Երեւանում մեկնարկել է Իրան-Հայաստան առեւտրատնտեսական համատեղ ցուցահանդէս
«ԱԼԻՔ»- Իրանի 7 ազատ առեւտրի գօտիների 60 իրանական եւ 50 հայկական ընկերութիւններ արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան եւ զբօսաշրջութեան ուղղութիւններով իրենց արտադրանքներն են ներկայացնում եռօրեայ ցուցահանդէսի շրջանակներում, որը մեկնարկել է երէկ օգոստոսի 25-ին Երեւանի Մերգելեան ցուցահանդէսների համալիրում։
Ցուցահանդէսում առանձին տաղաւարներով ներկայացւած են զբօսաշրջութեան, թեթեւ արդիւնաբերութեան, սննդի արդիւնաբերութեան, մեքենաշինութեան եւ տեքստիլ ոլորտների ընկերութիւնները։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին բացման հանդիսութեանը նշեց, որ Իրանը սկզբունքային քաղաքականութիւն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ յարաբերութիւնները: Միջոցառումը վկայում է այս ուղղութեամբ տարւող աշխատանքի մասին:
«Իրանը եւ Հայաստանը ոչ մի մակարդակում եւ ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսութեանը, մեր տարեկան առեւտրաշրջանառութիւնը կազմում է 700 մլն. դոլար, սակայն երկու երկրները նպատակ ունեն այն հասցնել մինչեւ 3 մլրդ. դոլարի»,- ընդգծեց դեսպանը։
Նրա համոզմամբ՝ ազատ գօտիների առկայութիւնը մեծ դերակատարութիւն ունի առեւտրատնտեսական յարաբերութիւնները զարգացնելու առումով, եւ ցուցահանդէսը կը նպաստի երկկողմ յարաբերութիւնների դիւերսֆիկացմանը:
Իրանի նախագահի խորհրդական, Իրանի ազատ առեւտրի գօտիների Գերագոյն խորհրդի քարտուղար Հոջաթօլլահ Աբդոլմալեքին ընդգծել է, որ սա Հայաստանում կազմակերպւած առաջին միջոցառումն է, որտեղ ներկայացւած են 7 ազատ գօտիները:
Նա ընդգծեց Իրանի ազատ գօտիների մի շարք առաւելութիւնները, որոնք են՝ զարգացւած ենթակառուցւածքների առկայութիւնը, տարբեր շուկաների հետ կապ հաստատելու հնարաւորութիւնը, մաքսային արտօնութիւնները եւ այլն: Նրա խօսքով՝ ազատ գօտիներում ներդրողներ ունեն Չինաստանից, Ռուսաստանից, Աւստրալիայից, Բելգիայից, Իրաքից, Հայաստանից, ԱՄԷ-ից։ Նրա համոզմամբ՝ Իրանի ազատ գօտիներում ներդրումներ անելը շահութաբեր է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը բացման հանդիսութեանը ընդգծել է, որ ցուցահանդէսի միջոցով հնարաւոր կը լինի նորովի բացայայտել Իրանի հնարաւորութիւնները հայ ներդրողների համար եւ Հայաստանի հնարաւորութիւնները` իրանցիների համար»։
Նախարարը յիշեցրեց, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կայ ժամանակաւոր ազատ առեւտրի համաձայնագիր, որը շուտով վերջնական տարբերակով կը ստորագրւի։