ԻրանՔաղաքական

Իրանը BRICS-ի լիիրաւ անդամ

«ԱԼԻՔ»- BRICS-ի 15-րդ գագաթաժողովը կայացել է երեքշաբթի, օգոստոսի 22-ից մինչեւ հինգշաբթի, օգոստոսի 24-ը, Հարաւաֆրիկեան Հանրապետութեան Եօհանէսբուրգի Սանդթոն ֆինանսական շրջանում։

Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին հինգշաբթի, օգոստոսի 24-ի առաւօտեան ժամանել է այս երկիր, Հարաւային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի պաշտօնական հրաւէրով՝ մասնակցելու BRICS-ի գագաթաժողովին։ Այս հանդիպմանը Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի եւ Հնդկաստանի ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախագահը յայտարարեց BRICS խմբի համաձայնութիւնը՝ Իրանի, Արգենտինայի, Սաուդական Արաբիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ Եթովպիայի միանալու վերաբերեալ։

Parstoday.ir-ի համաձայն՝ BRICS -ին անդամակցելու վերաբերեալ Իրանի յայտի հաստատումից յետոյ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռէյիսին, BRICS -ի Եօհաննէսբուրգում կայացած 15-րդ գագաթաժողովում ունեցած ելոյթում յայտարարել է. «Իրանը հովանաւորում է BRICS -ի անդամների միջեւ տնտեսական յարաբերութիւններում դոլարի կրճատումը եւ ազգային արժոյթների կիրառմանն ուղղւած քայլերը»: Նախագահը ընդգծելով, որ Իրանը պատրաստ է BRICS -ի բոլոր 5 անդամների հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցութեան, նշել է. «Վերջին շրջանում մենք ականատեսը եղանք այդ համագործակցութիւնների զարգացման: Իրանն ունի մեծ հնարաւորութիւններ եւ պատրաստ է համագործակցել քաղաքական, անվտանգութեան, տնտեսական, ֆինանսական եւ սոցիալական ոլորտներում»:

BRICS-ի ղեկավարները յայտարարել են, որ Իրանի, Սաուդական Արաբիայի, Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Եգիպտոսի, Արգենտինայի եւ Եթովպիայի անդամակցութեան յայտերն ընդունւել են եւ այդ երկրների լիիրաւ անդամակցութիւնը նախատեսւում է սկսել 2024 թւականի յունւարից։

Related Articles

Back to top button