Գեղամ Մանուկեան. «Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն առած Փաշինեանը»
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն անդրադարձել է Կապան-Զանգելան (Կովսական) հատւածում Ադրբեջանի հրաձգութեանը:
«Երէկւանից ողջ Հայաստանը սրտատրոփ հետեւում էր Կապանի հատւածում տեղի ունեցող զարգացումներին։ Օրւայ ընթացքում ստացւեցին ցաւալի լուրեր. ունենք զոհեր՝
Էդւարդ Համլետի Յարութիւնեան
Հրաչեայ Թալիշի Յովհաննիսեան
Գագիկ Վարազդատի Մանուկեան
Արսէն Գագիկի Համբարձումեան։
Տարաբնոյթ քննարկումներ կարող են ծաւալւել, բայց ինչո՞ւ պատահեց հարցն ունի նախապատմութիւն։
Ինչո՞ւ է թշնամին յայտնւել Ներքին Հանդի մատոյցներում, գիւղի սահմանին՝ անգամ գերեզմանատունը տիրապետութեան տակ պահելով, վերահսկելով բոլոր բարձրադիր դիրքերը, բարձունքները, բլուրներն ու գագաթները։
Պատճառն ամենեւին 44-օրեայ պատերազմը չէ։ Պատճառը Նիկոլ Փաշինեանն է ու իր իշխանութիւնը։
Փաստերը հերթով՝
2020 թւականի նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը ստորագրելու պահին ադրբեջանական ուժերը ոչ միայն այս դիրքերում չէին, այլեւ գտնւում էին շուրջ երկու տասնեակ կիլոմետր հեռու այդտեղից ու, համաձայն եռակողմ յայտարարութեան, պէտք է մնային այդտեղ։
Բայց 2020 թւականի դեկտեմբերի 17-18-ին անակնկալ մեր զօրքերին հրամայում են յետ քաշւել այդ տարածքներից։ Ինչո՞ւ։ Պատասխան չկար, ասում էին բանաւոր պայմանաւորւածութիւնների շրջանակներում։
Գործընկերուհուս՝ ԱԺ պատգամաւոր Աննա Գրիգորեանի հետ ամիսներ շարունակ հետաքննութիւն էինք անում, հարցումներ ուղարկում ՊՆ, ԱԱԾ, Քննչական, վարչապետի աշխատազմ, ԳՇ: Մէկ տարի յետոյ, միայն 2021 թւականի դեկտեմբերին ստացանք ԳՇ պատասխանը՝ եղել է պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի գրաւոր համաձայնագիրը, որը Նիկոլը ասում էր՝ կայացւել է իր որոշմամբ։
2021 թւականի դեկտեմբերին այդ ողջ շղթան Ազգային ժողովում մամուլի ասուլիսում, փաստաթղթերով, քարտէզներով ու տեսանիւթերով ներկայացրել ենք։
2022 թւականի մարտի 16-ին գործընկերուհիս՝ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Աննա Գրիգորեանը այցելել էր Սիւնիքի մարզի Ներքին Հանդ գիւղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինւած ուժերը մօտ 1 կմ. առաջ էին եկել եւ վրաններ տեղադրել։ Իշխանութեան պատասխա՞նը՝ Պաշտպանութեան նախարարութիւնը մեղադրել էր Աննա Գրիգորեանին կեղծ տեղեկութիւն տրամադրելու եւ հանրութեանը մոլորեցնելու մէջ։
«Նշւած հատւածում, որը գտնւում է ադրբեջանական վերահսկողութեան տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահաւորւած չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատւածում հնարաւոր չէ օգտագործել։ Հիմա, կապւած եղանակային պայմանների փոփոխութեան հետ, ադրբեջանական զինւորականներն ընդամէնը վերադառնում են այդ դիրքեր»,- հաղորդել էր Պաշտպանութեան նախարարութիւնը։
Իշխանաւորները հասարակութեանը մոլորեցրին ու կրկին սկսեցին խաղաղութեան յանգերգ երգելը, մի պահ միայն նորից տիրեց անհանգստութիւն, երբ նոյն հատւածում մեր զինւորը սպանեց վրանում նոյն այդ թշնամական դիրքից։ Բայց արագ թեման մոռացւեց։
Կապանի Ներքին Հանդի այդ հատւած ադրբեջանական յենակէտի տեղադրումից մի քանի ամիս անց՝ 2022-ի յուլիսի 6-ին եղանք Սէյրան Օհանեանի հետ։ Ցաւ էր տեսնել անգործութեան հետեւանքով թշնամական առաջխաղացումը, հայկական կողմի անգործութիւնն ու անիմաստ արդարացումները։
Ահաւորն այդ օրերին։
Մեր այցից երկու օր յետոյ Աննա Յակոբեանը յայտնել էր, որ այցելել էր Ներքին Հանդ։ Կարծես ոչինչ չի պատահել, նա գրառել էր, թէ գիւղի կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։ Չհասցրեց։
Յետոյ պատահեց սարսափելին՝ 2022 թւականի սեպտեմբերի 13-ին թշնամական գրոհն էր այդ ուղղութեամբ, զոհեր, կորուստներ, ամէն օր տանիցս դուրս գալիս խոնարհւում եմ այդ նահատակներից մէկին՝ մեր հարեւան 18-ամեայ Արմէնի յուշապատին ու նրա խրոխտ դիմանկարին։
2022-ի սեպտեմբերին այս ողջ առաջնագծում թշնամական առաջխաղացում։ Ու դեռ յուլիսին ՀՀ անբաժան հատւածն այլեւս նրանց վերահսկողութեան տակ է։
Ներքին Հանդում էինք պատգամաւորներով արդէն 2022-ի դեկտեմբերի վերջին օրերին, դրանից յետոյ էլ, տարբեր առիթներով։ Մեր տղէրքը կանգնած են։ Փորձում են ամրաշինական աշխատանքներ անել։ Երեք կողմից, բարձրադիր դիրքերից թշնամին է։ Ու ամէն անգամ միտքս 2020-ի դեկտեմբերի 17-18-ի փաշինեանական որոշմամբ պարտադրւած նահանջն է, դրան յաջորդած զոհերը։
Այսօր Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մէկը՝ սպիտակ դրօշն (իր ասած, իբր խաղաղութեան) առածը՝ Նիկոլ Փաշինեանը»։