Սփիւռք

Հայ իրաւական կենտրոնը մասնակցել է ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի յանձնաժողովի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ անցկացրել կից ձեռնարկ

«ԱԼԻՔ» – Հայ Դատի համակարգում գործող Հայ իրաւական կենտրոնը (Armenian Legal Center) ակտիւօրէն մասնակցել է Նիւ Եօրքում անցկացւող Կանանց կարգավիճակի յանձնաժողովի 69-րդ նստաշրջանին` բարձրաձայնելով հակամարտային գօտիներում հայ կանանց պայքարի մասին, եւ պահանջելով կոնկրետ գործողութիւններ նրանց պաշտպանութեան ուղղութեամբ:

Հայ Օգնութեան միութեան հետ միասին, Հայ իրաւական կենտրոնը մարտի 12-ին, ՄԱԿ-ի Եկեղեցու կենտրոնում (CCUN) կազմակերպել էր կից ձեռնարկ «Տոկունութիւն եւ վերականգնում. կանանց դերը հակամարտային գօտիներում եւ առողջապահական պաշտպանութիւն» խորագրով:

Միջոցառումը համախմբել էր փորձագէտների, մարդու իրաւունքների պաշտպանների՝ քննարկելու Հայաստանում, Արցախում, Սիրիայում, Լիբանանում եւ Երուսաղէմում կանանց դիմագրաւած մարտահրաւէրներն ու փորձելու գտնել լուծումներ։ Խնդրին վերաբերող տարբեր թեմաներով ելոյթներ են ունեցել Արուսեակ Մելքոնեանը, Թերեզա Երիմեանը, Լորկի Լիպարիտեանը, Գէորգ Յակոբջեանը, Նայիրի Տէրտէրեանը։

Հայ իրաւական կենտրոնի ներկայացուցիչ Գէորգ Յակոբջեանը, մասնակցել է մէկ այլ քննարկման, որ կրում էր «Խօսքեր գետնից. խաղաղութեան կառուցում, գործողութիւնների անհրաժեշտութիւն կանանց համար եւ զինւած հակամարտութիւնների դէմ»։ Յակոբջեանն անդրադարձել է զինւած հակամարտութիւնների հետեւանքով տուժած կանանց իրաւունքների միջազգային պաշտպանութեան, նրանց դէմ յանցագործութիւն կատարած սուբիեկտների հաշւետւողականութեան եւ այդ նպատակներով միջազգային գործուն մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտութեանը։

Նման նախաձեռնութիւնների միջոցով Հայ իրաւական կենտրոնը վերահաստատում է իր յանձնառութիւնը բարձրացնելու իրազեկւածութիւնը եւ միջազգային հանրութիւնից պահանջելու կոնկրետ գործողութիւններ՝ պաշտպանելու հակամարտային գօտիներում գտնւող, ինչպէս նաեւ տեղահանւած հայ կանանց իրաւունքները: Վերջիններիս ձայնը միջազգային հարթակներ հասցնելով՝ Հայ իրաւական կենտրոնը շարունակում է արդարութեան եւ կայուն լուծումների կոչ անել նրանց համար, ովքեր տուժել են Արցախում, Լիբանանում, Սիրիայում եւ այլուր։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

14.03.2025թ.

Related Articles

Back to top button