ՄիջազգայինՔաղաքական

Կարէն Յովհաննիսեան. «Թուրքիա-Իսրայէլ տանդեմի քայլերը տանում են դէպի իրանի դէմ ռազմական գործողութիւնների»

«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծւած նոր իրադարձութեան ֆոնին Թուրքիա-Իսրայէլ տանդեմի քայլերին: Նա ահազանգել է, որ դրանք տանում են դէպի Իրանի դէմ ռազմական գործողութիւնների:

«Այն, որ 2020 թւականի 44-օրեայ պատերազմից յետոյ, կամ ռազմական ակտիւ գործողութիւնների դադարից յետոյ նոր ռազմական գործողութիւնների վտանգը չի չէզոքացւել, դա մշտապէս բարձրաձայնել եմ։ Այն, որ Բաքւի բռնապետն անընդհատ սուր է ճօճում գլխներիս այս, կամ այն հարցի լուծումը ստանալու համար, դա էլ է փաստ։ Ժամանակ առ ժամանակ նոր ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգը մեծացել է, նւազել է՝ կախւած ինչպէս մեր վարած քաղաքականութիւնից, այնպէս էլ աշխարհաքաղաքական իրավիճակից։

Հիմա Մերձաւոր Արեւելքում դէպքերն այնպէս են զարգացել, որ պէտք է Իրանին ներքաշեն պատերազմի մէջ։ Այո, այժմ Թուրքիա-Իսրայել տանդեմի բոլոր գործողութիւնները տանում են դէպի Իրանի դէմ ռազմական ակտիւ գործողութիւնների։ Որքան էլ Թուրքիան ցոյց տայ, թէ Իսրայէլի հետ թշնամի է, միեւնոյն է, իրենց գործողութիւնները մէկը միւսին լրացնող են։ Վերադառնանք մեր տարածաշրջան։ Իրանի դէմ հնարաւոր ռազմական գործողութիւնների սկսման դէպքում չի բացառւում, որ միաժամանակ նաեւ ՀՀ-ի դէմ Ադրբեջանը սկսի գործողութիւններ, նոյնիսկ հնարաւոր է, որ առանց Իրանի դէմ գործողութիւնների դա լինի։ Այսինքն, Իրանին հասցնեն մի այնպիսի իրավիճակի, որ Իրանը ոչինչ չկարողանայ անել, երբ ՀՀ-ի դէմ գործողութիւններ լինեն, չկարողանան անել, որպէսզի ինքն էլ չներքաշւի պատերազմի մէջ։ Իսրայէլը մի նոր, վտանգաւոր քայլ արեց, որը նախադէպային կարող է դառնալ ու ամէն ինչ փոխել տարածաշրջանում։ Սիրիայում նա խախտեց բոլոր տեսակի պայմանագրերն ու պայմանաւորւածութիւնները, որոնք կային 1970-ականներից, եւ իր համար սկսեց գծել նոր սահմաններ։ Ի դէպ սրանց մասին նա բացայայտ նաեւ յայտարարեց, առանց կաշկանդւելու։ Սիրիան դարձաւ Սիրիա նրա համար, որ այլեւս չունէր բանակ, որ այլեւս իրենց ոչ մի ուժ չէր ներկայացնում։ Կրկին գամ մեր տարածաշրջան։ Մեր բանակի ամէն մի մազաչափ յաջողութիւնը, վերազինումը, ուժեղացումը մէկ սանտիմետրով յետ է պահում Ադրբեջանին մեզ վրայ յարձակւելու մտքից։ Որքան ուժեղ լինի բանակը, այնքան հեռու կը լինի պատերազմը, պատահական չէ, որ Ադրբեջանը դեռ շարունակում է ակտիւօրէն զինւել ու զինւել»,- գրել է նա:

Related Articles

Back to top button