Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը քրդական հարցով. ի՞նչ սպասել Հարաւային Կովկասում
Թուրքիան կոշտացնում է դիրքորոշումը Սիրիայում քրդական հարցով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի)։ Այս մասին յայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը՝ առանց յաւելեալ մանրամասներ ներկայացնելու:
Նախարարութեան հրապարակած լուսանկարներում եւ տեսանիւթերում երեւում է, թէ ինչպէս են Ֆիդանն ու ալ-Շարան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ կազմակերպել էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման գործողութիւնը, գրկախառնւում եւ ձեռք սեղմում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը յայտնել էր, որ Ֆիդանը կը մեկնի Դամասկոս։
Դամասկոսում Թուրքիայի ԱԳ նախարարը մի շարք ուշագրաւ յայտարարութիւններ է արել։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցելու Սիրիային պետական ինստիտուտների վերականգնման գործում։ «Ես Դամասկոսում եմ, որպէսզի ասեմ, որ թուրք ժողովուրդը, թուրքական պետութիւնը եւ մեր նախագահ Էրդողանը միշտ ձեր կողքին են լինելու։ Այս յաղթանակը պատկանում է միայն ձեզ եւ ոչ թէ ուրիշներին։ Սիրիայում պետական ինստիտուտների վերականգնման համար Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու»,- յայտարարել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը բանակցութիւնների ընթացքում ընդգծել է, որ Սիրիայում կայունութեան հաստատումն առաջնահերթութիւն է, որին հասնելու համար անհրաժեշտ է երկրում ապահովել անվտանգութիւնը, օրէնքի գերակայութիւնը եւ փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը։
«Անհրաժեշտ է ստեղծել ներառական վարչակազմ, որը կը ներառի բոլոր կրօնական եւ էթնիկ խմբերին։ Երկրի կառուցումը, որտեղ բոլորն ապրում են խաղաղութեան մէջ, եւ տիրում է արդարութիւնը, կը լինի նոր Սիրիայի ամենամեծ ձեռքբերումը եւ նրա ապագայի երաշխիքը։ Որպէս Թուրքիա՝ մենք պատրաստ ենք կիսւելու կառավարական ինստիտուտների եւ բիզնեսի բարեփոխման մեր փորձով։ Մեր նախագահն այս առնչութեամբ բոլոր կառոյցներին տւել է անհրաժեշտ յանձնարարականներ»,- յայտարարել է Ֆիդանը։
Բացի այդ՝ Թուրքիայի արտգործնախարարը նաեւ յայտարարել է, որ Անկարան Սիրիային կաջակցի ահաբեկչութեան դէմ պայքարում։
«Այսօրւայ հանդիպման ժամանակ մենք հաստատել ենք մեր միասնական դիրքորոշումը ահաբեկչութեան դէմ պայքարի հարցում։ Եւս մէկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Քրդստանի Աշխատաւորական կուսակցութիւնը» եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» բացարձակապէս տեղ չունեն Սիրիայում։ Այս ահաբեկչական կազմակերպութիւնները բռնազաւթել են Սիրիայի ժողովրդի հողերը եւ գողանում են նրա բնական պաշարները։ Ես եւս մէկ անգամ տեսայ, թէ որքան վճռական է տրամադրւած սիրիացի ժողովուրդը՝ պայքարելու «Քրդստանի Աշխատաւորական կուսակցութեան» եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դէմ։ Այս խմբաւորումները պէտք է հնարաւորինս շուտ ինքնալուծարւեն։ Մենք պատրաստ ենք հնարաւորինս ուժեղ օգնութիւն ցուցաբերելու Սիրիայի ժողովրդին ահաբեկչութեան դէմ պայքարում»,- յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նա յաւելել է, որ այս օգնութիւնը ներառում է նաեւ օգնութիւն «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման դէմ պայքարում։
Ֆիդանը նաեւ ասել է, թէ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է Թուրքիայի անվտանգութիւնն առաջնահերթութիւն դարձնելու կարեւորութիւնը, քան Վաշինգտոնի աջակցութիւնը քուրդ զինեալներին։ Սրանով նա ուղերձ է յղել նաեւ ԱՄՆ նոր վարչակազմին, ըստ էութեան կոչ անելով հաշւի առնել Թուրքիայի եւ ոչ քրդական շահերը։ Ըստ նրա, Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը քննարկման ենթակայ չէ։ Ֆիդանի որակմամբ, Սիրիայի տարածքային ամբողջականութեան գլխաւոր սպառնալիքը երկրի հիւսիսում գործող քրդական ուժերն են, որոնք «օկուպացրել են Սիրիայի տարածքը եւ շահագործում են երկրի բնական պաշարները»։ Ֆիդանն իր ելոյթում, սակայն, չի յիշատակել Սիրիայի հիւսիսում գտնւող այն շրջանների մասին, որոնք Թուրքիայի զինւած ուժերի հսկողութեան ներքոյ են։ Անկարայի եւ դրա դաշնակիցը հանդիսացող «Սիրիայի ազգային բանակ» խմբաւորման հսկողութեան ներքոյ է գտնւում Սիրիայի հիւսիսային շրջանների 9 հազար քառակուսի կիլոմետրը։
Ուշագրաւ է նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը France 24-ին տւած հարցազրոյցում խօսել է Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումների մասին։ Հարցին, թէ կա՞յ համաձայնագիր, որում Իրանն ու Ռուսաստանը, որոնք տարիներ առաջ մեծ ներդրումներ էին կատարել՝ ի պաշտպանութիւն Սիրիայի տապալւած նախագահ Բաշշար ալ-Ասադի, յանկարծակի դուրս եկան առանց կրակոցների, Ֆիդանն ասաց, որ «դա համաձայնութիւն չէր անւանի»:
«Թուրքիան տեսնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր իշխանութեան տարիների շնորհիւ մարտավարական առաջնորդից վերածւել է լաւ ռազմավարական մտածողի»։ «Նա շատ լաւ գիտի, թէ ինչն է կարեւոր, ինչը՝ պակաս կարեւոր, ինչում ներդրում անել, ինչ-որ բան կայո՞ւն է, թէ՞ ոչ։ Ուստի, կարծում եմ, որ նա վերջնական հաշւարկ է կատարել սիրիական հարցում եւ որոշել է այլեւս չշարունակել»,- ասել է Ֆիդանը։
Խօսելով Ասադին Իրանի աջակցութեան աւարտի մասին՝ Ֆիդանը նշել է, որ այս երկիրը «նոյնպէս հաշւարկել է իր բոլոր տարբերակները եւ շատ իրատեսական դիրքորոշում որդեգրել»։
Մեկնաբանելով Սիրիայում ռուսական բազաների հնարաւոր ճակատագիրը՝ թուրք նախարարն ասել է, որ «դա սիրիացի ժողովրդի խնդիրն է»։
«Սա մի հարց է, որը կախւած է սիրիացի ժողովրդից։ Եթէ համաձայնութեան գան, դա իրենց որոշումն է լինելու, կը տեսնենք, բայց որքան կարող ենք ասել, ռուսները զօրքերի վերատեղակայման գործընթացում են։ Մենք չգիտենք, թէ այս գործընթացի աւարտին նրանցից քանիսը կը մնան Սիրիայում բազաներում»,- ասել է նա:
Սիրիական ճակատում թուրքական դիրքերի ամրապնդման ֆոնին ուկրաինական ճակատում Ուկրաինայի իշխանութիւնները, որոնք բացառում էին բանակցութիւնները, Փարիզում Մակրոն-Զելենսկի-Թրամփ հանդիպումից յետոյ սկսում են աւելի յաճախ խօսել Ռուսաստանի հետ բանակցութիւնների անխուսափելիութեան մասին։
Զելենսկու գրասենեակի ղեկավարի խորհրդական Սերգէյ Լեշչենկոն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի յաղթանակից յետոյ ստեղծւած նոր իրողութեանը, յայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցութիւններն անխուսափելի են, Ուկրաինան պէտք է պատրաստ լինի դրան։
«Մենք պէտք է հասկանանք, որ Ամերիկայում փոփոխութիւններ են եղել, եւ այդ փոփոխութիւնները մեզանից պահանջում են պատրաստ լինել բանակցութիւնների»,- ասել է նա։
«Երբ Թրամփը դուրս եկաւ ընտրապայքարի, ասաց, որ դադարեցնելու է այս պատերազմը։ Ստեղծւած պայմաններում նա ուսումնասիրելու է՝ ով է դրան պատրաստ»,- ասել է Լեշչենկոն։ Le Parisien-ի հետ զրոյցում էլ օրերս Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատերազմի «սառեցման» եւ Ռուսաստանի հետ արագ պայմանաւորւածութիւնների վտանգ կայ։
Զելենսկին նաեւ նշել է, որ Թրամփին դեռ հասանելի չեն պատերազմի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկութիւնները, մասնաւորապէս՝ Պենտագոնի եւ դիւանագիտական որոշ ուղիներով ստացւող հետախուզական տւեալները։ «Երբ նա այնտեղ լինի, մենք կը կարողանանք խօսել նոյն լեզւով, նոյն մակարդակի տեղեկատւութեան հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ռուս արեւելագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ Թուրքիան պատրաստւում է Սիրիայի տարածքում նոր իշխանութեան ձեռքով ազատւել քրդական հարցից։
Նա յիշեցրեց, որ օրերս Թուրքիայում եւ մի շարք այլ ռեգիոնալ կէտերում էր գտնւում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Կարծում եմ՝ այս հարցում այս վարչակազմը յստակ դիրքորոշում ունի եւ աջակցում է քրդերին, փորձում համապատասխան աշխատանք տանել, անվտանգութիւն ապահովել։ Սակայն պատահական չէ, որ Ֆիդանը դիմում է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփին, քանի որ կարծես ակնկալիքները հէնց Թրամփի վարչակազմից են եւ նրա նախագահական շրջանից։ Այսինքն՝ այդ փուլում կը փորձեն քրդական ուժերի դէմ գործողութիւններն ակտիւացնել։ Թուրքիայի ԱԳ նախարարը խօսում է միասնական Սիրիայի մասին, կարծես որպէս ինքնիշխան երկիր, սակայն բոլորն են հասկանում, որ Սիրիայի նկատմամբ ամենամեծ ազդեցութիւնը Թուրքիայինն է։ Թուրքիայի համար սա պատմական հնարաւորութիւն է, շատ ջանքեր են ներդրւել Սիրիայի տարածքում հաստատւելու համար, որպէսզի քրդական վտանգը վերացւի։
Հարցն ամենեւին ահաբեկչութիւնը չէ, հէնց քրդական հարցն է։ Թուրքիան ահաբեկչական կառոյցների հետ աշխատելու փորձ ունի, իսկ այդպիսի կառոյց էր Սիրիայի նոր իշխանութիւնը։ ԱՄՆ ապագայ իշխանութեան պաշտօնավարման շրջանը քրդերի համար բարդ է լինելու, մեծ հարց է, թէ ինչպէս կաջակցի Թրամփի վարչակազմը քրդերին»,- ասաց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։
Վերլուծաբանն ուշադրութիւն հրաւիրեց Թրամփի վերջերս արած յայտարարութեանը, որ Սիրիայում ծաւալւող զարգացումների առանցքային դերակատարը Թուրքիան է, եւ Սիրիայի ապագայի բանալին Թուրքիայում է։
«Սրանք առանցքային յայտարարութիւններ են, որոնք ցոյց են տալիս, որ Թրամփը խնդիր չի տեսնում Թուրքիայի քաղաքականութիւնում Սիրիայում քրդերի դէմ։ Բնականաբար, բոլորը հասկանում են Թուրքիայի հետագայ հնարաւոր գործողութիւնները, եւ երեւի թէ պէտք է մտածել, որ միջամտութիւն չի լինելու»,- նկատեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, պատահական չէ, որ Ֆիդանը, Էրդողանը ՌԴ ղեկավարի հասցէին դրական ձեւակերպումներ են անում։
«Ակնյայտ է դառնում, որ Ռուսաստանն ու Իրանը կոնսենսուս չեն ունեցել Թուրքիայի հետ Սիրիայի հարցով, նախապէս բանակցութիւններ չեն եղել, եւ Ասադի տապալման համաձայնութիւն չի տրւել, սակայն այնուամենայնիւ որոշակի լուռ հաշւարկ բոլորն են արել, այդ թւում՝ Ռուսաստանը, որը պատերազմի մէջ է Ուկրաինայում, իսկ Ռուսաստանի «առջեւ» կրկին կանգնած է Թրամփի վարչակազմը, որը խոստացել է խաղաղութիւն հաստատել, եւ այստեղ էլ Ռուսաստանը որոշակի ակնկալիքներ ունի։
Ցաւօք, թէ բարեբախտաբար, երկրները մշտապէս առաջնորդւում են՝ ելնելով իրենց առաջնահերթութիւններից, եւ երբ որեւէ աջակցութիւն արդէն հարւածում է սեփական շահերին, այն այլեւս անիմաստ է դառնում, ու այդտեղ փոփոխութեան է պէտք դիմել»,- ասաց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։
Ռուս արեւելագէտի կարծիքով, Մերձաւոր Արեւելքում իր նպատակներին հասնելուց յետոյ կամ դրանց զուգահեռ, բնականաբար, Թուրքիան ցանկանալու է հասնել իր նպատակներին նաեւ Հարաւային Կովկասում։
«Ինչպէս բազմիցս ասել եմ, նրանց մեծ ցանկութիւնը Թուրանական միջանցքն է, որից վերջին տարիներին անընդհատ խօսում են։ Սակայն Անդրկովկասում եւս կարեւոր է այն, թէ ինչպէ՞ս կը բաշխւեն ռեգիոնալ ազդեցութեան գօտիները, ինչպիսի՞ կոնֆիգուրացիա կը ձեւաւորւի Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջեւ։ Կարծում եմ՝ ինչպէս մնացած հարցերում, Թրամփի վարչակազմն Անդրկովկասի հարցում եւս աւելի պասիւ քաղաքականութիւն է վարելու՝ ակտիւութիւնը թողնելով ռեգիոնալ խաղացողներին։
Վերջին տարիների ընթացքում ՌԴ-ն էականօրէն զիջել է իր դիրքերը, Թուրքիան՝ է՛լ աւելի ամրապնդւել, իսկ Իրանը, չնայած յաւակնութիւններին, էականօրէն չի մեծացրել ազդեցութիւնը։ Ուստի, կարծում եմ, այս հարցերը կարեւոր են, երբ դիտարկում ես փաթեթային, քանի որ ԱՄՆ-ի որոշակի նահանջի ֆոնին, որը դեռ յայտնի չէ, թէ ինչ ձեւ ու ծաւալ կունենայ, ընթանում է մնացած խաղացողների ամրապնդում, Հարաւային Կովկասի նկատմամբ եւս ամենամեծ յաւակնութիւնը դրսեւորում է Թուրքիան, սակայն իրավիճակն այդքան էլ պարզ չէ, որքան թւում է. այն կապ ունի շատ աւելի լայն բանակցութիւնների ու հաշւարկների հետ»,- ասաց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին։