Հրաչ Վարժապետեան. «Ֆրանսուա Բայրուն երբեք հայամէտ չի եղել, միշտ դէմ է քւէարկել պրոհայկական բոլոր բանաձեւերին. վերջերս մեղմացել են նրա այդ դիրքորոշումները»
Մօտ 2 շաբաթ առաջ Ֆրանսիան նոր վարչապետ ունեցաւ՝ ի դէմս «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամէտ կուսակցութեան առաջնորդ Ֆրանսուա Բայրուի:
73-ամեայ Ֆրանսուա Բայրուն, ով փոխարինում է Միշէլ Բարնիէին (նա ստիպւած էր հրաժարական տալ վարչապետի պաշտօնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարութեան նկատմամբ արտայայտւած անվստահութեան քւէի արդիւնքում), համարւում է Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի համախոհը:
Իսկ այսօր յայտնի է դարձել 73-ամեայ Ֆրանսուա Բայրուի ղեկավարած կառավարութեան նոր կազմը: Մի շարք առանցքային գերատեսչութիւնների՝ արտաքին գործերի, ներքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւնների ղեկավարները՝ Ժան–Նոէլ Բարոն, Բրիւնօ Ռետայոն եւ Սեբաստիէն Լըկորնյուն պահպանել են իրենց պաշտօնները։ ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն արդէն շնորհաւորել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Սեբաստիէն Լըկորնիւին՝ Ֆրանսիայի զինւած ուժերի նախարարի պաշտօնում վերանշանակւելու առթիւ՝ համոզմունք յայտնելով, որ նորացւած մանդատի ընթացքում կը շարունակեն համատեղ աշխատանքը Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանական համագործակցութեան ամրապնդման եւ հետագայ զարգացման ուղղութեամբ:
Թէ ի՞նչ սպասել հայ–ֆրանսիական յարաբերութիւնների համատեքստում Ֆրանսիայի նոր կառավարութիւնից, եւ, առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում Ֆրանսիայի ներքաղաքական կեանքում, 168.am-ը փորձել է պարզել ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ հարցազրոյցում:
– Նախ պէտք է ասեմ, որ Ֆրանսուա Բայրուն երբեք հայամէտ չի եղել, կարելի է նոյնիսկ ասել, որ հակահայ դիրքորոշումներ ունէր եւ խորհրդարանում միշտ դէմ է քւէարկել պրոհայկական բոլոր բանաձեւերին, այդ թւում՝ Ցեղասպանութեան ժխտման քրէականացման հարցին առնչւող: Նա լաւ կապեր ունի ադրբեջանական–թուրքական բլոկի հետ, եւ վճռորոշ պահերին միշտ հակահայ դիրքորոշում է ունեցել:
Վերջերս այդ իմաստով յայտնապէս մեղմացել են Բայրուի բացայայտ այդ դիրքորոշումները, բայց Ֆրանսիայի հայ համայնքը եւ հայութիւնը միշտ էլ առնւազն վերապահումով է մօտեցել նրա անձին:
Ի՞նչ սպասել Ֆրանսուա Բայրուի կառավարութիւնից, ես կասէի՝ յատուկ ոչինչ, որովհետեւ Ֆրանսիան քաղաքական տագնապ է ապրում, այսպէս ասած: Գիտէք, որ նախորդ կառավարութիւնը 3 ամիս դիմացաւ, քանի որ բիւջէի հարցով վստահութեան քւէ չստացաւ, եւ, բնականաբար, կառավարութիւնը տապալւեց:
Ֆրանսուա Բայրուի այս նոր կառավարութիւնը, շատ հաւանական է, որ նոյն ճակատագիրն ունենայ, որովհետեւ խորհրդարանական երկու հիմնական ուժերը՝ ձախ միաւորումը եւ ծայրայեղ աջը, դուրս են մնացել կառավարութեան կազմից, աւելին՝ ձախ միաւորման հետ նոյնիսկ բանակցութիւններ տեղի չունեցան: Եւ սա կարող է պատճառ դառնալ, որ այս երկու ծայրայեղ կողմերը, որոնք խորհրդարանում երկու մեծ խմբակցութիւններն են, եւս մէկ անգամ տապալեն կառավարութիւնը վստահութեան քւէի հարցով:
Տեսնենք՝ ինչ կը լինի այս կամ բիւջէի իմաստով: Կան նաեւ մի քանի գլխաւոր հարցեր, որոնցից ամենահիմնականը հարկերի բարձրացման դէմ այս ծայրայեղ խմբակցութիւնների կեցւածքն է, նաեւ ծերութեան թոշակների խնդիրը կայ, որով նախորդ կառավարութիւնը տապալւեց: Եւ եթէ Բայրուի կառավարութիւնն այս հարցում նոյն կեցւածքը որդեգրի, շատ հաւանական է, որ նախորդ կառավարութեան ճակատագիրն ունենայ եւ տապալւի:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արտաքին քաղաքականութեանը, բնականաբար, կառավարութեան փոփոխութեամբ շատ հարց չի փոխւի, որովհետեւ, ինչպէս աւելի վաղ ասել եմ մի առիթով, Ֆրանսիայում նախագահն է արտաքին քաղաքականութեան հիմնական պատասխանատուն, նաեւ՝ արտաքին գործերի նախարարութիւնը, որը յաճախ «անկախ» կամ ինստիտուցիոնալ քաղաքականութիւն է վարել տասնամեակներ ի վեր 5-րդ հանրապետութեան մէջ: Բայց, կրկնում եմ, Ֆրանսիայի նախագահն է արտաքին քաղաքականութեան հիմնական պատասխանատուն, ուստի Ֆրանսուա Բայրուի այս նոր կառավարութեան օրօք Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցում խոչընդոտ չեմ տեսնում, յատկապէս, երբ Ֆրանսիայի զինւած ուժերի նախարարը մնաց նոյնը՝ Սեբաստիէն Լըկորնիւն, որի պաշտօնավարման ժամանակ ռազմական սերտ յարաբերութիւններ են ձեւաւորւել Հայաստանի հետ եւ զարգացման հեռանկարներ կան: Եւ սա բաւարար հիմք է՝ ասելու, որ նոր կառավարութեան օրօք Հայաստանի հետ յարաբերութիւններում խնդիրներ, ըստ էութեան, չեն լինի, թէպէտ, կրկնում եմ, որ Բայրուի նկատմամբ Ֆրանսիայի հայ համայնքն առնւազն վերապահում ունի, որոշների կողմից անգամ հակակրանք կայ:
– Եթէ Մակրոնը չլինի Ֆրանսիայի նախագահը, Հայաստանի հետ յարաբերութիւնները կը փոխւե՞ն, եթէ հաշւի առնենք, որ նախագահն է արտաքին քաղաքականութեան հիմնական պատասխանատուն, իհարկէ, այստեղ նաեւ կարեւոր հարց կայ՝ նայած ով նրան կը փոխարինի:
– Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի եւ Հայաստանի յարաբերութիւնները միշտ էլ շատ լաւ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, եւ ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախւած եղել այդ յարաբերութիւնները, 2 երկրների յարաբերութիւններն ի սկզբանէ սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լաւ յարաբերութիւններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ յարաբերութիւնները չեն փոխւել, նոյնն են մնացել: Այնպէս որ, Մակրոնի նախագահ չլինելուց յետոյ Հայաստանի հետ յարաբերութիւնները չեն փոխւի:
– Ֆրանսիան շարունակում է իր ռազմական աջակցութիւնը Հայաստանին, դրա աշխարհաքաղաքական, այսպէս ասած, յետին մտքերին անդրադարձել ենք մի առիթով: Արդեօ՞ք այս առումով Հայաստանի կողքին լինելու՝ Ֆրանսիայի աշխարհաքաղաքական նպատակներում փոփոխութիւն կայ, մասնաւորապէս, ՌԴ–ին դուրս մղելու Հարաւային Կովկասից:
– Արեւմուտքի կողմից, առհասարակ, այդ ցանկութիւնը եւ փորձը միշտ էլ կայ, դժւար ընթացք է արեւմտեան այդ ուղղութիւնը: Իսկ Ֆրանսիան, այո, շարունակում է իր ռազմական օգնութիւնը, համագործակցութիւնը եւ Հարաւային Կովկասում այս ձեւով իր քաղաքականութիւնը եւ շահագրգռւածութիւնը: Կարո՞ղ է այդ իմաստով բան փոխւել, չեմ կարծում: Միւս կողմից, այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանային առումով՝ Սիրիայում վերջին զարգացումները՝ Ասադի վարչակարգի տապալումը եւ դրանից յետոյ տեղի ունեցողը, Լիբանանում վերջին իրադարձութիւնները «Հեզբօլլահ»-ի հետ կապւած, այս բոլորը, բնականաբար, տարածաշրջանային քաղաքականութեան մէջ նոր իրավիճակ է ստեղծելու, արդէն ընթացքի մէջ է: Եւ բնականաբար, այս բոլորի մէջ Ֆրանսիան պիտի փորձի գտնել իր տեղը, եւ իր ռազմական քաղաքականութիւնը, որ Հայաստանի հետ իրականացնում է, անշուշտ, փորձելու է առաւել սերտացնել: Այո, միշտ էլ կայ ՌԴ-ի դէմ ուղղւած Արեւմուտքի այդ քաղաքականութեան փաստը՝ Հարաւային Կովկասում թէ մէկ այլ տեղ, այդ թւում՝ Ֆրանսիայի կողմից: Եւ այս բոլոր շարժումները, ընդարձակումները դէպի Հարաւային Կովկաս, Հայաստան, բնականաբար, նաեւ ՌԴ-ի դէմ ուղղւած քայլեր են: Սա պէտք է յստակ նկատի ունենալ:
– Ֆրանսիա–Թուրքիա յարաբերութիւններն այսօր ինչպէ՞ս էք գնահատում, եւ Մակրոնն ու Էրդողանն այսօր ի՞նչ առաջնային թեմաներ ունեն խօսելու, հեռախօսազրոյցների միջոցով քննարկելու: Ի դէպ, վերջերս թուրքական եւ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Ֆրանսիան գաղտնազերծումներ է արել եւ արբանեակային լուսանկարներ հրապարակել Թուրքիայի կարեւոր ռազմավարական օբիեկտների վերաբերեալ: Եւ եթէ Ֆրանսիա–Թուրքիա յարաբերութիւնները կարգաւորւեն որոշ չափով, դա կարո՞ղ է ազդել Հայաստան–Ֆրանսիա յարաբերութիւնների վրայ եւ Հայաստանին զէնք մատակարարելու պլանների վրայ:
– Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան յարաբերութիւններն այսօր բարւոք վիճակում չեն, որովհետեւ ֆրանսիական կղզիներում Ֆրանսիա պետութեան դէմ խժդժութիւնները, որոնք տեղի են ունենում, այդտեղ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մատն է խառը, ինչը, բնականաբար, Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան յարաբերութիւններում սեպ է խրում: Բայց նաեւ բնական է, որ քաղաքականութիւնը միշտ էլ փոփոխական է, եւ վաղը կարող է երկուստեք շահերը փոխւեն, եւ Ֆրանսիա-Թուրքիա յարաբերութիւնները կարող են բարելաււել: Սակայն սա չի նշանակում, որ Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան յարաբերութիւնները եթէ մի օր բարելաււեն, դա կազդի Հայաստան-Ֆրանսիա յարաբերութիւնների վրայ, որովհետեւ Ֆրանսիայի նման պետութիւնները, մեծ պետութիւնները նմանօրինակ հարցերով շատ չեն տարւում, այսինքն, մի ուղղութեամբ տարւող քաղաքականութիւնը յաճախ միւսի վրայ, այսպէս ասած, ազդեցութիւն չի ունենում:
Աւելին, Ֆրանսիան Թուրքիայի հետ այլ յարաբերութիւն ունի, Ադրբեջանի հետ՝ բոլորովին այլ, Հայաստանի հետ՝ լրիւ տարբեր յարաբերութիւն: Այսինքն, մեծ պետութիւնների դէպքում սա յատուկ քաղաքականութիւն է, եւ չեն կարող այդքան «մանրանալ»՝ վերը նշւած մի յարաբերութիւնը միւսին կապելով: Եթէ յանկարծ այնպէս պատահի, որ Ֆրանսիա-Թուրքիա, Ֆրանսիա-Ադրբեջան յարաբերութիւնները բարելաււեն, դա չի կարող պատճառ դառնալ, որ Հայաստանի հետ յարաբերութիւնները վատանան: Իսկ այս պահի դրութեամբ, կրկնում եմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները բարւոք չեն, եթէ չասենք՝ յատկապէս Ադրբեջանի հետ յարաբերութիւնները Ֆրանսիայի բաւական լարւած են, պատճառների մասին արդէն խօսեցի:
– Ի դէպ, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ պնդում է, որ Մակրոնի ղեկավարած Ֆրանսիան ձախողւած է, թուլացած, որովհետեւ նաեւ Աֆրիկան է կորցնում:
– Մակրոնի Ֆրանսիան միջազգային քաղաքականութեան մէջ երբեմնի իր հեղինակութիւնը կորցրել է արտաքին քաղաքականութեան առումով, ինչպէս նաեւ իր ներքին պառակտւած վիճակով, ինչի ականատեսը եղանք վերջին մէկ տարում՝ կառավարութիւնների փոփոխութիւններ, Մակրոնը երկրի մէջ իրար յաջորդող ընտրութիւններում կորցրեց առաջատարի իր դիրքը, եւ, ըստ ընդդիմութեան, պարտութիւն է կրում, սա, իհարկէ, ազդում է Մակրոնի հեղինակութեան վրայ:
Այո, Ֆրանսիան Աֆրիկան սկսել է կորցնել, նախկին ֆրանսիական գաղութներում հետզհետէ իրենց դիրքերն են ամրապնդում Չինաստանը, որոշ չափով՝ Ռուսաստանը: Եւ Ֆրանսիան հետզհետէ սկսում է թուլանալ եւ կորցնել իր հիմնական աղբիւրներն Աֆրիկայում: Այս իմաստով, կարելի է ասել, որ Մակրոնի վարած քաղաքականութեան հետեւանքով աշխարհաքաղաքական առումով Ֆրանսիան առաջադիմութեան փոխարէն՝ յետընթաց է արձանագրել:
– Այս համատեքստում վերադառնանք Սիրիայում եւ Լիբանանում տիրող իրավիճակին, ի՞նչ պատկեր ենք ստացել այսօր:
– Շատ յստակ քաղաքականութիւն էր վարւել Արեւմուտքի կողմից, եւ յատկապէս Թուրքիայի եւ Իսրայէլի կողմից եւ միջոցով՝ Լիբանանում հասնելու «Հեզբօլլահ»-ի ռազմական թուլացմանը, վերջինում յատկապէս պիտի շեշտենք Իսրայելի դերակատարումը, եւ այս համատեքստում, բնականաբար, «Հեզբօլլահ»-ը ռազմական առումով կորցնում է իր հեղինակութիւնը տարածաշրջանում: Սրան անմիջապէս յաջորդեցին Սիրիայում հարւածները՝ Բաշար ալ-Ասադի իշխանութեան վերացումով, ինչն արդէն նոր իրավիճակ ստեղծեց, որից Իսրայէլը եւ ԱՄՆ-ը, մասնաւորապէս, օգտւում են: Հարցն այն է, որ նախկինում Արեւմուտքի կողմից ահաբեկիչ համարւած մարդը, նրա խմբաւորումն այսօր արդէն Սիրիայում իշխանութիւն է, մինչ այդ ընդդիմութիւն էր դիտարկւել, ինչը խօսում է արեւմտեան «կեղտոտ» քաղաքականութեան մասին:
Եւ արդէն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան փորձում են գործակցել նրանց իշխանութեան հետ, որոնց հէնց իրենք ժամանակին ահաբեկիչ էին համարում: Ե՛ւ Լիբանանում, ե՛ւ Սիրիայում ունենք հայ համայնք, եւ հայութեան առումով մտահոգող հարցեր կան, բնական է, որ իսլամիստների այս նոր ներկայութիւնն առնւազն հարցականներ է ստեղծում:
Եւ այս իմաստով պէտք է նոր դրւածքին վերապահումով մօտենալ եւ մեծ յոյսեր չկապել քարտէզի փոփոխութեան հետ, որը նոյնիսկ կարող է բացասական ազդեցութիւն ունենալ Հարաւային Կովկասում եւ Հայաստանի վրայ: Այսինքն, այս ամէնին պէտք է աչալրջութեամբ հետեւել: Յատկապէս Սիրիայում մեր մտահոգութիւններում նկատի պէտք է առնել նաեւ Թուրքիայի յաջողութիւնն այնտեղ, երբ փորձ արւեց իր կամքը պարտադրել Ռուսաստանին եւ Իրանին: Սա մեզ երկու իմաստով է մտահոգում. Թուրքիան մեր թշնամին է, եւ երկրորդ մեր դաշնակիցները՝ Իրանը եւ Ռուսաստանը, Սիրիայում չյաղթեցին եւ շրջանցւեցին:
– Հարցազրոյցն ամփոփենք Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում առկայ իրավիճակին առնչւող հարցով՝ արդեօ՞ք Ֆրանսիայում հայ համայնքը պառակտւած է, որքանո՞վ է այն պահանջատէր Ցեղասպանութեան ճանաչման հարցում: Ի դէպ, Ֆրանսիան ՄԽ–ի համանախագահող երկիր է, այսօր նաեւ այն լուծարելու ադրբեջանական պահանջ կայ, ինչպէ՞ս է Ֆրանսիան եւ տեղի հայ համայնքը դրան վերաբերւում:
– Ֆրանսիայի հայ համայնքը պառակտւած չէ, բայցեւ կորցրել է իր երբեմնի միասնականութիւնը, որի գլխաւոր պատճառը ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն է, նրա՝ Սփիւռքը քանդելու, մասնատելու ապիկար, վտանգաւոր եւ ապազգային քաղաքականութիւնը: Եւ սա է պատճառը, որ այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կորցրել է իր միասնականութիւնը, պառակտւած բառը ճիշտ չեմ համարում տւեալ դէպքում: Սա յստակ է: Բայց պէտք է ասել, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցում հայ համայնքը, բարեբախտաբար, իր միասնականութիւնը պահում է, եւ համայնքի բոլոր տարրերը միշտ էլ բացասաբար են վերաբերւում ՀՀ իշխանութիւնների կողմից վարւող քաղաքականութեանը՝ Հայոց Ցեղասպանութեանն առնչւող: Կրկնում եմ, Ֆրանսիայի հայ համայնքը Ցեղասպանութեան հետ կապւած՝ պահում է իր միասնականութիւնը: