Զատուլին. «Ցաւօք, չեմ կարող զանգահարել եւ շնորհաւորել իմ ընկեր Բակոյին»

«ԱԼԻՔ» – Օգոստոսի 30-ը Արցախի Հանրապետութեան նախկին նախագահ Բակօ Սահակեանի ծննդեան օրն էր: Այդ առիթով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եւրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէն Կոնստանտին Զատուլինը երէկ գրառում է կատարել, որում ընդգծել է՝ Բակօ Սահակեանը, Ռոբերտ Քոչարեանը եւ Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դաւաճանութեան զոհ են։
«Այդ քաղցր «ազատութիւն» բառը։ Այսօր՝ օգոստոսի 30-ին, լրանում է իմ մեծ բարեկամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին նախագահ Բակօ Սահակի Սահակեանի 65-ամեակը։ Վաղը իմ միւս ընկերոջ՝ ԼՂՀ առաջին եւ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարեանի ծննդեան օրն է։
Տղամարդկանց շրջանում նախկին ընկերներ չեն լինում։ Ես համարել եմ եւ շարունակում եմ համարել իմ պարտքը՝ շնորհաւորել Ռոբերտ Քոչարեանին, որին Հայաստանի խղճուկ իշխանութիւնները շարունակում են հետապնդել՝ նոյնիսկ այն բանից յետոյ, երբ ստիպւած եղան նրան ազատել բանտից։ Բայց, ցաւօք, չեմ կարող զանգահարել կամ շնորհաւորական հեռագիր ուղարկել իմ ընկեր Բակոյին։ Նա արդէն երկու տարի է, ինչ գտնւում է Բաքւի բանտում՝ բռնազաւթւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան այլ ղեկավարների հետ միասին, որոնք ինձ մօտ են կամ ծանօթ։
Թերեւս ինչ-որ տեղ մօտակայքում Ռուսաստանի այն քաղաքացիներն են, որոնց վերջերս վրէժխնդրութիւնից դրդւած բանտարկել են Ադրբեջանում։ Ես նրանց չեմ ճանաչում, բայց, իհարկէ, կարեկցում եմ նրանց եւ նրանց ընտանիքներին։
Բայց ես լաւ եմ ճանաչում Բակօ Սահակեանին, Արկադի Ղուկասեանին եւ նրանց միւս ընկերներին, որոնք գերեվարւել են հանդիսութեան եւ ծաղրի համար, ես լաւ գիտեմ։
Ես բազմիցս եղել եմ Լեռնային Ղարաբաղում, որտեղ երբեւէ՝ 30-ական թւականներին Հադրութում սահմանապահ ջոկատի հրամանատարը հայրս էր, ով դրա համար ստացել է իր առաջին Կարմիր մարտական դրօշի շքանշանը։ Ես Ղարաբաղ զէնք չեմ տարել եւ Ադրբեջանի հետ թշնամանքի կոչ չեմ արել։ Բայց անկեղծօրէն հաւատացել եւ շարունակում եմ հաւատալ, որ Լեռնային Ղարաբաղի ազատութիւնը՝որպէս դարերով այդ օրրանում ապրած հայ ժողովրդի ինքնորոշման հարկադրական միջոց, պատմական արդարութեան գործ է։ Ինչպէս Ղրիմի վերադարձը Ռուսաստան, որը 2014 թւականին ԼՂՀ-ում նշւեց որպէս սեփական տօն։
Բակօ Սահակեանը, Ռոբերտ Քոչարեանը, Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերը դաւաճանութեան զոհ են։ Մենք Ռուսաստանում, յատկապէս Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, պէտք է լաւ հասկանանք, թէ ինչ է դաւաճանութիւնը։ Ես ցանկանում եմ, որ Բակօ Սահակիչը, Ռոբերտ Սեդրակիչը եւ բոլոր միւսներն իմանան, որ Ռուսաստանում շատ մարդիկ կան, շատ աւելի, քան հայերը Հայաստանում եւ նոյնիսկ ընդհանրապէս աշխարհում, որոնք յիշում, յարգում եւ կարեկցում են։ Որովհետեւ ռուս մարդու խիղճը դա է պահանջում։
Կասեն՝ կարեկցանքը եւ նոյնիսկ յարգանքը քիչ է։ Եւ ճիշտ կասեն։ Բայց ես վստահ եմ՝ արդարութեան ժամանակը կը գայ։ Միասին ողջ կը մնանք, որպէսզի տեսնենք եւ մասնակցենք»,- գրել է քաղաքական գործիչն իր տելեգրամեան ալիքում։