Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թրամփի մուտքը Սպիտակ տուն՝ մարտահրաւէր Փաշինեանի համար

Մինչ հեռացող Բայդէնի վարչակազմը, արեւմտեան մի շարք ԶԼՄ-ների համաձայն, կարծես որոշել է վերացնել Կիեւի՝ ՌԴ խորքերը թիրախաւորելու սահմանափակումները, աշխարհն էսկալացիայի նոր ալիքի առջեւ կանգնեցնելով, Փաշինեանը ցանկանում է արագ շփումներ հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ հետեւաբար՝ նրա ապագայ վարչակազմի հետ։

Թրամփի վերընտրութիւնից յետոյ արդէն երկրորդ անգամ Փաշինեանը Թրամփին փորձում է տեղեկացնել, թէ որտեղ են հասել ԱՄՆ-ՀՀ յարաբերութիւնները դեմոկրատ Բայդէնի պաշտօնավարման օրօք։

Ամերիկեան ընտրութիւններից անմիջապէս յետոյ շնորհաւորելով Թրամփին՝ Փաշինեանը բարձր էր գնահատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի «արդիւնաւէտ համագործակցութիւնը՝ Հարաւային Կովկասում ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան հիմնարար սկզբունքների հիման վրայ խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում»՝ յոյս յայտնելով, որ այդ նպատակի իրագործումը նոր հնարաւորութիւններ կը բացի երկկողմ յարաբերութիւններում, յատկապէս՝ «տարածաշրջանային տնտեսական եւ հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում»:

«Համոզւած եմ, որ Ձեր նախագահութեան օրօք ՀՀ-ԱՄՆ յարաբերութիւններն է՛լ աւելի կամրապնդւեն, եւ կը շարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերութեան մակարդակին հասնելու մեր տեսլականը»,- ասւած էր Փաշինեանի նոյեմբերի 6-ի ուղերձում:

Նոյեմբերի 16-ին էլ յայտնի դարձաւ, որ Փաշինեանը զանգահարել է Թրամփին։ ՀՀ կառավարութեան տարածած հաղորդագրութեան համաձայն, Փաշինեանը Թրամփին շնորհաւորել է ընտրութիւններում տարած յաղթանակի առիթով եւ «նրան տեղեկութիւններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ յարաբերութիւններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների եւ ընթացիկ վիճակի մասին»:

Ըստ հաղորդագրութեան՝ քննարկւել են նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

Հարկ է նշել նաեւ, որ այս ամէնը տեղի է ունենում Նիկոլ Փաշինեանի կողմից Կառավարութեան, մասնաւորապէս՝ ուժային բլոկում սկսած կիրակնօրեայ փոփոխութիւնների ֆոնին։

168․am-ի հետ զրոյցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եւսէեւն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀ իշխանութիւնները մեծ խաղադրոյքներ են կատարել Արեւմուտքի հետ յարաբերութիւնների զարգացման հարցի վրայ:

Նրա խօսքով՝ ՀՀ իշխանութիւնները փոխեցին իրենց քաղաքականութիւնը թէ ՌԴ-ի հետ գործընկերային յարաբերութիւնների, թէ ՀԱՊԿ-ի հարցում, թէ ՌԴ միջնորդական ջանքերի հարցում, ինչը կապ ունի նաեւ Ադրբեջանի հետ բանակցութիւնների հետ։

«Հայաստանն իր այդ ջանքերին համարժէք աջակցութիւն Արեւմուտքից չի ստացել, սակայն Բայդէնի վարչակազմի՝ Անդրկովկասում հաստատւելու եւ ՌԴ-ին այդտեղից դուրս մղելու քաղաքականութեան շրջանակում որոշակի փոփոխութիւններ հայ-ամերիկեան յարաբերութիւններում եղել են։ Կարծում եմ, դրանք էական ազդեցութիւն չեն թողել բանակցութիւնների վրայ, սակայն այնուամենայնիւ փաստը, որ այդ թեման Բաքւում քննադատում են, թերեւս ուշագրաւ է։

Դա նշանակում է, որ այն որոշակի նշանակութիւն այնուամենայնիւ ունեցել է, թէեւ, կրկնեմ, որ Հայաստանի քայլերի դիմաց աջակցութիւնը եղել է ոչ բաւարար։ Խօսքը միայն ֆինանսական աջակցութեան մասին չէ, այլ՝ քաղաքական, դիւանագիտական։ Սակայն հնարաւոր չէ հերքել, որ անընդհատ եղել են բարձրաստիճան նախաձեռնութիւններ, անընդհատ եղել է ուշադրութիւն բանակցութիւններին եւ նախաձեռնողական քաղաքականութիւն, որպէսզի կողմերը պայմանաւորւած ու արեւմտեան համոզմունքներից ելնելով, ՌԴ առանցքային գործօնը դուրս գայ ռեգիոնից։ Բնականաբար, ԱՄՆ նկարագրածս քաղաքականութեան բացակայութիւնը կը բխի թերեւս Ադրբեջանի շահերից, որը չի ցանկանում բանակցել, առաւել եւս փաստաթուղթ ստորագրել Արեւմուտքի հովանու ներքոյ։

Ուստի այս տրամաբանութեան շրջանակում Թրամփի յայտնւելը Սպիտակ տանը թերեւս մարտահրաւէր է դիտարկւում Հայաստանի Հանրապետութեան համար, որը մեծ խաղադրոյքներ էր կատարել ԱՄՆ-ի վրայ, սակայն Բայդէնի վարչակազմը հեռանում է, իսկ խաղաղութեան համաձայնագիրը ստորագրւած չէ»,- բացատրեց վերլուծաբանը՝ զուգահեռաբար ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ ՀՀ-ն նաեւ կատարել է արտաքին վեկտորի փոփոխութեան մասին յայտարարութիւն, ինչը էականօրէն փոխել է մթնոլորտը ՀՀ-ՌԴ եւ ՀՀ-եւրասիական գործընկերներ յարաբերութիւններում»,- ասել է Եւսէեւը:

Ուստի, փորձագետի կարծիքով՝ ՀՀ իշխանութիւնները կը ցանկանային, որպէսզի հայ-ամերիկեան յարաբերութիւններում փոփոխութիւնները լինէին մինիմալ։

«Սա է պատճառը, որ թէ ուղերձում, թէ հեռախօսազրոյցում հայկական կողմի շեշտադրումը հէնց այդ՝ հայ-ամերիկեան յարաբերութիւնների նախկին բովանդակութեան ու այն պահպանելու մասին է։

Կարծում եմ՝ նորընտիր նախագահին քիչ է հետաքրքրում եւ գայթակղում այն ամէնը, ինչ արել է Բայդէնի վարչակազմը, քանի որ Թրամփն այլ նպատակներ է դրել, որոնց հասնելու ուղիները եւ տեմպերը եւս, կարծում եմ, տարբեր կը լինեն։

Չեմ կարծում, թէ Թրամփը Հարաւային Կովկասում շեշտակի փոփոխութիւնների կը դիմի, սակայն այս ռեգիոնի համար մարտահրաւէր է նոյնիսկ այն, որ ԱՄՆ-ում վարչակազմ է փոխւելու, նոր վարչակազմը պէտք է սկսի աշխատել, այս ամէնը սովորաբար որոշակի ժամանակ է խլում։ Այսինքն՝ ԱՄՆ-ն մի փոքր փուլ կտրւած կը լինի բանակցութիւններին հետեւողի դիրքից»,- ասել է փորձագէտը։

Եւսէեւի կարծիքով՝ անկախ հայկական կողմի զանգերի ու տեղեկացումների, ԱՄՆ նորընտիր նախագահն իր քաղաքականութիւնը կառուցելու է այնպէս, ինչպէս որոշել էր կամ՝ ելնելով գլխաւոր ուղղութիւններով զարգացումներից։

Նրա որակմամբ, այդ քաղաքականութիւնը քիչ է կախւած լինելու Երեւանից։

Անդրադառնալով հրապարակումներին, թէ Վաշինգտոնը կը վերացնի ՌԴ-ին արեւմտեան զէնքով հարւածելու սահմանապակումները՝ վերլուծաբանն ասել է, որ այդ հրապարակումները դեռ հաստատւած չեն։

Եւսէեւի խօսքով՝ նման հարցերում ճշգրտութիւնը չափազանց կարեւոր է, քանի որ նման հրապարակումները կարող են բազմաթիւ նպատակներ ունենալ, այդ թւում՝ ՌԴ հնարաւոր ազդեցութիւնը ստուգելու նպատակ։

«Իհարկէ, դա չի բացառւում, ինչը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել աշխարհում, ինչպէս նաեւ Թրամփի համար, որը յայտարարել է, թէ աւարտելու է պատերազմը։ ՌԴ-ից արձագանգում են, բայց չեն շտապում շատ սուր յայտարարութիւններ անել»,- նկատել է նա։

Յիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, թէ Կիեւին ՌԴ խորքին ամերիկեան զէնքով հարւածելու թոյլտւութիւն տալը, եթէ իսկապէս այդպէս է, լարւածութեան նոր ալիք է նշանաւորելու եւ ցոյց է տալիս Վաշինգտոնի ներգրաււածութեան մակարդակը Ուկրաինայի հակամարտութեանը։ «Եթէ այդ որոշումն իսկապէս ձեւակերպւել է եւ հասցւել Կիեւի ռեժիմին, դա լարւածութեան որակապէս նոր ալիք է եւ որակապէս նոր իրավիճակ այս հակամարտութեանը Միացեալ Նահանգների ներգրաււածութեան տեսակէտից»,- ասել է նա։

Պատասխանելով Վաշինգտոնի այս որոշման վերաբերեալ Մոսկւայի արձագանգի մասին հարցին՝ Պեսկովը յիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խօսքերը Սանկտ Պետերբուրգի սեպտեմբերեան մշակութային համաժողովում։

«Այդ առաջադրանքները, ըստ էութեան, կարող են կատարել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խօսքը ոչ թէ այն մասին է, որպէսզի որոշում ընդունւի՝ ՆԱՏՕ երկրները ուղիղ մասնակցո՞ւմ են ռազմական հակամարտութեանը, թէ՞ ոչ։ Եթէ այդ որոշումն ընդունւի, դա կը նշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ-ի երկրների՝ ԱՄՆ-ի, եւրոպական երկրների ուղիղ մասնակցութիւն Ուկրաինայի պատերազմին»,- այն ժամանակ ասել էր Պուտինը։

Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button