Լիլիթ Գալստեան. «Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսին է ՀՀ իշխանութիւնը»
«ԱԼԻՔ» – «Թշնամին իւրացնում է Արցախը՝ հեռանկարում ունենալով Հայաստանը»: Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Արցախի հայկական հետքի վերացման ադրբեջանական քաղաքականութիւնը նոր դրսեւորումներ է ստանում։ Ադրբեջանին յաջողւում է մշակութային զտման ու մշակութային ցեղասպանական իր քաղաքականութեանն ու քարոզչութեանը մասնակից դարձնել նաեւ դիւանագիտական կորպուսին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի ուղեկցութեամբ Ադրբեջանում հաւատարմագրւած դիւանագիտական կորպուսի անդամներն օրերս այցելել են օկուպացւած Դադիվանք, ուր Դադիվանքը ներկայացւել է որպէս «ադրբեջանական մշակութային ժառանգութեան օրինակ»։
Ցեղասպան եւ ագրեսոր Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման ծրագրաւորւած եւ հետեւողական պետական քաղաքականութիւն է իրականացնում։
Ալիեւի հրամանագրով անգամ համապատասխան յանձնաժողով է ստեղծւել, որը լիազօրւած է կեանքի կոչել ադրբեջանական վանդալիզմի, ոչնչացման կամ իւրացման քաղաքականութիւնը։ Օրինակները բազում են։
Յիշեցնեմ, որ վերջերս Վատիկանում լոյս տեսնող L’Osservatore Romano պարբերականում լոյս էր տեսել «Քրիստոնէութեան ակունքներն Ադրբեջանում. ալբանական առաքելական եկեղեցու հետքերով» բովանդակութեամբ մի յօդւած, ուր 13 դ. վանական համալիրներ Դադիվանքը եւ Գանձասարն անվերապահօրէն ներկայացւում էին որպէս «Ադրբեջանի տարածքում գտնւող ալբանական մշակոյթի եւ ալբանական եկեղեցու խոշորագոյն դրսեւորումներ», իսկ «Ադրբեջանը՝ քրիստոնէութեան օրրան»։
Այսպիսի ողբերգական փաստի առաջ ենք կանգնած, որովհետեւ ապրում ենք բացակայ պետութեան պայմաններում, որի «ղեկավարները» հակադրում են ազգայինն ու պետականը, Հայրենիքն ու Պետութիւնը։ Նրանք մեր Հայրենիք Արցախը պարզապէս տւել են թշնամուն, ու թշնամին ինտենսիւօրէն իւրացնում է այն՝ հեռանկարում ունենալով Հայաստանը։
Հայաստանը մեթոդաբար ապաոգեղենացնում են, կեղծ օրակարգերով մեզ դարձնում սպառող, անյիշողութիւն, անինքնութիւն, անարմատ ու անհայրնիք մի զանգւած, որին թէ՛ կառավարելն է հեշտ, թէ՛ աննշաձող պահանջները բաւարարելը։
Իսկ մեր հասարակութիւնը շարունակում է չգիտակցել ողբերգութեան եւ աղէտի մասշտաբը… յաջորդ հանգրւանը Հայաստանն է։
Հայկական մշակոյթի իւրացումը կամ ոչնչացումն Ադրբեջանում պետական քաղաքականութեան առաջնահերթութիւն է։
Ադրբեջանի պետական սիմֆոնիկ օրկեստրի եւ ազգային երգչախմբի երգացանկում «Էրիւանի թուրքական Հանրապետութեան» հիմնն է, եւ այն համերգային կատարումներ է ունենում…:
Ի դէպ, վերջերս պաշտօնական հարցում էի ուղարկել կառավարութեանը՝ ակնկալելով պատասխաններ ստանալ, թէ ՀՀ կառավարութեան կողմից ինչ քաղաքականութիւն կամ ծրագիր է մշակւել՝ հակազդելու Արցախում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղւած ադրբեջանական քաղաքականութեանը։
Ստացել եմ հրապարակման ոչ ենթակայ, «գաղտնի» մակագրութեամբ մի պատասխան ոչնչի մասին՝ կառավարութեան ծրագրային եւ ռազմավարական նպատակադրումներից ցիտատներով լեցուն…
Այդպէս էլ չհասկացայ, թէ վերջինիս գաղտնիութիւնն ինչո՞ւմ էր։
Հայրենազրկման ճանապարհին ենք, քանի դեռ այսպիսինն է ՀՀ իշխանութիւնը»,- գրել է Լիլիթ Գալտսեանը։