Քահանայից տօնի առթիւ. Ղեւոնդաց տօնը

«Որովհետեւ քահանայի շրթունքները պէտք է գիտութիւն պահեն եւ օրէնք կը փնտրեն նրա բերանից որովհետեւ նա Զօրաց Տիրոջ դեսպանն է»: (Մաղաքիայի մարգարէութիւն 2.7)
Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու նւիրապետական կարգի ամենից պատասխանատու եւ նւիրական աստիճանը քահանայութիւնն է: Քահանան Աստծոյ ծառան է կոչւած մարդկութեան փրկութեան առաքելութեանը:
Քահանայի գլխաւոր պարտականութիւնն Աստւածաշունչ Մատեանը մեր սիրելի համայնքի անդամների ձեռքերի մէջ դնելն է եւ հաղորդւելը, որ Տէր Յիսուսով նրանց փրկութիւնն ապահովւի: Աստւածաշունչը մեր զէնքն է ու դրօշակը: Այս սրբազան գրքով միայն կարող ենք արգասաբեր ակոսներ բացել Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու զաւակների սրտերում, այնտեղ աճեցնելու սէր, իմաստութիւն, խաղաղութիւն ու յաւիտենական կեանքի հանդէպ գիտակցութիւն, ցանկութիւն ու կրակ, որոնք խոստացւել են միմիայն Տիրոջը հաւատացողներին: Յովհաննէս Մանդակունի հայրապետն այսպէս է ասում. «Քահանան հոգիների բժիշկն է եւ Աստծոյ գործերի գործակիցը … նա ով քահանայական վերակացութեան պաշտօն ունի, պէտք է մեծ ջանք թափի հօտի փրկութեան համար… որովհետեւ քահանան ժողովրդի մէջ այնպէս է, ինչպէս որ աչքն է մեր մարմնի համար, պէտք է ամէն տեղ հսկի, յարդարի, մաքրի մեղքի բոլոր աղբիւրները, մի ճրագ է աշտանակի վրայ, որ պէտք է փարատի թանձրացած խաւարը եւ լուսաւորի ամենտեղ:
Այս բոլորը ոգեկոչելու համար քահանան պէտք է լինի զարգացած, ուսումնասէր, ընթերցասէր, գիտակ Սուրբ Գրքին եւ աստւածաբանական գիտութիւններին նաեւ լայնախոհ ու համբերատար, որպէսզի կարողանայ իբրեւ հայր, հայրաբար գործել, խրատել եւ դաստիարակել:
Այսօր քահանայի ամենակարեւոր եւ հրատապ պարտականութիւնը, հոգսը պէտք է լինի ժողովրդին մխիթարելը: Մեր ժամանակները գայթակղութիւններով լի եւ չար ժամանակներ են, փլուզւել են բարոյական կեանքի յենասիւները, ամենուր մոռացւել են եւ մի կողմ են նետւել հոգեւոր սկզբունքները: Մարդիկ թմրել են խղճով, մթագնել մտքով: Եսայի մարգարէն Աստծոյ անունից այսպէս է ասում «Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին … դուք քահանաներդ, Երուսաղէմի սրտով խօսեցէք եւ մխիթարեցէք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»: (Եսայի 40.12)
Մեծ պարտք է ծանրացել հոգեւորականների վրայ նախ մենք պէտք է սթափւենք, ապա զգուշացնենք ու զգաստութեան հրաւիրենք մեր ժողովրդին այն վտանգներից, որոնցով անցնում են մեր կեանքի նաւերը, որոնք կարող են անզգուշաբար հարւածել այն խութերին ու ելուստներին, որոնք ծածկւած են ժամանակակից կեանքի ծովի յատակում: Մատաթիա քահանայի որդու՝ Յուդայի մասին Մակբայեցիների առաջին գրքի 3.9 ում այսպէս է գրւած. «Նա հաւաքում էր ցրւած մարդկանց եւ գտնում կորածներին»:
Ղեւոնդ Երէցի մասին Վարդանանքի հեղինակը այսպէս է ասում «Մակբայեցւոց գիրքը բռնած կը կարդար ի լուր զօրականներին եւ կը խրախուսէր զանոնք»:
Մեր եկեղեցու եւ ժողովրդի դարաւոր պատմութեան վկայութեամբ մենք ունեցել ենք Ղեւոնդ Երէցի նման քահանաներ, որոնք իրենց հաւատքով, աւետարանական կեանքի նկատմամբ ցուցաբերած նախանձախնդրութեամբ եւ ժողովրդի հոգեւոր փրկութեան գործի հանդէպ իրենց ունեցած ջանասիրութեամբ քրիստոնէական հաւատքը միշտ վառ են պահել մեր ժողովրդի հոգում:
Այսօր Աստւած եւ ժողովուրդը այդպէս քահանայի է որոնում:
Եզեկիալ մարգարէն Աստծոյ անունից այսպէս է ասում. «Եւ ես նրանցից մարդ որոնեցի պարիսպը շինող եւ խրամատութեան առաջին կանգնող իմ դիմացը երկրի համար, որ նրան չապականեմ, բայց չգտայ»: (Եզեկիէլ 22.30)
Խօսքս աւարտում եմ Եսայի մարգարէի 6-րդ գլխի 8-րդ համարով «Եւ լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ում ուղարկեմ, եւ ով կը գնայ մեզ համար» եւ ես ասացի «Ահա ես, ինձ ուղարկիր»:
Սիրելի եղբայրներ միթէ՞ լսելի չէ այսօր ամենակալ Տիրոջ որոտալը երկնքից, եւ ո՞վ է, որ նրա մօտենալը զգում է եւ չի սարսափում «վայ ինձ, որովհետեւ կորած եմ, եւ պիղծ շուրթերով մարդ եմ եւ պիղծ շուրթերով ժողովրդի մէջ եմ բնակւում»: Եսայի 6.5
Ձորից ձոր, սարից սար անցնում է եւ արձագանք է տալիս կոչողի ձայնը «Ում ուղարկեմ, ում ուղարկեմ»
Ե՞րբ, ախ երբ պէտք է պատասխան գտնի այդ հարցին, ե՞րբ պէտք է երկնային հուրը մօտենայ մեր շուրթերին, հանի մեր անօրէնութիւնները, սրբի մեր մեղքերը որպէսզի մարդիկ գտնեն սուրբ Ղեւոնդեանց ժառանգի, մարգարէական հոգով լի քահանաներ, որի լեզւից մեղրի նման քաղցր խօսք ծորի, որի հոգու պայծառութիւնը իր պատկառելի դէմքի վրայ արտափայլի, անօրէն բռնակալներին անգամ ազդի, որի հետ ինքը Տէր Աստւածը, խօսել է, իր սուրբ կամքի թարգման եւ վկայ կարգել, հանդէս գայ, համարձակօրէն ասի «Ահաւասիկ ես, ինձ ուղարկիր»:
Նիւթը տրամադրել է Տ. ՄԵՍՐՈՊ ՔՀՆՅ. ՌԱԹԷՈՍԵԱՆԸ



