Հայաստան - Արցախ

Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրաւազօրութեան ներքոյ

Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ուղերձը

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան աւելի քան 120 կուսակցութիւններ, հասարակական կազմակերպութիւններ, լրատւամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղւած միջազգային հանրութեանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախութեան հանրաքւէի, ԱՀ Սահմանադրութեան եւ Մարդու իրաւունքների միջազգային օրերի առթիւ:

Ուղերձի հասցէատէրերն են՝ ՄԱԿ Գլխաւոր քարտուղարը, ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը, ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, Եւրոխորհուրդը (Գլխաւոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Նախարարների խորհրդի նախագահը), Եւրոմիութեան խորհրդի նախագահը, Եւրոպական Խորհրդարանի նախագահը, ԱՊՀ Գլխաւոր քարտուղարը, ՀԱՊԿ Գլխաւոր քարտուղարը, ՆԱՏՕ Գլխաւոր քարտուղարը։

Ուղերձը բաց է հետագայ ստորագրութեան համար, որին կարող են միանալ Արցախի կուսակցութիւնները, հասարակական կազմակերպութիւնները, լրատւամիջոցները եւ համայնքների ղեկավարները: Միանալու ցանկութիւն ունեցող սուբիեկտները պէտք է համապատասխան նամակ ուղարկեն հետեւեալ էլ-հասցէին՝ Artsakh.December10@gmail.com

Արցախի Հանրապետութեան քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ուղերձում ասւում է․

«ԱՐՑԱԽԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ

Հասցէատէրեր՝ ՄԱԿ Գլխաւոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եւրոխորհուրդ (Գլխաւոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եւրոմիութիւն խորհուրդի նախագահ, Եւրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխաւոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխաւոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխաւոր քարտուղար։

Ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարւել իր ինքնիշխան իրաւունքներից եւ ենթարկւել իր համար օտար պետութեան գերիշխանութեանը, առաւել եւս մի պետութեան, որը ղեկավարւում է իր անպատժելիութեամբ արբեցած աւտորիտար, կոռումպացւած եւ ռասիստական ռեժիմի կողմից:

Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութիւնը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացոյց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատութիւնը բարձրագոյն արժէք է։ Այս ճարահատ որոշումն ընդունւել է շարունակական ցեղասպանական գործողութիւնների եւ մեր գլխին կախւած գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում։

Մենք կայացրինք այդպիսի որոշում, քանի որ նրանք, ովքեր իրենց համարում են մարդու իրաւունքների ու ազատութիւնների ջատագովներ ու պաշտպաններ, որոշեցին յանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ թւացեալ խաղաղութեան ձեռքբերման եւ յանուն իրենց աշխարհաքաղաքական շահերի մերժել սեփական հայրենիքում արժանապատիւ ապրելու եւ ինքնորոշման մեր իրաւունքները։

Մենք հեռացանք, քանի որ միայն այդպէս կարող էինք ապահովել մեր անվտանգութիւնը եւ պահպանել մեր մարդկային ու ազգային արժանապատւութիւնն ու մեր գենաֆոնդը, քանի որ միայն այդպէս կարող էինք բացայայտել այն մեծ սուտը, որի վրայ հիմնւած էր հակամարտութեան միակողմանի եւ ուժային լուծման քաղաքական գաղափարը, որը ենթադրում էր մեզ եւ մեր երեխաներին ստիպել հպատակւելու եւ հաւատարմութեան երդում տալու մեզ ոչնչացնող եւ ատող վարչակարգին։

Աւելի քան երեք տասնամեակ շարունակ մենք մեր բոլոր ուժերով պաշտպանել ենք մեր երեխաների խաղաղութեան եւ ազատ զարգացման իրաւունքը: Մենք դիմակայում էինք քաղաքական գործարքներին, որոնցով մերժւում էր սեփական Հայրենիքում ապրելու մեր ինքնիշխան իրաւունքը, որը ձեռք է բերւել բազմաթիւ մարդկանց կեանքի գնով, յանուն մեր ազգային արժանապատւութեան ու ինքնութեան պահպանման՝ մի քանի սերունդների դարաւոր պայքարի ընթացքում ահռելի կորուստների գնով։ Եւ այս պայքարը չի աւարտւել։ Մենք վստահ ենք, որ ճշմարտութեան եւ արդարութեան զօրութեամբ կը վերադարձնենք մեր Հայրենիքը։

Նրանց համար, ովքեր կարծում են, թէ աշխարհը կարելի է կառավարել ստով ու բռնութեամբ, կրկնում ենք.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը խորհրդարանական ճանապարհով հռչակւել է 1991 թւականի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ Ադրբեջանական ԽՍՀ Շահումեանի շրջանի օրինական իշխանութիւնների կողմից, այն բանից յետոյ, երբ Ադրբեջանի իշխանութիւնները յայտարարեցին ԽՍՀՄ-ից դուրս գալու որոշման մասին։ ԼՂՀ-ի ձեւաւորման մասին քաղաքական հռչակագիրը հիմնւած էր այն ժամանակ գործող միութենական օրէնքի իրաւական նորմի եւ արցախցիների կամարտայայտութեան վրայ, որը դրսեւորւել է համաժողովրդական հանրաքւէով։

Մեր ինքնորոշման իրաւունքը ճանաչւել է նոյնիսկ Խորհրդային Ռուսաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից 1920 թւականին, հիմք է հանդիսացել 1923 թւականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ձեւաւորման համար, ամրագրւել է ԽՍՀՄ սահմանադրութեամբ, Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրութեամբ եւ «ԼՂԻՄ-ի մասին» Ադր. ԽՍՀ օրէնքով, այն պահպանւել է «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապւած հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի դաշնային օրէնքով, ինչպէս նաեւ խարսխւած է ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ 1966 թ. ընդունւած Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի վրայ։

1991 թւականի դեկտեմբերի 10-ի հանրաքւէն հաստատեց, որ ընտրողների բացարձակ մեծամասնութիւնը պաշտպանել է մեր Հանրապետութեան անկախութիւնը հռչակելու որոշումը։ Ցեղասպանական պաշարման եւ ռազմական ագրեսիայի պայմաններում ժողովրդավարական չափորոշիչներով ընտրւած օրինական խորհրդարանը 1992 թւականի յունւարի 6-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրը։ Այս ընտրութեան համար իրենց կեանքով վճարեցին մեր հազարաւոր հայրենակիցները։

1992 թւականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ – պետութիւնները ճանաչեցին Լեռնային Ղարաբաղի ընտրւած ներկայացուցիչների իրաւունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազօրւած է կարգաւորելու ղարաբաղեան հակամարտութիւնը։

Մեր ժողովուրդը 2006 թւականին հանրաքւէով հաստատել է Հանրապետութեան Սահմանադրութիւնը, որով սահմանւել է Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների ընտրութեան կարգը եւ նրանց լիազօրութիւնները, իսկ 2017 թւականի հանրաքւէով ժողովուրդը հաստատել է նոր Սահմանադրութիւնը։ Այս Սահմանադրութիւնը եղել եւ մնում է միակ հիմնարար օրէնքը, որով առաջնորդւում եւ որին ենթարկւում են մեր Հանրապետութեան քաղաքացիներն իրենց կամքով։

Հետեւաբար, մենք՝ Արցախի Հանրապետութեան քաղաքացիներս, ձգտելով պաշտպանել մեր օրինական իրաւունքներն ու մեր Հանրապետութեան սուբիեկտութիւնը, պնդում ենք, որ ինքնորոշւած Լեռնային Ղարաբաղը ոչ մի մասնակցութիւն չի ունեցել ինքնահռչակ Ադրբեջանի Հանրապետութեան սահմանադրութեան եւ իշխանութեան մարմինների ձեւաւորման գործում, այլ, ընդհակառակը, յայտարարել է սեփական անկախութեան մասին։ Սակայն նորաստեղծ Ադրբեջանը չէր թաքցնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր անհիմն յաւակնութիւնները։

Հէնց այսպիսի պայմաններում է միջազգային հանրութիւնն արձանագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնութիւնների առկայութեան փաստը՝ ճանաչելով տւեալ տարածքի վիճելիութիւնը։ Հայաստանն ու Ադրբեջանն այն ժամանակ ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ-պետութիւններ են դարձել պայմանով, որ ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելութեան հարցում տարաձայնութիւնների առկայութեան փաստը եւ համաձայնւում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը որոշւի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքոյ անցկացւելիք խաղաղութեան համաժողովում։ Երկու պետութիւններն էլ հիմնախնդիրը բացառապէս խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտաւորութիւն են ստանձնել։

Սակայն, ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ դառնալով՝ Ադրբեջանն անմիջապէս խախտեց վէճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտաւորութիւնը։ Պաշտօնական Բաքուն ապօրինի ուժ կիրառեց ԼՂՀ-ի՝ որպէս վիճելի տարածքի նկատմամբ, նպատակ ունենալով խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նւիրւած միջազգային համաժողովի անցկացումը։ Ստեղծւած իրավիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտւել է ինքնապաշտպանութեան իր իրաւունքից։ 1992-94 թթ. Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան պարտութեամբ պսակւեց այդ երկրի համար ու յանգեցրեց տարածքային զգալի կորուստների։ Կարեւոր է ընդգծել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի զօրքերի շփման գիծը միջազգայնօրէն ճանաչւել է։

Այդուհանդերձ, հակամարտութեան երեք տասնամեակի ընթացքում ոչ մի պետական ​​գործիչ, քաղաքական գործիչ կամ իրաւական իշխանութեան որեւէ միջազգային մարմին չի պատասխանել մի պարզ հարցի. ինչո՞ւ Ադրբեջանը եւ այլ պետութիւններ, որոնք իրաւական առումով ճանաչել են օրէնքի գերակայութեան սկզբունքին հետեւելու պարտաւորութիւնը՝ որպէս իրենց պետականութեան հիմնարար սկզբունք, կարող են չկատարել այս սկզբունքից բխող՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը յարգելու պարտաւորութիւնը եւ ուժի չկիրառման սկզբունքը։

Սոյն հանգամանքն Ադրբեջանին թոյլ է տւել սեփական քաղաքականութեան զինանոցում պահպանել բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ճանապարհով Լեռնային Ղարաբաղի զաւթման ռազմավարութիւնը։ Այդ երկրի նախայարձակ քաղաքականութիւնն այդպէս էլ միջազգային պատշաճ դատապարտման չի արժանացել։ Միջազգային ակտորները, ի հեճուկս բնակչութիւնը ցեղասպանութիւնից պաշտպանելու համար պատասխանատւութիւն ստանձնելու իրենց միջազգային պարտաւորութիւնների (Responsibility to Protect), ցաւօք, պատշաճ ուշադրութիւն չդարձրին Արցախի բնակչութեան լրջագոյն գոյաբանական սպառնալիքների մասին Արցախի խորհրդարանի 2023 թ. յուլիսի 27-ի ուղերձին եւ չկանխեցին Ադրբեջանի յանցաւոր գործողութիւնները, ինչի արդիւնքում Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին հերթական ռազմական ագրեսիան ձեռնարկեց ԼՂՀ-ի դէմ եւ Արցախի բնիկ հայ ազգաբնակչութեանն արտաքսեց իր պատմական հայրենիքից։

Հարկ է յիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի կնքումից յետոյ Ադրբեջանի նախագահը յայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլեւս գոյութիւն չունի, եւ որ բոլորը պէտք է համակերպւեն Երկրորդ ղարաբաղեան պատերազմի արդիւնքներին։ Ձգտելով նենգափոխել հակամարտութեան էութիւնը՝ Ադրբեջանն իր դիւանագիտական բառապաշարի մէջ մտցրեց «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զաւթման» մասին կեղծ պատումը, որի միջոցով էլ փորձում է խլացնել իր իսկ ագրեսիւ ցեղասպանական քաղաքականութեան արձագանգները։

Մենք մտադիր չենք փոխելու սեփական Հայրենիքի նկատմամբ մեր սկզբունքները, համոզմունքներն ու իրաւունքները՝ ո՛չ ուժի, ո՛չ բնաջնջման սպառնալիքի, ո՛չ աքսորի, ո՛չ էլ որեւէ այլ քաղաքական հանգամանքներում։

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրութեան առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում, հիմնւած ինքնորոշման իրաւունքի եւ ժողովուրդների ու մարդու այլ իրաւունքների ու ազատութիւնների վրայ, կամ լռելեայն համաձայնւել, որ շրջափակումը, ռազմական ագրեսիան, ցեղասպանութիւնը եւ օկուպացիան հակամարտութիւնների լուծման օրինական միջոցներ են հանդիսանում:

Այսօր բազմաթիւ երկրների առաջնորդներ խօսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտութեան մասին։ Սակայն, մենք գտնում ենք, որ սեփական Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի ու կեանքի համար անհրաժեշտ են հետեւեալ անվիճարկելի պայմանները.

Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետութեան քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրաւազօրութեան ներքոյ։ Ադրբեջանական զինւած ուժերը, ոստիկանութիւնը եւ վարչակազմը պէտք է ամբողջութեամբ դուրս բերւեն Արցախի Հանրապետութեան տարածքից, ներառեալ Շահումեանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացւած էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատւութիւն է կրում։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետութեան ողջ սահմանի երկայնքով պէտք է տեղաբաշխւեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, եւ ստեղծւի ապառազմականացւած գօտի։

Երրորդ՝ Լաչինի միջանցքը պէտք է փոխանցւի ՄԱԿ-ի վերահսկողութեանն ու կառավարմանը։

Չորրորդ՝ Արցախի Հանրապետութեան տարածքը պէտք է փոխանցւի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական եւ իրաւական հաստատութիւնների ստեղծման եւ տնտեսութեան վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պէտք է ունենան հաւասար կարգավիճակ, հաւասար իրաւունքներ եւ ենթարկւեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքւէն, որը կը հաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդիւնքը իրաւաբանօրէն կը ճանաչւի բոլոր պետութիւնների կողմից։

Հինգերորդ՝ պէտք է լիովին բացառւի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան քաղաքացիների՝ հակամարտութեան ողջ ընթացքի հետ կապւած ցանկացած մեղադրանքով քրէական հետապնդման հնարաւորութիւնը։ Բոլոր ձերբակալւած եւ արդէն դատապարտւած հայերը պէտք է անյապաղ ազատ արձակւեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրաւասութիւնը՝ հետաքննելու իւրաքանչիւր ռազմական յանցագործութիւն, որոնցով մեղսագրւում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նոյնկերպ կը քննի բոլոր ռազմական յանցագործութիւնները, որոնք կատարւել են Ադրբեջանի քաղաքացիների եւ նրա վարձկանների կողմից։

Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտութեան խաղաղ լուծմանը, որը հիմնւած կը լինի ինքնորոշման իրաւունքի եւ ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնօրէն ճանաչւած այլ իրաւունքների ու ազատութիւնների լիակատար յարգման վրայ»։

Related Articles

Back to top button