Երկարակեցութեան հասնելու համար պէտք է քիչ ուտել, բայց սոված չմնալ
Նիւ Ջերսիի (ԱՄՆ) Ջեքսոնի լաբորատորիայի գիտնականները պարզել են, որ կեանքի տեւողութիւնը մեծացնելու համար պէտք է սահմանափակել ընդունւող կալորիաների քանակը, սակայն խուսափել երկարատեւ սովից։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Nature ամսագրում։
Պարզելու համար, թէ սննդակարգի որ տեսակն է ամենաարդիւնաւէտ կեանքը երկարացնելու համար, գիտնականները փորձարկում են անցկացրել մկների հինգ խմբի վրայ։ Նշւում է, որ հետազօտողները խուսափել են սերտօրէն կապւած լաբորատոր կենդանիների օգտագործումից՝ արդիւնքների ճշգրտութիւնը բարձրացնելու համար։ Առաջին խումբը ստացել է անսահմանափակ քանակութեամբ սնունդ, երկրորդ խմբի կալորիականութիւնը կրճատւել է 40%-ով, իսկ երրորդը՝ 20%-ով։ Չորրորդ եւ հինգերորդ խմբերը կերակրւել են համապատասխանաբար շաբաթական մէկ եւ երկու անգամ:
Պարզւել է, որ մկները, որոնք օգտագործում էին նորմալ կալորիաների 60%-ը, միջին հաշւով աւելի երկար են ապրել, քան միւսները՝ մօտ 34 ամիս: Մարդկային համարժէքով սա մօտաւորապէս 85 տարի էր: Կրծողները, որոնց կալորիականութեան քսան տոկոս նւազմամբ դիետայի են ենթարկւել, ապրել են միջինը 30 ամիս (մօտ 80 մարդկային տարի):
Կենդանիները, որոնք շաբաթական մէկ կամ երկու անգամ էին ուտում, կեանքի աւելի կարճ տեւողութիւն են ունեցել։ Նրանք ապրել են ընդամէնը 28 ամիս (70 մարդկային տարի): Առանց սննդակարգի սահմանափակման՝ կրծողները ապրել են ամենակարճը՝ միջինը 25 ամիս, ինչը մարդկանց համար համարժէք է 70 տարւայ։
Գիտնականների կարծիքով՝ կեանքի բարձր տեւողութիւնը պայմանաւորւած էր ոչ թէ սովով, այլ կալորիականութեան չափաւոր կրճատմամբ։ Այս դիտարկումը կիրառելի էր բոլոր մկների համար՝ անկախ մահւան ժամանակ նրանց քաշից: Հետազօտողները յաւելել են, որ երկարատեւ ծոմապահութիւնը թուլացրել է մկների իմունային եւ վերարտադրողական համակարգերը, ինչպէս նաեւ նւազեցնել նրանց էներգիայի մակարդակը: Նման փոփոխութիւնները չեն նպաստում երկարակեցութեանը։
Հետազօտութեան հեղինակները նշել են, որ մկան մարմինը լիովին նման չէ մարդու մարմնին, ուստի բացայայտումները պէտք է զգուշութեամբ մեկնաբանւեն: Այնուամենայնիւ, արդիւնքները կարեւոր հետեւանքներ ունեն մարդու կեանքի տեւողութիւնը երկարացնելու հետագայ հետազօտութիւնների համար, որոնք սովորաբար ուսումնասիրում են նիւթափոխանակութիւնը որպէս կենսաբանական տարիքի ցուցանիշ:
News.am