Մենք չենք պարտւել…

ԼՈՒՍՆԻԷ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Ես գիտեմ, թէ ինչ է դաւաճանւած լինելու զգացողութիւնը։ Գիտեմ ինչպէս է ցաւում, երբ թիկունքդ պարպւում է։ Բայց գիտե՞ս ինչ…Դա ինձ չի վհատում, թեւաթափ չի անում, ընդհակառակը` դա ինձ կոփում է, դարձնում աւելի վճռակամ։
Ես տեսել եմ ինչպէս է ընկնում զինակից ընկերս, ես ապրել եմ այդ անասելի, անմարդկային ցաւը։ Տեսել եմ, թէ ինչպէս է յանկարծ լռում հրետանին, ինչպէս է թիկունքդ դատարկւում, խամրում յոյսդ։ Բայց ես չեմ յանձնւել, չեմ ընկրկել, չեմ խարխափել։ Որովհետեւ եթէ ես յանձնւեմ, ընկերկեմ ու խարխափեմ, ապա ընկած տղերքը կը դառնան լոկ թւեր… մէկ, հարիւր, հազար, հինգ հազար… Ոչինչ չասող, ոչինչ չյուշող թւեր միայն, իսկ մեր կռիւը՝ մոռացւած, եւ պայքարի կամքը` անէացած։
Ես չեմ ծնկի, կը մնամ կանգնած` ատամներս սեղմած ու կորստի վշտի ճիչը խեղդած։ Իմ փոխարէն կը գոռայ վրէժը, կը շառաչի կորցրածը ետ բերելու անմար ցանկութիւնը։ Ես չեմ խնդրի, որ հաւատան ինձ։ Ես արդէն փաստել եմ, որ ինձ հաւատալ է պէտք` անվերապահ հաւատքով։ Ես դա փաստել եմ այն հողին, որին խառնել եմ արիւնս։ Ու թող նրանք գնան ու դաւաճանեն, թող սողան թշնամու առջեւ, թող ողորմութիւն խնդրեն նրանից` սեփական անպէտք գոյութիւնը քարշ տալու համար։ Դա իրենցն է։ Իրենց ստոր էութիւնը, չգոյ եսը։
Բայց ես գիտեմ, թէ ով եմ ես։ Ես զինւոր եմ։ Ես չեմ կռւել իշխանութեան համար, ես կռւել եմ՝ հողի, ազգի ու արժանապատւութեան համար։ Եւ երբ մի օր պատմեն, թէ ինչպէս մեզ խաբեցին, դաւաճանեցին ու հարւածեցին թիկունքից թող նաեւ ասեն, որ մենք չընկրկեցինք, չնահանջեցինք, չվախեցանք ու չվաճառւեցինք։ Ես դաւաճանւած եմ, բայց ոչ պարտւած։ Որովհետեւ դաւաճանելը նեռինն է, իսկ հաւատը՝ Աստծունը։ Եւ քանի դեռ Աստւած ինձ հետ է, ես կը մնամ հայրենիքի կամաւոր զինւոր։
«Կամաւորական շարժում» ՀԿ ՖԲ էջ






