Սփիւռք

Դիարբեքր

Նիլայ Քիւչիւք

Դիարբեքրը՝ Հարաւարեւելեան Անատոլիայի (Արեւմտեան Հայաստան խմբ՝ «Ակունք») խոշորագոյն քաղաքներից մէկը, իր պատմամշակութային կառուցւածքով ուշագրաւ վայր է։ Պատմական պարիսպներով շրջապատւած քաղաքն ունի հարուստ ժառանգութիւն, որը պարունակում է բազմաթիւ քաղաքակրթութիւնների հետքեր:

ԴԻԱՐԲԵՔՐԻ ԱՄՐՈՑԸ

Դիարբեքրի մեր շրջագայութիւնը սկսում ենք պատմական պարիսպներից: Դիարբեքրի ամրոցը բաղկացած է երկու մասից՝ Ներքին ամրոց եւ Արտաքին ամրոց։ Արտաքին պարիսպներն ունեն 82 աշտարակ, իսկ ներքինը՝ 19։ Դիարբեքր քաղաքի պարիսպներն ունեն չորս հիմնական դարպասներ։ Պարիսպները հիւսիսում բացւում են Լեռան դարպասով, արեւմուտքում՝ Ուրֆայի դարպասով, հարաւում՝ Մարդինի դարպասով, իսկ արեւելքում՝ Նոր դարպասով։

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ԴԻԱՐԲԵՔՐԻ ՍՈՒՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Դիարբեքրի ամրոցից յետոյ բացայայտում ենք Սուրիչին (թրք․՝ պարսպի ներս)։ Մեր առաջին կանգառը Ուլու մզկիթն է: Ք․ Յ․ 639 թ․ մահմեդականների կողմից Դիարբեքրի գրաւմամբ Մար Թոմա եկեղեցին՝ քաղաքի ամենամեծ եկեղեցին, վերածւեց Ուլու մզկիթի։ Մեծ բակ ունեցող մզկիթը Դիարբեքրի կարեւորագոյն վայրերից է։ Հասան փաշա խանը գտնւում է Ուլու մզկիթի հէնց կողքին։ Այս խանը, որը կառուցել է Վեզիրզադէ Հասան փաշան 1573 թ․, այսօր կազմւած է նախաճաշ մատուցող ռեստորաններից: Եռայարկ խանի բակում կայ սիւնազարդ եւ գմբէթարդ շատրւան։ Այս խանում նկարահանւել են 2012 թ․ թողարկւած «Սուլթան» հեռուստասերիալի որոշ տեսարաններ։

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Դիարբեքրի նեղ փողոցներով շարժւելիս հասնում ենք «Ջահիթ Սըթքը Թարանջը» թանգարան։ 1733 թ․ կառուցւած այս տունը, որտեղ ծնւել եւ մանկութիւնն է անցկացրել Ջահիթ Սըթքի Թարանջըն, կրում է Դիարբեքրի աւանդական բնակելի ճարտարապետութեան բոլոր առանձնայատկութիւնները։ Թանգարանը ներկայում փակ է վերանորոգման պատճառով։ Այդ պատճառով անմիջապէս անցնում ենք մեր միւս կանգառը՝ Ահմեթ Արիֆի գրականութեան թանգարան: Այս տունը, ինչպէս եւ իր հարեւան «Ջահիթ Սըթքը Թարանջը» թանգարանը, Դիարբեքրի աւանդական տների լաւագոյն նմուշներից է։ Վեց սենեակ ու բակ ունեցող թանգարանում ցուցադրւած են բանաստեղծի անձնական իրերը, ձեռագիր բանաստեղծութիւններն ու լուսանկարները։ Մենք չշեղւելով գրական մթնոլորտից՝ շարժւում ենք դէպի Զիեա Գեօքալփի (յայտնի երիտթուրք, պանթուրքիստական գաղափարախօսութեան տեսաբաններից մէկը«Ակունք»-ի խմբ) թանգարան: Այս տունը, որտեղ 1876 թ․ ծնւել է Զիյա Գեօքալփը՝ 1956 թ․ վերածւել է թանգարանի։ Այստեղ կարելի է տեսնել նաեւ Դիարբեքրի տներում առկայ աւազանով սրահի օրինակ։ 1956 թ․ այն վերածւել է թանգարանի եւ այցելուների համար բացւել են հեղինակի անձնական իրերի եւ փաստաթղթերի հաւաքածուն։

ՓՐՓՈՒՐՈՎ ՍՈՒՐՃ՝ ՍՈՒԼՈՒՔԼՈՒ ԽԱՆՈՒՄ

Սուլուքլու խանը կառուցւել է 1683 թ․ Հանիլիօղլու Մահմութ Չելեբիի եւ նրա քրոջ՝ Աթիկէ Խաթունի կողմից։ Այս խանը վերականգնւել եւ շահագործման է յանձնւել 2010 թ., եւ Դիարբեքրի ամենասիրւած վայրերից է։ Այստեղ կարող էք խմել սուրճ կամ գինի: Մենք նախընտրեցինք թուրքական սուրճ (խօսքը արեւելեան սուրճի մասին է«Ակունք»-ի խմբխմել, քանի որ գինու համար այլ հասցէ ունէինք։

Սուլուքլու խանից դուրս գալուց յետոյ ճաշում ենք: Մեր ընտրութիւնը, իհարկէ, լեարդն է։

ԵՆԻՔԱՓԸ ՊՈՂՈՏԱՅ

Դիարբեքրի տեղական այլ համադամ ուտեստներ ճաշակելուց յետոյ շարունակում ենք քայլել Սուրիչիում։ Մեր հասցէն՝ Չորսոտանի մինարէն է։ Շէյխ Մութահար մզկիթի կողքին գտնւող այս մինարէն շատ առումներով է ակնառու։ Միակտոր քարէ սիւների վրայ կառուցւած չորսանկիւնանի այս մինարէն Անատոլիայում քառոտանի մինարէի միակ օրինակն է։ Մինարէ այցելելիս հնարաւոր է տեսնել բազմաթիւ մարդկանց, ովքեր անցուդարձ են անում դրա տակով։ Որովհետեւ ասում են որ այս մինարէի տակով 7 անգամ անցնողի ցանկութիւնը կատարւում է։

Չորսոտանի մինարէի մէկ այլ նշանակութիւնն այն է, որ այստեղ է սպանւել Դիարբեքրի Փաստաբանների միութեան նախկին նախագահ Թահիր Էլչին։ Էլչին հրազէնային կրակոցներից սպանւել է այն բանից յետոյ, երբ նա մամուլում դատապարտող յայտարարութիւն էր արել՝ դատապարտելով 2015 թ․ Հենդեքի գործողութիւնների ժամանակ վնասւած մինարէի դիմաց տեղի ունեցած միջադէպը։

Ենիքափը պողոտան, որը փակւել էր 2015 թ․ Հենդեքի դէպքերի պատճառով, վերականգնողական աշխատանքներից յետոյ, վերաբացւել է 2022 թւականին։ Լիւքս դասի բրենդների փողոցի վրայ երկու կարեւոր շէնք էլ կայ։ Դրանք են Մար Փեթիւն քաղդեական եւ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցիները։ Ենթադրւում է, որ Մար Փեթիւն եկեղեցում, որը մինչ օրս օգտագործւում է կաթոլիկ քաղդէացիների կողմից, առաջին պաշտամունքը կատարւել է 498 թւականին։ Հէնց նրա կողքին գտնւող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հիացնում է իր պարտէզով եւ ճարտարապետութեամբ։ Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձաւոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է։

https://www.cumhuriyet.com.tr/yazarlar/nilay-kucuk/diyarbakir-2146759

Թարգմանեց  Տիգրան Չանդոյեանը

Akunq.net

Related Articles

Back to top button