբ արիւնն է»

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, փետրւարի 5-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Թաւրիզի հայոց Ազգային գերեզմանատանը, յատուկ աղօթքով պետական յարգանք ընծայւեց հայ նահատակներին: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, Թեմական խորհրդի եւ հայ համայնքի զաւակների կողքին, սոյն աղօթքին ներկայ գտնւեցին Ուրբաթօրեայ աղօթապետի ներկայացուցիչ կրօնաւորները, որոնց շարքում իսլամական քարոզչութեան շտապի տնօրէն՝ այաթ. Էսկանդարի, Թաւրիզի կուսակալ դոկտ. Գերշասբի, Նահատակների պետական հիմնարկութեան արեւելեան Ատրպատականի ընդհանուր տնօրէն՝ դոկտ. Սալմանի, ԻԻԽ-ում պատգամաւոր՝ Ջաֆարի Ազար, եւ Աշխատաւորների տան ընդհանուր տնօրէն՝ Քարիմ Սադէկզադէ:
Բացման աղօթքից եւ զինւորականների անունից պաշտօնական խօսքից յետոյ, բանակային փողերախումբը նւագեց երկրի քայլերգը եւ նահատակաց յիշատակին երաժշտութիւն ներկայացրեց: Ապա, առաջնորդ Սրբազան Հայրը իր պատգամը փոխանցեց ներկաներին, գնահատելով պետութեան այն խորը յարգանքը, որը տածում են հայ եւ բոլոր նահատակներին, որոնք Յեղափոխութեան, ինչպէս նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին կորցրել էին իրենց կեանքը: Նահատակների հանդէպ բացառիկ սէրը, Սրբազանը համարեց Իրանի Իսլամական Հանրապետութեան օրինակելի երեւոյթներից մէկը: Նա յիշեց հայ նահատակներին, որոնք անբաժան մասն են Իրանի պատմութեան, ասաց նա, շեշտելով այն յարգանքն ու հոգածութիւնը, որը պետութիւնը ցուցաբերում է նրանց հարազատներին:
Ատրպատականի կուսակալը, այս առթիւ բանախօսեց: Նա անդրադարձաւ անցած ՝47 տարիների ընթացում Իրանի Իսլամական Հանրապետութեան նկատմամբ արտաքին աշխարհից ստեղծւած դիտաւորեալ դժւարութիւններին, պատերազմների հրահրումով, սպառնալիքներով, հարիւրաւոր փակուղիների ստեղծմամբ, դեղերի եւ բժշկական միջոցների միջազգային արգելքներով, ժամանակաւոր պատերազմներ եւ յարձակումներ գործելով, ինչպէս նաեւ ահաբեկչական գործողութիւններ հովանաւորելով, որոնց բոլորի դէմ պինդ կեցւածք ցուցաբերելով, իր երկրի քաղաքացիներին պաշտպանել է Իրանի Իսլամական հանրապետութիւնը, ասաց նա:
Հանդիսութիւնից յետոյ, ներկաները միասնաբար ուղղւեցին դէպի հայ նահատակների շիրիմների մօտ, որտեղ կատարւեց խնկարկութիւն, «Հոգւոց» եւ ծաղկամատոյց: Աղօթքի աւարտին, բոլոր ներկաները, նոյնիսկ մուսուլման կրօնաւորներն ու պաշտօնական անձերը, «Ամէն» բառով իրենց աղօթքը բարձրացրին առ Աստւած, ի հանգիստ բոլոր նահատակների հոգիներին:
Գրիգոր Սրբազան յարգանքի խօսք արտասանեց «Վադիյէ Ռահմաթ»-ի մզկիթում
Կէսօրից յետոյ ժամը 4:00-ին, «Վադիյէ Ռահմաթ» իսլամական գերեզմանատունը ուղղւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի գլխաւորութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Միութիւնների եւ Կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ հայ համայնքի զաւակներից մի խումբ, յարգանքի տուրք ընծայելու Իրանցի Իսլամ նահատակներին: Այս առիթով, բացառիկ յարգանքով ընդունելով Սրբազան Հօրը, հրաւիրեցին նրան բեմ, որպէսզի օրւայ պատգամը փոխանցի:
Սրբազան Հայրը Յեղափոխութեան տօնի առիթով, թուրքերէն լեզւով շնորհաւորեց բոլորին, սակայն միաժամանակ ցաւակցեց բոլոր այն ընտանիքներին, որոնք նահատակ էին տւել պատերազմական ժամանակաշրջանում: Վերջապէս, նա անդրադարձաւ երկրի բոլոր նահատակների՝ մուսուլման, քրիստոնեայ եւ կամ այլ կրօնների պատկանող, «որոնք միացել են միմեանց հետ իրենց մահւամբ: Մեզ միացնող ոյժը, այս երկրի նահատակների սուրբ արիւնն է», ասաց նա: Իւրաքանչիւր նախադասութեան աւարտին, մզկիթում ներկայ բազմութիւնը բարձրաձայն աղաղակներով իր գոհունակութիւնը յայտնեց արտայայտւած մտածումներին, իսկ աւարտին, մեծագոչ ծափողջոյններով իր գնահատանքը յայտնեց Սրբազան Հօրը:
Յայտնենք, որ իր այցելութեան առիթով, Սրբազանը եւ իր ընկերակիցները ծաղիկներ զետեղեցին նահատակների գերեզմանաքարերի վրայ, եւ աղօթք կատարեցին նրանց հոգիների խաղաղութեան համար: Նոյն առիթով Սրբազանը ծաղիկներ զետեղեց նաեւ նախկին աղօթապետ, եւ ինքնաթիռի արկած զոհ Ալէ Հաշեմ կրօնաւորի շիրիմին:
Նշենք, որ երկու գերեզմանատներում ծաղիկների մատակարարումը եւ հիւրասիրութիւնը ստանձնել էր թեմի Վանքերի ուխտագնացութեան գործադիր յանձնախումբը:






