Հայաստանը որպէս պետութիւն կարող է փլուզւել այնպէս, ինչպէս փլուզւեց Արցախը
Ի՞նչ տեղի ունեցաւ Արցախում: Մենք ականատես եղանք մի պետութեան սրընթաց փլուզման, որն ունէր իր ենթակառուցւածքները, համակարգը, իր լաւ ու վատ կողմերը։ Ես վախենում եմ, որ Հայաստանը կարող է նոյն կերպ փլուզւել։ 21-րդ դարում դա անհնարին է թւում, բայց այդպէս փլուզւեցին Սիրիան ու Ուկրաինան։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, քաղաքագէտ Վահէ Յովհաննիսեանը։
«Եթէ մենք ոչինչ չկարողացանք անել Արցախի հարցում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ նոյն կարգախօսները, նոյն գաղափարները, նոյն մարդիկ կարող են կանգնեցնել Հայաստանի փլուզումը։
Ինձ թւում է, որ մենք չենք կարող: Որպէսզի փոփոխութիւններ լինեն, պէտք է փոխւենք մենք ինքներս, փոխենք ներքաղաքական պայքարի ձեւաչափերը: Սահմանադրութեան, օրհներգի եւ զինանշանի փոփոխութեան օրակարգով գործող իշխանութիւնները ցանկանում են ցոյց տալ, որ բոլորը կանգնելու են ընտրութեան առաջ, եւ դա այլեւս հնարաւոր չի լինի թաքցնել: Նրանք ասում են՝ հարեւանների պահանջով ստեղծում են նոր Հայաստան՝ անդէմ, անսկզբունքային, որը չպէտք է յիշողութիւն ունենայ ու բարձր նպատակներ հետապնդի։
Բայց ամէն ինչ չէ, որ անյոյս է, անգամ Արցախի հարցում շատ բան կարելի է յետ բերել։ Ներկայիս վարչախումբը մնում է իշխանութեան միայն հասարակութեան անգործութեան հետեւանքով, մինչդեռ երկրին անհրաժեշտ է իշխանափոխութիւն, պէտք են նոր ուժեր, պէտք է մոդերատոր, որը կարող է մի կողմ դնել անձնական ամբիցիաներն ու համախմբել հասարակութեանը։ Նման մարդու անունը, եթէ նա յայտնւի, ոսկէ տառերով կը գրւի Հայաստանի պատմութեան մէջ»,- նշեց նա։
Նրա գնահատմամբ, խաղաղութեան լուրջ պայմանագիրը ենթադրում է բոլոր հարցերի ներառում, իրական միջնորդների ներգրաւում, հարեւանների մասնակցութիւն, քանի որ տարածաշրջանի նոր կառուցւածքը չի կարող գծւել առանց Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի:
«Հայաստանը չի կարող ակնկալել, որ Ֆրանսիան կապահովի Սիւնիքի անվտանգութիւնը, քանի որ Փարիզը դրա համար որեւէ լծակ չունի։ Բայց դուք կարող էք խթանել իրական օրակարգը՝ Ֆրանսիայի եւ այլ երկրների հետ, որպէսզի այն իրական օգուտներ բերի: Արեւմուտքը կարող է օգնել մեզ շատ հարցերում, սակայն անվտանգութեան ապահովման իրական աջակցութիւնը կարող է կապւած լինել իրանա-ռուսական դաշինքի հետ»,- յաւելել է փորձագէտը։
Նրա խօսքով, հայ հասարակութեան համար տեղեկատւութեան միակ աղբիւրը Ալիեւն է դարձել, ով յստակ ձեւաւորել է Ադրբեջանի նոր պահանջները։
«Մենք ապրում ենք մէկ օրւայ, մէկ շաբաթւայ հիման վրայ, եւ ամէն անգամ զարմանում ենք նոր յայտարարութիւններով։ Թուրքիայի շնորհիւ Ադրբեջանը ձեռք է բերել երկարաժամկէտ ռազմավարական մտածողութեան մշակոյթ եւ, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, փոխում է իր հռետորաբանութիւնը։
Հայաստանի իշխանութիւններն էլ իրենց հերթին պատմական սխալներ են թոյլ տւել ու թոյլ կը տան, որոնց համար մենք վճարում ենք մարդկային ու տարածքային կորուստներով։ Անգամ 2020 թւականի նոյեմբերի 9-ից յետոյ հնարաւորութիւն կար խուսափելու այն ամենից, ինչ տեղի ունեցաւ: Ցանկացած երկրում այսքան սխալներ թոյլ տւած իշխանութիւնը վաղուց պէտք է հեռանար։
Ալիեւը փայլուն է օգտագործում այդ սխալները: Նա արեւմտեան հարթակներում ստացաւ այն ամէնը, ինչ կարող էր, այդ թւում՝ լռութիւնը Արցախի հայաթափման ժամանակաշրջանում։ Դրանից յետոյ պարզւեց, որ նա ջերմ յարաբերութիւններ ունի Ռուսաստանի հետ եւ կոչ է անում Արեւմուտքին չմիջամտել տարածաշրջանային գործերին»,- ընդգծեց քաղաքագէտը։
Յովհաննիսեանն անլուրջ է անւանել Ադրբեջանի հետ չյարձակման պայմանագիր ստորագրելու մասին Հայաստանի առաջարկը, քանի որ բոլոր պատերազմները սկսւել են հէնց նման ակտերի ընդունումից յետոյ։