Ցրտից մկանային կծկումներն օգտակար են

Մի քանի շերտ հագուստով, տաք գլխարկով, ձեռնոցով ու շարֆով անգամ մենք այնուամենայնիւ ամենացուրտ եւ քամոտ օրը կարող ենք մրսել։ Իսկ ո՞րն է խնդիրը. մի՞թէ բաւականաչափ տաք հագնւած չենք, թէ՞ այդ ակամայ մկանային կծկումները կարող են աւելի լուրջ բանի նշան լինել։ Փորձագէտները պատասխանել են այդ հարցերին գիտական տեսանկիւնից, գրում է Popular Science-ը։
Ըստ Ֆինիքսի ընտանեկան բժիշկ, բժշկուհի Նատաշա Բհոյանի՝ դողը մարմնի ջերմութիւն արտադրելու միջոց է, երբ մենք մրսում ենք։ Դա տեղի է ունենում մկանների կծկումների միջոցով. դողը կարող է զգալիօրէն արագացնել նիւթափոխանակութիւնը, ինչը կարող է յանգեցնել աւելի արագ հոգնածութեան։ Պարզ ասած՝ դա մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու կամ պահպանելու իսկապէս արդիւնաւէտ միջոց է, բայց հսկայական քանակութեամբ էներգիա է պահանջում։
Ինչպէս փռշտոցը կամ «փշաքաղւելը», դողը ինքնաբերական երեւոյթ է։ Ըստ բժշկուհի Ռոմինա Սիֆուենտեսի՝ դողն իրականում օրգանիզմի պաշտպանիչ արձագանքն է, որը նախատեսւած է մարմնի յարմարաւէտ ջերմաստիճանը պահպանելու համար։ Հիպոթալամուսը, ինչպէս յայտնի է, զգում է մարմնի ներքին ջերմաստիճանի նոյնիսկ աննշան անկումը եւ դրա համար էլ արագացնում է մկանների ակտիւութիւնը՝ կայունութիւնը պահպանելու համար։
Այսպիսով, դողը օրգանզիմի առողջ եւ լիովին բնական արձագանքն է ցրտին։ Աւելին, դա իւրատեսակ ներկառուցւած ջերմակարգաւորիչ է, որը նախատեսւած է կեանքին սպառնացող հիպոթերմիայից՝ մարմնի արհեստական սառեցումից մեզ պաշտպանելու համար։
Ըստ Սիֆուենտեսի՝ մարդկանց մեծ մասը սկսում է դողալ, երբ մարմնի ջերմաստիճանը իջնում է նորմայից ցածր։ Նշենք, որ նորմալ ջերմաստիճանը կարող է տարբեր լինել՝ կախւած մեր օրգանիզմի տեսակից՝ միջինը 36,1-ից մինչեւ 37,2 աստիճան ըստ Ցելսիուսի։
Փորձագէտները նշում են, որ մարմնի նորմալ ջերմաստիճանը կախւած է մի շարք գործօններից, դրանց թւում՝ տարիքից, մարմնի ճարպի մակարդակից, առողջական վիճակից եւ օրգանիզմի՝ ցրտին յարմարւելու ունակութիւնից։
Մարդկանց մեծ մասը դողում է, երբ մրսում է, բայց դա դողի առաջացման միակ պատճառը չէ։ «Խփիր կամ փախիր» արձագանքը նոյնպէս կարող է մեզ ստիպել դողացնել։ Անհանգստութեան կամ երկիւղածութեան զգացողութիւնները եւս ի վիճակի են դող առաջացնել։
Սակայն փորձագէտները նշում են, որ հիւանդութիւնը եւս կարող է դող առաջացնել։ Օրինակ՝ տենդի հետ կապւած դողը նշանակում է, որ օրգանիզմը փորձում է բարձրացնել իր սահմանւած ջերմաստիճանը՝ ըստ էութեան՝ իր ներքին ջերմակարգաւորիչը՝ վարակի դէմ պայքարելու համար:
News.am



