Աշոտ Մելքոնեան. «Եթէ մենք ազգ ենք ու մեր ազգային ողբերգութիւնը պէտք է մոռացութեան տանք, ուրեմն՝ սա մի նոր ողբերգութիւն է նշանակում»
ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի տնօրէն, պատմաբան Աշոտ Մելքոնեանի խօսքով՝ անհնարին է գտնել ու ամբողջացնել Հայոց Ցեղասպանութեանը զոհ գնացած 1.5 միլիոն անմեղ զոհերի անունները, ինչպէս ՀՀ գործող իշխանութիւնն է ասում։
«Առհասարակ հնարաւոր չէ, քանի որ Ցեղասպանութիւնից յետոյ 4-5-րդ սերունդն է հիմա ապրում, գտնել, թւաքանակ պարզել, ուղղակի անհնարին է։ Ժամանակին դա հնարաւոր էր՝ Հայոց Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ, ինչը, օրինակ, արել են Եօհաննէս Լեփսիուսը կամ այլք։ Այդ ժամանակ որոշւել է, որ 1915 թւականին խօսքը վերաբերում էր 1 միլիոն 350 հազար նահատակների, իսկ 1916 թւականին ընդհանուր թիւը՝ Դեր Զորում, Ռաքայում եւ այլ վայրերում, անցել է 1.5 միլիոնից։
Օրինակ, մարդիկ ինչպէս են պատկերացնում՝ պարզել Վանի վիլայեթի կամ Էրզրումի վիլայեթի հարիւրաւոր գիւղերի բնակիչների անունները, երբ գիւղեր կան, որոնք իսպառ վերացել են, եւ որեւէ մէկը ողջ չի մնացել, որպէսզի կարողանալ վիճակագրութիւն կազմել»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Աշոտ Մելքոնեանը՝ խօսելով ՀՀ իշխանութիւնների յայտարարութիւնների մասին, թէ պէտք է անուն առ անուն ամբողջացնեն Հայոց Ցեղասպանութեան բոլոր զոհերի անունները։
Աշոտ Մելքոնեանի փոխանցմամբ՝ նոյնիսկ դժւարացել են պարզել 1915 թւականի ապրիլի 24-25-ի ձերբակալւած մտաւորականների թւաքանակը։
«Յիշողութիւններով, մէկի, միւսի պատմելով՝ շրջանառութեան մէջ էինք դրել 600 մտաւորականի տւեալներ, որը դարձել էր դասակարգային ճշմարտութիւն։ Բայց թուրքական պատմագիտական ընկերութեան նախագահ Իւսուֆ Հալաչօղլուն թիւ հրապարակեց՝ յղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարարութեանը, որ այդ գիշեր ձերբակալվել է ոչ թէ՝ 600, այլ՝ 2345 հայ մտաւորական եւ ազգային գործիչ։ Ինչո՞ւ, ցոյց տալու համար, որ այդքան մարդ նախապատրաստում էին հայերի ապստամբութիւն Օսմանեան կայսրութեան դէմ, դրա համար նրանք ճարահատեալ իբր դիմեցին ձերբակալութեան։ Ուրեմն՝ եթէ հնարաւոր չի եղել ճշտել մտաւորականների թիւը յիշողութիւններով, թիւը կարող են ճշտել թուրքական արխիւների հիման վրայ, ինչը, բնականաբար, մեզ մատչելի չէ։ Մարդիկ ինչպէս են մտածում 1.5 միլիոն մարդու անուն գտնել ու տեղաւորել ցուցակում՝ հականէ-անւանէ։ Կարծում եմ՝ սա անհնարին բան է, գուցէ թելադրւած է նաեւ դրսից»,- շեշտեց Աշոտ Մելքոնեանը։
Պատմաբանը չբացառեց, որ այս ճանապարհով փորձում են միս ու արիւն տալ այն պատմաբանների յանձնաժողովին, որը բազմիցս առաջարկւել է Թուրքիայի կողմից, ըստ որի՝ պէտք է Հայոց Ցեղասպանութեան հարցով զբաղւի պատմաբանների խումբը, ինչը Հայաստանը մշտապէս մերժել է։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի յայտարարութեանը՝ եթէ հրեաները կարողացել են Հոլոկոստի զոհերի անուններն ամբողջացնել, ապա ինչո՞ւ Հայաստանը չի կարող, Աշոտ Մելքոնեանն ասաց՝ թող մարդիկ լաւ իմանան, որ հրեաներն այդ գործընթացը սկսել են, սակայն այդպէս էլ չեն կարողացել ընդհանուր յայտարարի գալ, քանի որ մարդիկ կան, որոնք անհետ կորել են, նրանց մասին տեղեկութիւններ չեն եղել։
Հարցին՝ հնարաւո՞ր է՝ ՀՀ իշխանութիւնն այս քայլով ցանկանում է Հայոց պատմութեան էջերից իսպառ ջնջել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ էջը, Աշոտ Մելքոնեանը պատասխանեց.
«Եթէ մենք ազգ ենք ու մեր ազգային ողբերգութիւնը պէտք է մոռացութեան տանք, ուրեմն՝ սա մի նոր ողբերգութիւն է նշանակում, որը, կարծում եմ՝ հայ ժողովուրդը թոյլ չի տայ։ Սա ամենազգայուն խնդիրն է, թող մարդիկ չհամարձակւեն մեր ազգային ողբերգութեան վրայ եւս ձեռք բարձրացնել, սա անհնարին բան է։ Կայ Սփիւռք, կայ հայ բնակչութիւն, որը յստակ գիտի, թէ ինչ է տեղի ունեցել 1915 թւականին, առհասարակ Առաջին աշխարհամարտի տարիներին եւ սկսած դեռեւս 1890-ական թւականներից, երբ 30 տարի ցեղասպան քաղաքականութեան արդիւնքում հայ ժողովուրդը զրկւել է իր պատմական հայրենիքից։ Այսինքն՝ նա ոչ միայն ֆիզիկապէս բնաջնջւել է, այլեւ զրկւել է սեփական հայրենիքից, այս իմաստով մեր ողբերգութիւնը շատ աւելի խորն ու զգայուն է»,- եզրափակեց Աշոտ Մելքոնեանը։