Հայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեանը՝ ՆԳՆ մարզային վարչութեան պետին. «ՀՀ քաղաքական ղեկավարութիւնը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»

«ԱԼԻՔ» ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Ոստիկանութեան բարձրաստիճան սպայի լկտի պահւածքին.

«ՆԳՆ մարզային վարչութեան պետը արցախցի ֆոտոլրագրողին ասում է՝ «Արցախից ինչի՞ դուրս եկաք, մնայիք Արցախում»:

Եթէ ոստիկանութեան բարձրաստիճան պաշտօնեան իրաւագիտակցութեան այսպիսի մակարդակում է, ապա սա արդէն համակարգային կատաստրոֆա է, բայց ամէն դէպքում յատուկ իր նմանների համար ասեմ:

ՀՀ քաղաքական ղեկավարութիւնը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպէս Ադրբեջանի մաս ու նւիրեց Ադրբեջանին:

Եթէ դու ու քո նմանները նորմալ էք համարում ադրբեջանացւած Արցախում ապրելը՝ համատարած ծաղրի, վիրաւորանքի ու մահւան սպառնալիքի ներքոյ, ապա կարող էք հանգիստ գնալ ոչ միայն Արցախ, այլ Ադրբեջանի ցանկացած քաղաք ու համատեղ ապրել:

Այսպիսի մարդկանց համար՝ գիտակցւած կամ չգիտակցւած, արցախցիները կա´մ պէտք է ընտանիքներով բնաջնջւէին կա´մ ապրէին Ադրբեջանի անձնագրերով եւ նրանց քմահաճոյքներով:

Չնայած ինչպէս պէտք է առաջնորդւի գնդապետի կոչումով ոստիկանը, եթէ տեսնում է, թէ ինչպէս է կմկմալով ներողութիւն աղերսում իր նախարարը՝ Արցախ կամ Արցախի Հանրապետութիւն ասելիս:

Ձեր համար Արցախը լաւ օրերի վայր էր, որտեղ գնում ու քէֆ էիք անում, որտեղ այդ նոյն արցախցին լայն սրտով ու ջերմութեամբ ընդունում, յարգում/պատւում էր եւ արցախցու հիւրասիրութեամբ նւէրներով ճանապարհում:

Իմ ու իմ նմանների համար Արցախը հայրենիք է, որի ժամանակաւոր կորուստն անձնական ողբերգութիւն է:

Յ. Գ. – Կը ներէք լաւատեսութեանս համար, բայց յոյս ունեմ, որ վերոնշեալ ոստիկանն իր մէջ ուժ եւ բարոյականութիւն կը գտնի ու ներողութիւն կը խնդրի իր անպատիւ կեցւածքի համար»,- գրել է պատգամաւորը:

Related Articles

Back to top button