
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին արձագանգել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հերթական յայտարարութեան, ըստ որի Իրանն, իբր, «ահաբեկչութիւն է սերմանում» Մերձաւոր Արեւելքում։
«Թրամփը վերահաստատել է՝ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւն վարելու իր մտադրութիւնը։ ԱՄՆ նախագահը աչք է փակում տարածաշրջանում Իսրայէլի բոլոր յանցագործութիւնների վրայ եւ փորձում է Իրանին որպէս սպառնալիք ներկայացնել։ Դա իսկական խաբէութիւն է եւ հասկացութիւնների նենգափոխում, երբ սպառնալիքները տեղերով փոխւում են։ Ո՞ր ռեժիմն է սպանել 60 հազար մարդու Գազայում։ Ո՞վ է նման մասշտաբի աւերածութիւններ պատճառել Գազայում։ Ո՞ր ռեժիմն է յարձակւում Պաղեստինի մերձակայքի, դրանց թւում՝ Լիբանանի, Սիրիայի եւ Եմէնի վրայ»,- լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է Արաղչին։
«Սիրիական տարածքի այն տարածքը, որը վերջին ամիսներին օկուպացրել է Սիոնիստական ռեժիմը, գերազանցում է Գազայի հատւածի ամբողջ տարածքը։ Սիոնիստական ռեժիմը Գազայում տնտեսական շրջափակման մէջ է պահում մի ամբողջ ազգի։ Այդ բոլոր փաստերն անտեսւում են, միաժամանակ փորձեր են արւում Իրանը ներկայացնել որպէս տարածաշրջանի համար սպառնալիք, որպէսզի իրական սպառնալիքը մոռացւի։ Սակայն նրանք դրանում էլ յաջողութեան չեն հասնի»,- նշել է նա՝ յաւելելով. «Իրանի ժողովուրդն ընտրութիւն է կատարել ժողովրդավարական, անկախ եւ զարգացած երկրի օգտին, եւ հէնց ԱՄՆ-ն է, որ տարիներ շարունակ պատժամիջոցների եւ ճնշման միջոցով խոչընդոտել է Իրանի առաջընթացը»:
Յիշեցնենք, որ Թրամփը մայիսի 13-ին Սաուդեան Արաբիայում ելոյթի ժամանակ Իրանն անւանել է «ամենակործանարար ուժը Մերձաւոր Արեւելքում»՝ մեղադրելով մեր երկրին իբր տարածաշրջանում անկայունութեան մէջ եւ ասելով, որ ԱՄՆ-ը երբեք թոյլ չի տայ Իրանին միջուկային զէնք ունենալ։