Թրքախօսների գագաթնաժողովից Էրդողանի յստակ ուղերձը՝ Փաշինեանին
Դոկտ. Ահմադ Քազեմին զգուշացնում է Փաշինեանի հնարաւոր հերթական սխալի մասին. ««Թուրանական միջանցք»-ին համաձայնելը լինելու է Փաշինեանի այն անուղղելի սխալը, ինչը հիմք կը դառնայ հայերի երրորդ էթնիկ զտումների՝ այս անգամ պատմական Հայաստանում»
«ԱԼԻՔ» – Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այսպէս կոչւած, թրքախօս պետութիւնների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովին, երբ բացարձակ լռութիւն պահպանեցին սիոնիստական ռեժիմին անհրաժեշտ նաւթի՝ շուրջ եօթանասուն տոկոսի մատակարարման հետ կապւած, որը հիմնականում Բաքւի եւ Ղազախստանի համատեղ արտադրանքն է եւ Թուրքիայի Ջէյհան նաւահանգիստ է փոխանցւում Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղով, ունէր նաեւ այլ ենթատեքստ:
Դոկտ. Ահմադ Քազեմին արձանագրելով, որ կատարւածը պէտք է բնութագրել, որպէս Պաղեստինի ժողովրդի դէմ իրականացւող ցեղասպանութեանը մասնակցութեան փաստ յաւելել է, որ Թուրքիայի նախագահի յայտարարութիւններն Աստանայի գագաթնաժողովում ուղղւած էր նաեւ Հայաստանին՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը Նախիջեւանի հետ կապելու Երեւանի պարտաւորութիւնները յիշեցնելով: «Սա յստակ ուղերձ էր ուղղւած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Փաշինեանի հնարաւոր սխալը՝ միջանցքը Բաքւին եւ Անկարային ցանկացած խաբուսիկ անւան տակ, ինչպիսին տարանցիկ ճանապարհն ու կոմիւնիկացիաների բացումն է, հիմք կը դառնայ հայերի երրորդ էթնիկ զտումների համար, այս անգամ՝ հէնց Հայաստանում»։
Միջազգային եւ եւրասիական իրաւական հարցերով աւագ գիտաշխատողն անդրադառնալով այն փաստին, որ չնայած քիչ հաւանական է, որ Փաշինեանը ուսումնասիրած չլինի 1870-1915 թւականներին Օսմանեան եւ երիտթուրքերի ժամանակաշրջանում հայերի ջարդերի դէպքերը, սակայն Արցախի երրորդ պատերազմի հետեւանքով արձանագրւեց հերթական էթնիկ զտումների փաստը՝ 2023 թւականի սեպտեմբերին: «Սա կատարւեց Փաշինեանի ու նրա եւրոպացի գործընկերների աչքի առջեւ: Էթնիկ զտումներ, որի մասին հաւաքագրւող արձանագրութիւնները վկայում են, որ բացի մէկօրեայ յարձակման եւ Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած կասկածելի պայթիւնի հետեւանքով զոհերի թւից, լռութիւն է տիրում նաեւ Բաքւի բանակի կողմից աւելի քան 500 հայերի բռնաբարութեան դէպքերի, կամ մեծ թւով խաղաղ բնակիչների խոշտանգումների ենթարկւելու եւ զանգւածային սպանութիւնների մասին»,- գրել է նա:
«Փաստն այն է, որ Փաշինեանը յոյս ունէր հրաժարւելով Ղարաբաղից՝ ճանապարհ է հարթում Բաքւի եւ Անկարայի աշխարհաքաղաքական ախորժակը մեղմելու համար: Լաչինի միջանցքի եւ Ղարաբաղի Հանրապետութեան կառոյցի լուծարումը եւս պէտք է նոյն նպատակին ծառայեցւէր: Նոյն նպատակով 2023 թւականի հոկտեմբերի 3-ին, նա Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհի վեհաժողովում» ներկայացրեց «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը, որը հիմնւած է երկրների տարածքային ամբողջականութեան եւ տարանցիկ գօտիների բազմազանութեան նկատմամբ յարգանքի վրայ։ Ադրբեջանի Հանրապետութիւնից Հայաստան եւ այնտեղից դէպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն ճանապարհի գործարկումը, միաժամանակ ընդգծելով Երեւանի ինքնիշխանութիւնն ու իրաւասութիւնը, զերծ մնալով այս երկրի հարաւային մարզի նկատմամբ նկրտումներից»,- նշել է փորձագէտը յաւելելով, որ Աստանայում Էրդողանի յայտարարութիւնն արդէն այլ բան է թելադրում կողմերին:
«Անկարան ու նրա հովանաւորութիւնն ունեցող Բաքւի թայֆան, որպէս «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի գործակալներ, իրենց ծրագրերը համաձայնեցնելով Լոնդոնի հետ, գործնականում ոչ թէ նահանջել են իրենց կոչած «Զանգեզուրի միջանցք» երազանքից, այլ՝ շարունակում են առաջնորդւել Փաշինեանին մոլորեցնող ռազմավարութեամբ»,- գրել է դոկտ. Քազեմին յաւելելով, որ Էրդողանի ուղերձը պէտք է զգուշացնող լինէր Երեւանի իշխանութիւնների համար։
Աստանայի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահը խօսել է «Ադրբեջանի Հանրապետութեան» տարածքը Նախիջեւանի հետ կապելու Հայաստանի այսպէս կոչւած «պարտաւորութիւնների» մասին, ընդգծելով, որ այդ «երթուղին» թուրքական աշխարհն իրար կցող անհրաժեշտութիւն է Անկարայի համար:
Փորձագէտը գրելով, որ սա Անկարայի եւ Բաքւի վարած ծայրայեղականութեան սահմանները տեղափոխող քաղաքականութեան գագաթնակէտն է, որոնք Ղարաբաղում իրականացւած էթնիկ զտումներից եւ Լաչինի միջանցքի գաղափարը պատմութեան գիրկն ուղարկելուց յետոյ եւ, յատկապէս, 2020 թւականի Մոսկւայի համաձայնագրի ամբողջական փլուզումից յետոյ, շարունակում են խօսել միջանցք միջանցքի դիմաց գաղափարի շուրջ:
«Հայաստանի հետ «պարտաւորութիւնների» լեզւով խօսելը վկայում է Բաքւի եւ Անկարայի աշխարհաքաղաքական ցանկութիւնների անկասելիութեան մասին, յատկապէս, երբ Փաշինեանի կառավարութեան միամիտ ու լաւատեսութիւնից դրդւած մօտեցումներն են որոշում նրա քայլերը: Փաստօրէն, դէպի ԱՄՆ եւ Եւրոմիութիւն արեւելումը, Երեւանին աւելին է շահագրգռել թուլացնելու Ռուսաստանի հետ իր յարաբերութիւնները (յատկապէս Մոսկւայի Կովկասեան սխալները հաշւի առնելով), իսկ խորը ըմբռնման բացակայութիւնը՝ Թեհրանի ռազմավարական աջակցութեան կարեւորութեան շուրջ, որով նաեւ Հայաստանի ինքնիշխանութիւնն է երաշխաւորւում կովկասեան տարածաշրջանում, հանդիսանում են Ալիեւ-Էրդողան երեւոյթի նկրտումների հիմնական խթանը «Զանգեզորի կեղծ միջանցք»-ի պատրանքին հետամուտ լինելու համար, ինչը «Տրոյական ձիու հնարքով» է առաջ մղւում արդէն»,- զգուշացրել է Քազեմին:
Փորձագէտը յաւելել է, որ Փաշինեանի կառավարութեան համար դժւար չէ երեւի հասկանալը, որ Բաքւի ու Անկարայի դիմաց նահանջից յետոյ «Խաղաղութեան խաչմերուկ»-ի հարցը բնական է, որ մերժւելու էր հէնց թրքախօս պետութիւնների գագաթնաժողովում, ինչը եւս խորհրդանշական քայլ էր:
«Եթէ Փաշինեանը շահագրգռւած է Հայաստանը հանելով մեկուսացումից այն մասնակից դարձնել տարածաշրջանային նախագծերին, ապա դրա անվնաս ճանապարհն անցնում է «Հիւսիս-Հարաւ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջանցքներին լուրջ մասնակցութիւն ցուցաբերելով, ինչպէս նաեւ Իրանի «Արաքսի աւտոմայրուղի» նախագծին գործնական համագործակցութիւն ցուցաբերելով: Իհարկէ՝ առանց Բաքւին ուղղւած սխալ պատգամներով ու նշաններով»,- եզրակացրել է դոկտ. Քազեմին: