Այլ

Լեարդում LSECtin սպիտակուցի ակտիւացումը պաշտպանում է ցիռոզից

Լեարդում LSECtin սպիտակուցի արտադրութեան խթանումը գործում է որպէս իմունային «անջատիչ», որը դանդաղեցնում է ցիռոզի զարգացումը: Նման եզրակացութեան են հանգել Իսպանիայի Միգել Հերնանդեսի համալսարանի գիտնականները: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Լեարդի հետազօտութեան եւրոպական ասոցիացիայի (EASL) հանդէսում:

Ցիռոզն ուղեկցւում է խրոնիկական բորբոքմամբ, որն արագացնում է լեարդի հիւսւածքի քայքայումը: Գիտնականները պարզել են, որ LSECtin արտադրութեան նւազումը կապւած է Th17 բջիջների արագ աճի հետ՝ լիմֆոցիտների ագրեսիւ տեսակ, որը սրում է լեարդի վնասումը: Բուժառուի հիւսւածքների վերլուծութիւնը հաստատել է, որ LSECtin-ի կորուստը ցիռոզի բնորոշ առանձնայատկութիւն է:

Ստուգելու համար, թէ արդեօք կարելի է ուժեղացնել այս պաշտպանիչ մեխանիզմները, հետազօտողներն օգտագործել են լաբորատոր մկներ, որոնց մօտ LSECtin-ը արհեստականօրէն աւելացւել էր: Լրացուցիչ սպիտակուցի արտադրութիւնը նւազեցրել է բորբոքումը եւ պաշտպանել լեարդի հիւսւածքը, ինչը մատնանշում է, որ դրա մակարդակի վերականգնումը կարող է օգտակար լինել:

Հիմնական յայտնագործութիւններից մէկն այն էր, որ LSECtin-ը գործում է LAG-3 ընկալիչի միջոցով. մոլեկուլ է, որը կարգաւորում է իմունային պատասխանները եւ աճող հետաքրքրութիւն է առաջացնում դեղագործական ընկերութիւնների շրջանում: LSECtin-ի եւ LAG-3-ի փոխազդեցութիւնը կանխում է Th17 բջիջների բազմացումը՝ միաժամանակ խթանելով բորբոքումը նւազեցնող կարգաւորիչ իմունային բջիջների զարգացումը։

Գիտնականները յոյս ունեն, որ այս նոր յայտնագործութիւնները կը հարթեն LSECtin-ի ազդեցութիւնն ընդօրինակող դեղամիջոցների մշակման ուղին: Նման մօտեցումը կարող է օգնել վերահսկելու բորբոքումը ցիռոզի տարբեր փուլերում եւ դանդաղեցնել հիւանդութեան զարգացումը:

News.am

Related Articles

Back to top button