Համլետ Պետրոսեան. «Այսօր չկայ ընդգծւած քաղաքականութիւն՝ ուղղւած Արցախի մշակութային ժառանգութեանը»
monumentwatch.org կայքում ներկայացւած յօդւածները, արձագանգներն ադրբեջանական վարւող քաղաքականութեան վերաբերեալ Արցախի մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու ձևերից մէկն է»,- ԱԺ-ում ընդդիմադիր պատգամաւորների կողմից նախաձեռնւած «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգութիւնը» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ մշակութաբանութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշաւախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսեանը։
Նա նշեց, որ իրենք փորձում են միջազգային գիտական հանրոյթին, միջազգային մշակութապաշտպան կազմակերպութիւններին ներկայացնել իրական վիճակն առանց պաթոսի։
«Այսօր այդ ծանրութիւնը դրւած է անհատների, առանձին խմբերի ուսերին։ Այսօր չկայ ընդգծւած քաղաքականութիւն՝ ուղղւած Արցախի մշակութային ժառանգութեանը, բայց դա մասնագէտներին, ցաւող քաղաքացիներին հիմք չի տալիս բաւարարւել միայն քննադատութեամբ»,- ասաց Համլետ Պետրոսեանը։
Ըստ նրա, շատ դժւար է քաղաքականութիւնն ու ժառանգութեան հանդէպ վերաբերմունքն իրարից տարանջատել։
«Մեր իշխանութիւնները, ելնելով որոշակի քաղաքական նպատակներից, գերադասում են այս պահին մի քիչ հեռու մնալ Արցախի ընդհանուր խնդրից, ժառանգութիւնից»,- ասաց Հ. Պետրոսեանը։
Նա նշեց, որ հանդիպումներ ունեցել է մշակոյթի ոլորտի պատասխանատուների հետ, առայժմ արդիւնք չեն տւել. «Մեզ միանշանակ ասել են՝ վիճակը, ինչպիսին որ կայ այսօր, համարենք բաւարար, երբ որ վիճակը բացարձակապէս բաւարար չէ, բայց մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»։