Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Պետութիւնը, որը պարտաւոր է պաշտպանել պատմական, մշակութային ժառանգութիւնը, չի կարող լռութեամբ դիտարկել դրա ոչնչացումն ու իւրացումը»

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գառնիկ Դանիէլեանը գրում է.

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ օտարերկրեայ դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայութեամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի եւ ցինիկ պահւածք՝ դատարկ գրքեր ցոյց տալով եւ ծաղրելով մեր պատմութիւնը։

Արժանապատիւ, ազգային իշխանութիւնների պարագայում սրան պէտք է հետեւէր համարժէք, յստակ եւ կոշտ պատասխան։

Սա հայատեաց քաղաքականութեան հերթական դրսեւորումն է՝ ուղղւած ոչ միայն մեր մշակութային ժառանգութեան, այլեւ առհասարակ հայկական ինքնութեան դէմ։

Օկուպացւած Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները ենթարկւում են աւերման ու վերափոխման, հայկական գերեզմանոցները ոչնչացւում են, իսկ պահպանւած մշակութային ժառանգութիւնը հետեւողականօրէն փորձ է արւում ներկայացնել որպէս «աղւանական»։

Պետութիւնը, որը պարտաւոր է պաշտպանել իր ժողովրդի պատմական, մշակութային եւ ոչ նիւթական ժառանգութիւնը, չի կարող լռութեամբ դիտարկել դրա ոչնչացումն ու իւրացումը։

Աւելին՝ երբ մի պետութիւն իրականացրել է էթնիկ զտում, իսկ դրանից յետոյ էլ շարունակում է անհանդուրժողականութիւն եւ արհամարհանք դրսեւորել հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ, բնական հարց է առաջանում. հնարաւո՞ր է կայուն խաղաղութիւն կառուցել այդ պետութեան հետ։

Մի բան յստակ է. խաղաղութիւնը չի կարող կառուցւել պատմական յիշողութիւնը ջնջելու, մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու եւ ազգային արժանապատւութիւնը ոտնահարելու հաշւին։

Իսկ օրւայ իշխանութիւնների լռութիւնը ոչ թէ ճանապարհ է դէպի խաղաղութիւն, այլ սեփական ժողովրդի պատմութիւնն ու ինքնութիւնը պաշտպանելու պարտականութիւնից հրաժարում։

Թէեւ, ի՞նչ սպասել կոլաբորանտ իշխանութիւնից, որը սինխրոն է գործում թշնամու հետ՝ հալածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Այս ամէնը ձեզ չի՛ ներւելու»։

Related Articles

Back to top button