Վարուժան Գեղամեան. Տարածաշրջանում հակամարտութիւնները սրւում են ու պատերազմի հաւանականութիւնը բարձրանում

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամեան իր ալիքում գրում է.
«Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի խորհրդարանը վաւերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգութեան փոխադարձ ամրապնդման յուշագիրը։ Դրանով կողմերը պարտաւորւում են փոխադարձ օգնութիւն ցուցաբերել միմեանց ագրեսիայի դէպքում։
Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը օրերս ներկայացրել է «Թուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը։ Անձամբ նախագահ Էրդողանի հովանու ներքոյ պատրաստւած այս փաստաթուղթը Թուրքիայի կողմից տարածաշրջանում նոր «Թուրան» ձեւաւորւելու գործողութիւնների պլանն է, այլ բառերով՝ արդիականացւած պանթուրքիզմը։
Թուրքիան պայմանաւորւել է Թուրքմենստանի հետ՝ Անդր-կասպեան գազատար (Trans-Caspian Pipeline) կառուցելու հարցում։ Այն նախատեսում է Ռուսաստանին ու Իրանին այլընտրանքային ուղիներով (այսինքն՝ Կովկասով) գազ մատակարարել Կենտրոնական Ասիայից դէպի Եւրոպա, ինչին լիարժէք աջակցում են Արեւմտեան գործընկերները եւ ինչն իր հերթին նշանակում է մեր տարածաշրջանում լարւածութեան նոր աճ։
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը նորից խօսում է «Արեւմտեան Ադրբեջանի» մասին՝ փաստացի ներկայացնելով «ադրբեջանցիների վերադարձ» ծաւալապաշտութիւնը որպէս Հայաստանի առջեւ դրւած նոր նախապայման։
The Economist պարբերականը ներկայացրել է աշխարհի այն 7 հակամարտութիւնները, որոնք եկող տարի՝ 2026 թ. թեժանալու են։ Դրանց շարքում է, «անսպասելիօրէն», Հայաստան-Ադրբեջան հակամարտութիւնը1
Այսօրւայ (դեկտեմբերի 17-ին, ԽՄԲ.) համար ընտրել եմ միայն այս 5 լուրը։ Ու միայն այս լուրերը կարդալով ու նոյնիսկ մասնագէտ չլինելով՝ հեշտութեամբ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանում հակամարտութիւնները սրւում են ու պատերազմի հաւանականութիւնը բարձրանում։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը դէ ֆակտօ կառավարող խմբաւորումը։ Ճիշտ է, կրճատում է զինծառայութեան ժամկէտը ու յարձակւում եկեղեցիների ու հոգեւորականների վրայ՝ այդպիսով նպաստելով մեր թուլացմանն ու մեծացնելով պատերազմի հաւանականութիւնը»։



