Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աննա Գրիգորեան. «Ալիեւը բոնուս է տւել Փաշինեանին՝ ընտրութիւններից առաջ հայ ժողովրդի վրայ խաղաղութիւն բառը վաճառելու համար»

Որեւէ մեկը խաղաղութեանը դէմ չէ, մենք պարզապէս դէմ ենք փաշինեանական խաղաղութեանը. այդպիսի խաղաղութիւն է հիմա Արցախում. 168TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի այն յայտարարութեանը, որ Հայաստանի լինելիութեան միակ երաշխիքը խաղաղութիւնն է։

«Դուք նոյնիսկ խաղաղութեան նման լաւագոյն բառն էք այլասերել, ձեր բերած խաղաղութիւնը խաղաղութեան տեսք չի ստանում, ուստի հիմա որպէս խաղաղութեան թուղթ ներկայացւողն ընդամէնն ադրբեջանական պարտադրանքների արտացոլումն է. ամէն ինչ յանուն զիջումների է, որոնց Հայաստանը գնացել է, եւ դեռ Ադրբեջանը շարունակում է հայկական կողմին հաթաթա տալ»,- ասաց Աննա Գրիգորեանը։

Նրա խօսքով՝ այն, ինչը ներկայացւում է՝ որպէս Խաղաղութեան պայմանագրի համաձայնեցւած տեքստ, ընդամէնը ծառայելու է փաշինեանական իշխանութեան համար որպէս ապագայ ընտրութիւններին մասնակցելու քարոզչական միջոց։

«Սա խաղաղութեան իլիւզիայի վաճառք է մեր ժողովրդին, Ալիեւի կողմից բոնուս՝ տրւած Նիկոլ Փաշինեանին, որպէսզի կարողանայ ընտրութիւններից առաջ խաղաղութեան պատրանք վաճառել ժողովրդին եւ կարողանայ վերարտադրւել։ Ասելու են՝ եթէ ուզում էք խաղաղութիւն, ապա դա բերելու է այս թուղթը, իսկ եթէ ուզում էք այս թուղթը լինի, ապա պէտք է գնաք Սահմանադրութեան փոփոխութեան։

Սա Ալիեւի կողմից Նիկոլ Փաշինեանին տրւած բոնուսն է, որովհետեւ Փաշինեանը, բացի աւերածութիւններից, տարածքների յանձնումից, կոռուպցիայից՝ այլ բան չունի հանրութեանը ցոյց տալու»,- ասաց Աննա Գրիգորեանը՝ ընդգծելով՝ ընդդիմութեան եւ ազգային ուժերի խնդիրն է՝ ժողովրդին բացատրել, որ այդ թուղթը խաղաղութիւն չի բերելու։

Related Articles

Back to top button