Այլ

Թէոբրոմինի միացութիւնը շոկոլադի մէջ կարող է երկարացնել կեանքը

Լոնդոնի Թագաւորական կոլէջի գիտնականները պարզել են, որ թէոբրոմինը բնական միացութիւն է, որը մուգ շոկոլադին դառը համ է տալիս, այն կարող է դանդաղեցնել ծերացումը մոլեկուլիար մակարդակում։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Aging ամսագրում։

Թէոբրոմինը պատկանում է այն նիւթերի ընտանիքին, որտեղ ներառւած են կոֆէինը եւ թէոֆիլինը։ Մարդու օրգանիզմում այն գործում է որպէս փափուկ խթանիչ՝ բարձրացնելով զգօնութիւնն առանց նեարդայնութեան։ Կակաոյում թէոֆիլինի խտութիւնը յատկապէս բարձր է։

Գիտնականները վաղուց ենթադրում էին, որ բուսական միացութիւնները կարող են փոխել գեների ակտիւութիւնը ԴՆԹ-ի վրայ էպիգենետիկ նշանների միջոցով, որոնք տարիքի հետ  փոփոխւում են։ Այս տեսութիւնը հաստատելու համար թիմը վերլուծել է 509 կանանց տւեալները TwinsUK հետազօտութիւնից եւ 1160 մասնակիցների տւեալները KORA կոհորտայից Գերմանիայում։ Գիտնականները համեմատել են մասնակիցների արեան մէջ տարբեր մետաբոլիտների մակարդակները եւ գնահատել ԴՆԹ մեթիլաւորումը՝ գեների ակտիւութեան փոփոխութիւնները։

Արդիւնքները ցոյց են տւել՝ թէոբրոմինի աւելի բարձր մակարդակը օրգանիզմում կապւած է «էպիգենետիկ ծերացման» դանդաղման հետ, որը չափւում է GrimAge եւ DNAmTL յատուկ թեստերով։ Այս եզրակացութիւնները համաձայնեցւում են կենդանիների վրայ կատարւած փորձերի հետ. C. elegans-ների (կլոր որդերի) մօտ թէոբրոմինը երկարացրել է կեանքը, բարելաւել լիպիդային պրոֆիլը, արեան ճնշումը եւ կոգնիտիւ գործառոյթները։

Հեղինակները նշել են, որ թէոբրոմինի ազդեցութիւնը կարող է մասամբ կապւած լինել կակաոյի այլ բաղադրիչների, ինչպիսիք են պոլիֆենոլները, ինչպէս նաեւ մասնակիցների կենսակերպի հետ։ Միացութեան օգտակար ազդեցութիւնը յատկապէս նկատելի էր ծխողների մօտ, ինչը ենթադրում է, որ թէոբրոմինը կարող է չէզոքացնել նիկոտինի պատճառած էպիգենետիկ վնասը։

«Յաջորդ քայլը հասկանալն է, թէ արդեօք թէոբրոմինը գործում է ինքնուրոյն, թէ այլ նիւթերի հետ համատեղ»,- նշել է հետազօտութեան առաջատար հեղինակ Ռամի Սաադը։

News.am

Related Articles

Back to top button