Լաւրով. «ԵՄ երկրները չպէտք է Ռուսաստանի հետ խօսեն գերազանցութեան լեզւով»

«ԱԼԻՔ» – Եւրամիութեան երկրները չպէտք է Ռուսաստանի հետ խօսեն գերազանցութեան լեզւով։ Այս մասին, ըստ ռուսական «Իզւեստիա»-ի՝ երէկ՝ ապրիլի 20-ին լրագրող Պաուէլ Զարուբինին տւած հարցազրոյցում յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը:
«Կարիք չկայ Ռուսաստանի հետ խօսել նման լեզւով (գերազանցութեան): Եւ եթէ այս «կամաւորների կոալիցիան» գլխաւորում են գոնէ մի քանի քիչ թէ շատ ողջամիտ առաջնորդներ, ապա նրանք պէտք է արագ գիտակցեն դա»,- ասել է Լաւրովը լրագրողի Telegram ալիքում հրապարակւած հարցազրոյցում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ երկրների ղեկավարները «գնում են Եւրոպայում նացիստական գաղափարախօսութեան վերածնման ճանապարհով» եւ «բղաւում» ռազմատենչ ու թշնամական կարգախօսներ Ռուսաստանի նկատմամբ։
Լաւրովը յաւելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած խնդրի բաց քննարկման, սակայն արժանապատիւ պահւածք է ակնկալում նրանցից, ում հետ կը բանակցի։
Լաւրովը յայտարարել է նաեւ, որ մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում Յաղթանակի օրւայ տօնակատարութեան ժամանակ ԵՄ-ի կողմից անդամ երկրների Ռուսաստան այցելելու արգելքը վերականգնում է նացիզմի գաղափարախօսութիւնը։ Ըստ նրա, ռուսաստանեան կողմը «կը գործադրի բոլոր ջանքերը», որպէսզի եւրոպական երկրները վերադառնան իրենց «ճշմարիտ արժէքներին», եւ որ նացիստական հայեացքները չտարածւեն նրանց մէջ։