Հայաստանը գաղտնի հակառուսական նոր բանաձեւի՞ է միացել
Ես ուզում եմ հասկանալ ՀՀ իշխանութիւնները միացե՞լ են ուկրաինական «Խաղաղութեան բանաձեւ»-ին, որով պատրաստւում են Լահէի միջազգային դատարանում դատել ՌԴ նախագահին. այս մասին «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանը։
Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանը մեկնել էր Մալթա, որտեղ Հայաստանն առաջին անգամ մասնակցում էր Ուկրաինայի առաջարկած «Խաղաղութեան բանաձեւ»-ի շուրջ քննարկումներին։ Երկօրեայ համաժողովը կազմակերպւել է Կիեւի նախաձեռնութեամբ եւ ուկրաինական կողմը պահանջում է յատուկ տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի իշխանութիւններին դատելու համար։
Հայաստանի մասնակցութիւնը այդ համաժողովին լուրջ քննադատութեան արժանացաւ դաշնակից Ռուսաստանի կողմից։ Մոսկւան «ցուցադրական հակառուսական ժեստ» որակեց Հայաստանի մասնակցութիւնը Մալթայի համաժողովին ու նշեց, որ Երեւանում պէտք է իրենց հաշիւ տան, որ ակտիւ սիրախաղ են անում նրանց հետ, ովքեր ագրեսիւ հակամարտութեան մէջ են Ռուսաստանի հետ»։
Բենիամին Մատթէոսեանը նկատում է, որ հայկական կողմը, երբ հաղորդագրութիւն էր տարածել այդ հանդիպման մասին, պարզապէս նշել էր, որ քննարկւել են հայ-ուկրաինական յարաբերութիւնները, մինչդեռ ուկրաինական կողմի հաղորդագրութիւնն այլ մանրամասներ էր պարունակում, որտեղ յատուկ ընդգծւած էր, որ Հայաստանը միացել է ուկրաինական «Խաղաղութեան բանաձեւ»-ին։
Կիեւի բերած «Խաղաղութեան բանաձեւ»-ը ենթադրում է յատուկ տրիբունալի ստեղծելում՝ Ռուսաստանի իշխանութիւններին դատելու համար։
Բենիամին Մատթէոսեանը, հաշւի առնելով Ռուսաստանի արձագանգը, ենթադրում է, որ Հայաստանը Մալթայի համաժողովին մասնակցելով հաստատել է, որ միանում է ուկրաինական ֆորմուլային, որը պատրաստւում է Լահէի միջազգային դատարանում դատել ՌԴ նախագահին։
Ալէն Սիմոնեանը հայ-ուկրաինական սիրախաղը արդարացնելու համար գրառում էր կատարել, ասելով, թէ Ռուսաստանն էլ Հայաստանի հետ ակտիւ պատերազմական վիճակում գտնւող Ադրբեջանին միլիարդաւոր դոլարների զէնք է վաճառել։
Բենիամին Մատթէոսեանը անդրդադառնալով Սիմոնեանի այս յայտարարութեանը նշում է՝ Ռուսաստանը միշտ փորձել է պահպանել ռազմավարական բալանսը, Հայաստանին նոյնիսկ անվճար զէնքեր է տրամադրել։
«ՀՀ իշխանութիւնները կարող են տարբեր երեւոյթների մասին տարբեր գնահատականներ տալ, մանիպուլացիաներ իրականացնել, բայց այն քաղաքականութիւնը, որը վարում է Փաշինեանի կառավարութիւնը, մեզ թշնամացնելու է Ռուսաստանի հետ»,- ասաց քաղաքագէտն ու հարց ուղղեց՝ ո՞վ է աւելի շատ տուժելու հայ-ռուսական թշնամանքից։
«Ենթադրենք Հայաստանը լիարժէք դուրս է գալիս ռուսական ազդեցութեան գօտուց ու մտնում թուրքական ազդեցութեան գօտի, քանի որ արեւմուտքն այստեղ մտնելու հնարաւորութիւն չունի, ո՞վ է դրանից տուժելու։ Ռուսաստանը, եթէ այս տարածաշրջանում պարտւի, ընդամէնը դիրքեր է կորցնելու, եթէ մենք հանենք ՌԴ-ին այստեղից ու մտնենք թուրքական ազդեցութեան գօտի, պարզապէս կոչնչանանք»,- ասաց Բենիամին Մատթէոսեանը։
Ալէն Սիմոնեանը յայտարարեց, թէ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը մշտապէս գոյաբանական կախւածութիւն ունենայ իրենցից։
Քաղաքագէտը այս յայտարարութիւնը մանիպուլիացիա է համարում ու յիշեցնում, որ այդ նոյն իշխանութիւնները յայտարարում էին, թէ զէնք չենք կարողանում բերել այլ տեղերից, որովհետեւ ՀԱՊԿ անդամ ենք եւ դա մեզ խանգարում է։
«Մենք Ֆրանսիայի հետ զէնք ստանալու հետ կապւած պայմանագիր կնքեցինք, ՀԱՊԿ-ից բացասական արձագանգ եղե՞լ է, կամ Հայաստանին հեռացրե՞լ են կառոյցից, ոչ»,-ընդգծում է քաղաքագէտը։
Քաղաքագէտը նաեւ յիշեցրեց, որ նախկին ղեկավարների օրօք Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցութեան բազմաթիւ ծրագրեր է ունեցել, նոյնիսկ մեր ԶՈՒ զինատեսակները արդիականացրել ենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների շնորհիւ, սակայն Ռուսաստանը երբեք չի միջամտել ու կոշտ արձագանգ չի հնչեցրել։
Հայ-ռուսական յարաբերութիւնները փչացնելով, կամ թշնամանքի հասցնել ո՞ւմ պատւէրն են կատարում օրւայ իշխանութիւնները՝ բարդ չէ ենթադրել։