Ոսկան Սարգսեան. «Ադրբեջանին նոր տարածքներ յանձնելու համար ՀՀ կառավարութիւնը գաղտնի կէտով որոշում է ընդունել»

«ԱԼԻՔ» – Լրագրող Ոսկան Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով, որ Ադրբեջանին նոր տարածքներ յանձնելու համար ՀՀ կառավարութիւնը գաղտնի կէտով որոշում է ընդունել:
«Ադրբեջանին նոր տարածքներ յանձնելու համար կառավարութիւնը գաղտնի կէտով որոշում է ընդունել հողատէրերին պետբիւջէից փոխհատուցելու մասին:
Տաւուշի մարզպետ Հայկ Ղալումեանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարութեան 2025 թ․ապրիլի 23-ի թիւ 474-Ն որոշմամբ յատկացւած միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գոյքի փոխհատուցման նպատակով յանձնաժողով ստեղծելու մասին։ Այդ յանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տաւուշի մարզպետարանի թւով 5 պաշտօնեաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարութեան 2025 թ. ապրիլի 23-ի թիւ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարութեան 2024 թ․ դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանարապետութեան 2025 թւականի պետական բիւջէի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման յաւելւածում կատարւել են փոփոխութիւններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կէտը գաղտնի է։
Սա կարող է նշանակել մի բան՝ 2025 թւականի պետական բիւջէում փոփոխութիւներ են կատարել, որպէսզի Տաւուշի մարզից Ադրբեջանին յանձնւող տարածքների դիմաց դրանց սեփականատէրերին դրամական փոխհատուցումներ տրւեն։ Նախկինում պաշտօնապէս յայտարարւել է, որ սահմանազատումը պէտք է վերսկսւի Հարաւային Կովկասի 3 հանրապետութիւնների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերեան համայնքի Կողբ, Բերդաւան գիւղերի սահմանագօտուց, սակայն, ամենայն հաւանականութեամբ. Ադրբեջանին տարածքներ յանձնւելու են Իջեւան համայնքի Այգեհովիտ գիւղի Կայան բնակավայրից եւ Նոյեմբերեան համայնքի Ոսկեպար բնակավայրից։ Այդ տարածքները յանձնելու հետեւանքով ճանապարհներ են կառուցւելու դէպի ԽՍՀՄ ժամանակ անկլաւներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գիւղերի տարածքներ եւ դէպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մօտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդիւնքում յայտնաբերւած ականների պայթիւններ կատարւեցին»,- գրել է նա: