Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփանակերտում գործող Արցախի անhետ կnրածների թանգարանը թալանւել եւ nչնչացւել է Ադրբեջանի կողմից

«ԱԼԻՔ» – «Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանւել եւ ոչնչացւել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայութիւնները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անյայտ»: Այս մասին երէկ՝ օգոստոսի 30-ին, նշել է Արցախի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնը՝ յիշեցնելով, որ օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է։

Նախարարութեան տւեալներով՝ Արցախեան առաջին պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարւել անհետ կորած։

2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ առ այսօր անյայտ է 175 զինծառայողի եւ 20 քաղաքացիական անձանց ճակատագիրը։

2023 թւականի սեպտեմբերին Արցախի բռնազաւթման եւ հետագայ բռնի տեղահանութեան ընթացքում 42 անձ շարունակում է համարւել անհետ կորած։

«Ադրբեջանը ամբողջական պատասխանատւութիւն է կրում բռնի անհետացումների եւ այդ ողբերգութեան հետ կապւած մշակութային վկայութիւնների ոչնչացման համար։ Ստեփանակերտի թանգարանի թալանը եւ ոչնչացումը ոչ միայն յանցագործութիւն է Արցախի ժողովրդի յիշողութեան դէմ, այլեւ՝ միջազգային իրաւունքի կոպիտ խախտում։

Այսօր ակնյայտ է, որ միջազգային կազմակերպութիւնները չեն կատարել իրենց առաքելութիւնը՝ պաշտպանելու բռնի անհետացումների զոհերին եւ պահպանելու մշակութային ժառանգութիւնը։ Նրանց անգործութիւնը նպաստում է անպատժելիութեանը։

Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը սեփական հողին միակ արդիւնաւէտ մեխանիզմն է մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, անհետ կորածների յիշատակի վերականգնման եւ մեր ինքնութեան պահպանման համար։

Յարգում ենք իւրաքանչիւր անհետ կորածի յիշատակը եւ հաստատում մեր պայքարը ճշմարտութեան եւ վերադարձի համար շարունակւելու է»,- նշել է նախարարութիւնը՝ հրապարակելով օկուպացիոն վարչակազմի կողմից ոչնչացւած Ստեփանակերտի անհետ կորածների թանգարանից լուսանկար։

Related Articles

Back to top button